Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց. Արարատ Միրզոյանը՝ Todo Noticias-ին

Ապրիլ 01,2024 09:17

Արգենտինյան “Todo Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին:

Հավատում ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման

«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում՝ լուծումներ գտնելու համար։ Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարևոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»:

 

Այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել

«Մենք ժողովրդավարական երկիր ենք և ցանկանում ենք ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը (ԵՄ) հիմնական գործընկերներն են։ Մենք նաև տեսանք, որ ԵՄ-ն պատրաստ էր քաղաքացիական առաքելություն ուղարկել, և սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվեց, նրանց ներկայությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի և Հայաստանի մի մասի խաղաղությանը»,- ասել է Միրզոյանը։

Ըստ նախարարի՝ Ռուսաստանը խաղաղության երաշխավորներ էր ուղարկել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության վերահսկման համար, սակայն տեղի են ունեցել բազմաթիվ հարձակումներ Հայաստանի սահմանի վրա։

«Անվտանգության այն մեխանիզմները, որոնք մենք ունեինք մի քանի տասնամյակ շարունակ, չաշխատեցին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է խնդրեինք, որ Եվրամիությունը գար ու դիտարկեր իրավիճակը։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունը, և դրա համար տեսնում ենք, որ լավ գործընկերներ կան Արևմուտքում»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել։

Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց

Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց, արգենտինական «Todos Noticias» ՀԸ-ն ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը. «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը, ապա ոչ։ Դա այն կետը չէ, որն այսօր Հայաստանի օրակարգում է»:

Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ պատրաստվո՞ւմ են ավելի սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի հետ, ինչին Միրզոյանը պատասխանել է, որ համագործակցություն արդեն կա։

«Մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղապահների գործողություններին, մեծացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձև է», – նշել է նա։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա նախարար Միրզոյանը հարցազրույցում շեշտել է՝ հայերն իսկապես ունեն եվրոպական ձգտումներ։ Նա հիշեցրել է ՀՀ վարչապետի խոսքերը, թե «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930