Թե որտեղ են ավարտվելու Ադրբեջանի պահանջները՝ ոչ ոք չգիտի, բայց մի բան հաստատ է՝ Տավուշի գյուղերի հանձնումը սոսկ ավելացնելու է այդ պահանջները։ Ընդառաջել Ալիեւի պահանջներին՝ կնշանակի ազատություն տալ նրա ձեռքերին, դա էլ իր հերթին կնշանակի լեգիտիմացնել Բաքվի հնարավոր ռազմական հարձակումը, ինչին ականատես եղանք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն հետեւած սեպտեմբերյան գործողությունների ժամանակ: Թվում է՝ այս դժնդակ օրերում կա երկու տհաճ բան, որոնցից պրծում երբեք չի լինելու՝ Իլհամի պահանջներից եւ Նիկոլի մանիպուլյացիաներից: Ինչ-որ իմաստով սրանք փոխկապակցված տհաճություններ են, որոնցից մեկի վերացմամբ՝ այն մյուսը կվերանա ինքնաբերաբար:
Հայ-ադրբեջանական կապերի կարգավորման «խաղադաշտում» միակողմանի խաղ է գնում: Խաղ՝ մեկ դարպասի վրա: Խաղ՝ առանց կանոնների: Առանց մրցավարի: Նույնիսկ՝ առանց կողմերից մեկի դարպասապահի: Եվ հակառակորդի խփած բոլոր գնդակներն անվրեպ հայտնվում են անպաշտպան դարպասում: Թերեւս՝ այսպիսի այլաբանությամբ կարելի է նկարագրել այն խառնակ իրավիճակը, որն այսօր տիրում է փաշինյանական Հայաստանում: Առաջացել է խնդիրների մի խճճվածք՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատում, Մայր օրենքի փոփոխություն, խաղաղության խաչմերուկ եւ էլի պահանջներ, սպառնալիքներ ու այդ ամենի խաչմերուկում շփոթահար կանգնած ՔՊ-ական մեծամեծեր, որ չգիտեն՝ որը որից հետո է:
Սահմանագծման-սահմանազատման համար կողմերը նախ պիտի համաձայնեցնեն այն քարտեզը, որի հիման վրա պիտի իրականացվի գործընթացը, սակայն այդ առումով պայմանավորվածություն դեռ չկա, թեպետ Փաշինյանն արդեն պնդում է, թե խնդրո առարկա գյուղերն ադրբեջանական տարածքում են: Տո, հեր օրհնած, եթե քարտեզ չկա, ինչի՞ց իմացար, որ այդ բնակավայրերն Ադրբեջանին են պատկանում՝ Ալիեւի «ազնիվ խոսքի՞ց», թե՞ մատիցդ ես հոտ քաշել: Պարզ է, թե ինչու Ադրբեջանը ոչ մի քարտեզ չի հավանում, պարզ է նաեւ Ալիեւի՝ հայկական տարածքները սահմանազատումից առաջ «իրենով անելու» շտապողականությունը՝ մարդն իր երկրի շահն է սպասարկում: Բայց քո՛ շահը որն է, Փաշինյան, քո՛ դիրքորոշումը որն է:
Ըստ խնդրին տիրապետող մասնագետների՝ քարտեզը համաձայնեցնելուց հետո դեռ գործընթացներ էլի կան. նախ թղթի, ապա նաեւ տեղում՝ գետնի վրա, պետք է որոշել սահմանները, ընդ որում՝ ողջ սահմանով մեկ, ոչ թե հատված առ հատված: Այնուհետեւ անհրաժեշտության դեպքում դրվում է այս կամ այն տարածքից զորքերի դուրսբերման հարցը: Տվյալ դեպքում թշնամին պետք է զորքը դուրս բերի հայկական շուրջ 250 քառ. կմ տարածքներից, որտեղ մտել է՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարը: Առնվազն նշված փուլերն անցնելուց հետո միայն կարելի է խոսել այս կամ այն հատվածի պատկանելության մասին:
Կարդացեք նաև
Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը գործընթացի տեխնիկական պարամետրերի մասով տեղեկացված չէ, հակառակ դեպքում չէր շտապի անհարկի հայտարարություններ անել, այլ քարտեզի համաձայնեցման հարցն օր առաջ կդներ բանակցությունների սեղանին, եթե, իհարկե, Տավուշի գյուղերի հայանպաստ լուծման ցանկություն, նպատակ եւ քաղաքական կամք ունենար: Ամենայն հավանականությամբ՝ չուներ այդպիսի նպատակ, ինչը ակնհայտ է: Հետպատերազմյան երեք տարին բավական ժամանակ էր՝ բանակի մարտունակությունը բարձրացնելու եւ ՀՀ Զինված ուժերում իրական բարեփոխումներ կենսակոչելու համար, որպեսզի Գերագույն գլխավոր կոչեցյալն այսօր գյուղացիներին չասեր, թե պետությունն ի վիճակի չէ ձեզ պաշտպանել:
Իսկ Տավուշում իրավիճակը ծայրաստիճան լարված է: Մարդիկ մտադիր չեն լքել իրենց տները, պատրաստ են անձնազոհաբար պաշտպանել պապենական հողն ու հայրենի եզերքը: Ինքնապաշտպանական խմբեր են ձեւավորվում՝ հայտարարելով, որ կռվելու են մինչեւ վերջին փամփուշտը եւ չեն ենթարկվելու դավաճան, վախկոտ իշխանությունների հրահանգներին: Բռնազավթած Հադրութից Ալիեւը շարունակում էր իր սպառնալիքները՝ հասկացնելով, որ պատրաստվում է հատուկ ջոկատներ ուղարկել Տավուշ, եթե 4 գյուղերը հայերը չզիջեն: Ոսկեպարում, կարծես թե, պատերազմի պատուհան է բացվում՝ Աստված մի արասցե:
Գեւորգ Բրուտենց