Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ կարելի է կնքել հաշտություն, բայց իրավական գործընթացներն առաջարկում են ավելի պաշտպանված մեխանիզմներ»․ Սիրանուշ Սահակյան

Ապրիլ 01,2024 14:34

«Մեզ մոտ հարց է առաջանում՝ նույնիսկ, եթե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է կնքվեն համաձայնություններ, ինչո՞ւ ընտրել արտադատական հաշտության ճանապարհը, որը անվերահսկելի է և չընտրել դատական գործընթացում հաշտության համաձայնության կնքման գործընթացը, որը հաստատվում է դատարանների կողմից և շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Եվ դա ևս վկայում է նրա մասին, որ այստեղ այնպիսի ճնշումներ կան, որոնք փորձում են սպասարկել միակողմանի կերպով ադրբեջանական մոտեցումները և դիրքորոշումները»,- Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հայցերից հրաժարման վտանգների մասին։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հնարավոր է՝ ՀՀ-ն հրաժարվի միջպետական գանգատներից։

Ըստ իրավապաշտպանի՝ միշտ կարելի է կնքել հաշտություն, բայց իրավական գործընթացներն առաջարկում են ավելի պաշտպանված մեխանիզմներ, ինչպես ներպետական օրենսդրությամբ կարող են դատարաններում կնքել հաշտություն, և դատարանները դրանք հաստատում են և դրանց նկատմամբ պահպանվում են հսկողական մեխանիզմներ, համանման գործընթացներ կան միջազգային դատական գործընթացներում։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարման մասին հայտարարություններում սխալ պատկերացումների հարց չկա, պարզապես շատ արտահայտություններ թելադրված են․ «Սրանք քաղաքական հայտարարություններ են, որոնց վրա կա արտաքին ազդեցություն։ Դրանով մենք լեգիտիմացնում ենք այն ձեռքբերումները և խախտումները, որոնք կատարել է Ադրբեջանը և հրաժարվում ենք իրավական պահանջատիրությունից»։

Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ մյուս վտանգն այն է, որ եթե Հայաստանը հրաժարվում է և Ադրբեջանը չի կատարում իր խոստումները, որոնք արտահայտված են այդ քաղաքական փաստաթղթում, ապա ինչպիսի՞ն պիտի լինի ՀՀ-ի դրությունը․ «Մենք ունենք արդեն իսկ փաստեր, երբ Ադրբեջանը խախտել է այդ պայմանավորվածությունները, և դրա ցայտուն օրինակը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, և գերիների վերադարձի մարդասիրական պարտավորությունը Ադրբեջանը չկատարեց»։

Ըստ իրավապաշտպանի՝ ՀՀ-ն այս պարագայում հայտնվելու է անպաշտպան վիճակում․ «Իրավական գործընթացներն արդեն դադարեցված են լինելու, մենք ռազմական ներուժը չունենք, քաղաքական նախադրյալները փոփոխական են և դրանք կարող են չկանխել պատերազմները կամ դրանց ավերիչ հետևանքները»։

Սիրանուշ Սահակյանի համար որոշակի չափով ընկալելի է այն թեզը, որ եթե կա խաղաղություն, ինչո՞ւ պետք է վեճեր լինեն, բայց կա մի առանձնահատկություն, որ այս վեճերը կապված են մարդու իրավունքների խախտումների հետ․ «ՀՀ-ն կարողացել է միջպետական գանգատներ ներկայացնել բացառապես մարդու իրավունքների կոնվենցիաների հիմքով, որի շահառուն քաղաքացիներն են և միջպետական քաղաքական հարցերի լուծումը միշտ չէ, որ անխուսափելիորեն պետք է տանի հարցերից հրաժարման։ Եթե հայցերի առարկան լիներ տարածքային վեճը, և բանակցությունների միջոցով այս վեճը սպառվեր, միգուցե տրամաբանական կլիներ դրանից հրաժարվելը, բայց մենք այս դեպքում ունենք մարդու իրավունքների խնդիր, ռասիստական քաղաքականության վերաբերյալ հարցեր, որոնք քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում չեն սպառվում, ուստի դրանք իրենց արդիականությունը մշտապես պահպանելու են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930