Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ Տավուշի մարզի չորս գյուղերը Հայաստանին չեն պատկանում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը։
Հերթական անգամ անդրադառնալով Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանի տարածքում երբեք չեն եղել Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղեր»։ «Մեր կառավարությունը երբեք էլ հավակնություն չի ունեցել եւ այսօր էլ չունի նշված գյուղերի տարածքների վերաբերյալ։ Եվ սա պետք է արձանագրել առավել եւս այն պայմաններում, երբ մեզ ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։ Եվ մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս որեւէ հավակնություն չունի, ներառյալ, Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա։ Ուզում եմ դուք իմանաք, որ Ղըզըլհաջիլի գյուղը 100 տոկոսով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մենք մի հարց ենք դնում՝ մեզ համար հարկավոր է հստակ ընդգծել, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սա է ֆունդամենտալ հարցը, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս լուծումներին»,- ասել է Փաշինյանը։
Նվեր Բեգլարյանն ասում է, որ Փաշինյանը ստում է, Ղըզըլհաջիլի գյուղը ադրբեջանական վերահսկողության տակ չի գտնվում։ «Այդ գյուղը չեզոք գոտում է գտնվում, ոչ հայերն են այնտեղ, ոչ էլ ադրբեջանցիները։ Ղըզըլհաջիլին եւ Ներքին Ոսկեպարը, որոնք չեզոք գոտի են, եթե դա տալիս են, դրա հաշվին մեր տարածքներն են դառնալու չեզոք գոտի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Պատմաբանի խոսքով՝ չորս գյուղերը հանձնելու դեպքում առաջին հերթին Ոսկեպարը հայտնվելու է շրջափակման մեջ։ «Ոսկեպարը հանձնվելու է Ադրբեջանի ողորմածությանը։ Երկրորդ, եթե ներքեւի գյուղի հարցը ադրբեջանցիները լուծեն իրենց ուզած ձեւով, կբարձրանան Ոսկեպարի գլխին ու Վերին Ոսկեպարի հարցը կլուծեն, որը անկլավ են համարում։ Թուրքերն ասում են՝ մենք Փաշինյանին ուշադիր լսում ենք, նրանք պետք է գյուղերից դուրս գան, որ մենք հանգիստ գնանք մեր գյուղերը։ Այնպես չէ, որ հանգիստ թողնելու են, որ մենք այստեղ հանգիստ ապրենք»,- ասաց նա։
Նվեր Բեգլարյանն ասաց, որ Ադրբեջանը միշտ ընտրում է այն տարբերակը, որն իրեն ձեռնտու է, իսկ Հայաստանի իշխանությունները Լենին-Քեմալ պայմանագրերն են վկայակոչում․ «Չգիտեմ՝ այս մարդիկ սեփական երկրի շահը որտե՞ղ են դնում։ Եվ այս քաղաքականության հետեւանքով հայտնվել ենք այս իրավիճակում»։
Ըստ Նվեր Բեգլարյանի՝ տարածքներ հանձնելով հնարավոր չէ կանխել լայնածավալ պատերազմը․ «Ինքն ասում է՝ կկվի ձագը տալիս ենք աղվեսին, որ էլ չգա։ Ադրբեջանական խաղաղության գինը սրանք չեն ներկայացրել, իսկ ես հարյուր անգամ ներկայացրել եմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կկնքեն այն ժամանակ, երբ Հայաստանը կլինի 10 հազար քկմ, եւ սահմանն էլ կանցնի Չարբախով։ Այսինքն՝ Բաթումի պայմանագրի սահմաններով»։
Պատմաբանը նաեւ ասաց, որ Ոսկեպարում մարդիկ մարտական են տրամադրված, զիջելու մասին չեն մտածում։ «Ոսկեպարցիները վարչապետի այս քաղաքականությունից խուճապի չմատնվեցին, որովհետեւ երբ 1991 թվականին «Կոլցո» օպերացիան էր իրականացվում, մերոնք այդ ճանապարհով անցել են, արդեն պատրաստ են եւ գիտեն, թե ինչ պետք է անեն, որ տեղի անվտանգությունը հարցականի տակ չդրվի։ Հնարավոր բան չէ, որ Ադրբեջանի ուզածներն անեն, եւ խաղաղություն լինի։ Ադրբեջանը ինչո՞ւ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 800 քկմ-ն, ինչո՞ւ հետ չի տալիս մեզանից գրաված տարածքները։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է ասում, որ այդ զիջումը երաշխիք չէ, իսկ մենք հաստատ գիտենք, որ երաշխիք չէ։ Թուրքի խոսքին ինչպե՞ս կարելի է հավատալ»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ