Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին մե՛նք ենք

Ապրիլ 01,2024 15:41

Մեր եկեղեցին ստեղծվել է լիքը դարեր առաջ ու լիքը մարդիկ փորձել են մեր եկեղեցիները գրավել, վերցնել, բայց մեկ ա, մենք միշտ պահպանել ենք: Ոչ մեկը չի կարողացել էդքան ուժ գործադրի, որ վերցնի:

-Ինչի՞ շնորհիվ ենք պահպանել:

Հավատքի, որ մենք մեզ հավատում էինք, որ մենք միասնական էինք:

Կարենը Արաբկիրի Հայորդյաց տան սանն է: 9-ամյա երեխան մեզ բացատրում էր, թե որն է մեր ազգի ուժը ու ինչի շնորհիվ ենք այսքան գոյատեւել:

 

Արդեն 30 տարի է՝ Հայորդյաց տներում այս երեխաներից կերտում են քաղաքացի, հայ, մարդ, որն ունի արժեհամակարգ:

Ինչպես ասաց «Արաբկիրի Հայորդյաց տան» տնօրեն Գայանե Աղաբեկյանը, 30 տարի առաջ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Պիոներ պալատները վերածնվեցին՝ որպես Հայորդյաց տներ. «Կարծում եմ, որ նման հաստատությունները, որպիսիք Հայորդյաց տներն են, շատ անհրաժեշտ են հիմա: Երեխաները պիտի հիմա հասկանան՝ ինչու են իրենք քրիստոնյա եւ ինչու պիտի պահեն մեր ազգայինը, մեր մշակույթը, դա շատ կարեւոր է մեր այս իրականության մեջ»:

Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Լիանա Առաքելյանն ասաց. «Հայորդյաց տան գործունեությունը եղել է ի սկզբանե Վեհափառ Հայրապետի տեսլականը: Երբ որ էն մութ ու ցուրտ տարիներին տեսել է, որ երեխաները անգործության են մատնված, Պիոներ պալատներն այլեւս չեն գործում, հասկացել է խորագետ Հայրապետ լինելով, որ այս երեխաների կրթությունը եւ դաստիարակությունը չապահովելով՝ վաղվա մեր ապագան եւ ինքնությունը կորստյան է դատապարտված»:

«Նոր Նորքի Հայորդյաց տան» տնօրեն Աիդա Անդրիասյանի դիտարկմամբ՝ մենք պետք է կարողանանք պահել մեր ազգային, մշակութային արժեհամակարգը. «Աշխարհին մենք հետաքրքիր ենք՝ որպես ազգ: Մենք որպես կրկնող օղակ, որպես կրկնակի կատարող օղակ, ոչ մեկին հետաքրքիր չենք: Մեր երեխաների դաստիարակության հիմքում ընկած է ազգային մտածելակերպը: Դա չի նշանակում, որ մենք այնքան պահպանողական ենք, որ այս նոր աշխարհի հետ գործ չունենք: Ընդհակառակը, մեր երեխաները մեծանում են ազատ միջավայրում, իրենք մտածում են ազատ, իրենք ստեղծագործում են ազատ, բայց իրենք գիտեն իրենց պատկանելիության մասին, իրենց ազգային կոդի մասին»:

Հայորդյաց տներում երեխաները հաճախում են կրոնի դասերի:

«Արաբկիրի Հայորդյաց տան» ուսուցչուհի Թամարա Խաչատրյանը նշեց. «Այս դասերը եթե չլինեն, երեխաները լրիվ կտրված կլինեն հոգեւոր կյանքից: Այս դասերը կարծես թե նրանց ուղղորդում են դեպի եկեղեցի, դեպի հոգեւորը, որ նրանք հասկանան, որ մարդն այս աշխարհում ոչ միայն մարմնով է ապրում, այլեւ հոգով: Եվ դրա արդյունքում նրանք գտնում են հոգեւոր խաղաղություն: Ավելի հանգիստ են լինում, ավելի իրենք իրենց հետ ներդաշնակ են, փորձում են իրենց ճանաչել: Մարմնականը կարեւորելով՝ երեխաները կորցնում են հոգեւոր արժեքները, այն հոգեւոր արժեքները, որ մարդուն մարդ են դարձնում եւ աստվածանմանությունը իրենք աշխարհի մեջ կորցնում են: Մարմնականը էլ ավելի կարեւորելով՝ նրանք կորցնում են Աստծո պատկերը, իսկ Հայորդյաց տուն հաճախելով՝ նրանք փոխվում են: Նրանց ներաշխարհն է փոխվում, աշխարհայացքը, վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ: Եվ ամենակարեւոր առաքինությունն է ձեւավորվում նրանց մեջ, սեր՝ մարդկանց, սեր ամեն ինչի հանդեպ, ինչ որ Աստված արարել է»:

Ինչպես նշեց Լիանա Առաքելյանը, չնայած այսօրվա այս մարտահրավերների, այս դժվար իրականության մեջ «ջունգլիների օրենքն» է տիրում, որտեղ թվում է, թե ուժեղն է միշտ գոյատեւում այդ պայքարի մեջ, իրենք գալիս են ապացուցելու հակառակը. «Մենք սովորեցնում ենք, որ՝ ոչ: Ոչ թե ուժեղը, այլ այն անձն է գոյատեւում, ով իր մարդ տեսակով, իր նկարագրով մեր հասարակության բոլոր նորմերին, օրենքներին համապատասխանում է»:

Այսօր Հայաստանում գործում է 8 Հայորդյաց տուն, որոնք, ընդհանուր առմամբ, մոտ 4000 սան ունեն: Ի՞նչ են սովորում մեր երեխաները, ի՞նչ է տալիս Հայորդյաց տունը մեր սերունդներին, ինչո՞ւ է այս կառույցի պահպանումը դարձել ոչ թե կարեւոր, այլ հրամայական: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կգտնեք՝ դիտելով մեր պատրաստած տեսանյութը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930