Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մարդիկ եւս, ովքեր գողանում էին Կարսի բերդի թնդանոթների փականները, իրենց հայ չէի՞ն համարում». Անատոլի Հովհաննիսյան

Ապրիլ 01,2024 13:30

Բուժման նպատակով Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանը տպագրության է հանձնել իր «Սա էլ եմ ես». Հարցազրույցներ, հոդվածներ եւ այլ գրություններ» գիրքը: Ներկայացնում ենք գրքում ներառված նրա 2021թ. մարտի 28-ի անտիպ հարցազրույցը (Գեւորգ Թումանյանի հետ):

– Ինչո՞ւ պարտվեցինք, որովհետեւ անկախության այս 30 տարում ստեղծված գրականությո՞ւնն էր պարտվել:

– Կարծո՞ւմ ես՝ մենք լավ գրականություն չենք ստեղծել: Եթե փորձես հիշել, տասնյակից ավելի անուններ կտաս, թե դրանցից ո՞ւմ ստեղծագործությունը կդիմանա ժամանակի փորձությանը՝ կասի ժամանակը:

Գրականությունը, արվեստն ունեն զարգացման սեփական ճանապարհը, որը կարող է ընդհանրություն ունենալ (կարող է չունենալ) հասարակական ընթացքի հետ, սակայն պետք չէ դրանք նույնականացնել:

– Մի՞թե գրականությունը չէր կարող ստեղծել ազգային գաղափարախոսություն:

– Որեւէ մեկի մտքով չի անցնում չէ՞, այդ «բեռը» դնել երաժշտության կամ կերպարվեստի վրա: Գրականության գործը չէ ազգային գաղափարախոսություն կերտելը, չնայած մեզանում գրողը ավելին է եղել, քան գրողը:

Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունը եւ կյանքը այդ օրինակներից է:

Երբ Աբովյանը գրում էր. «Օրհնվի՜ էն սհաթը…», պետք է ասվածը հասկանալ ժամանակի համատեքստում. Պարսկաստանում իսլամական կղերականության կողմից հայերը ենթարկվում էին աննախադեպ ճնշումների: Հազարավոր դիեր մնացել էին անթաղ, պարսիկները թույլ չէին տալիս անհավատներին «պղծել» իրենց սուրբ հողը եւ Ռուսաստանի կողմից Արեւելահայաստանի գրավումը ու հայերի ներգաղթը փրկություն էր: Նրանք, ովքեր հետագայում Աբովյանին մեղադրում էին ռուսասիրության մեջ, չգիտեն այդ մասին եւ չեն հասկանում, այդ դեպքում ո՞րն էր պատճառը, որ ցարական պետությունը հետապնդում էր նրան… Աբովյանը իր հանճարը հանուն ազգի նվիրաբերեց ժամանակին, սակայն գրականությունը ընդամենը մասն է այն բազմաշերտ իրողությունների, որ կոչվում է ազգային գաղափարախոսություն եւ եթե գրողը փորձում է գաղափարը առաջ մղել գրականությամբ, դա միշտ գրականության հաշվին է:

– Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը իրենց ժամանակի մեջ գնահատվում էին, իսկ այսօր…

– Իմ կարծիքով՝ 20-րդ դարի առաջին քառորդից հետո, որը մեր պոեզիայի համար էլ է «Արծաթե դար», նախ պոետական անհատականությունները գնալով «մանրացան»:

Չնայած մեր օրեցօր ավելի պակաս հոգեւոր դարձող աշխարհի, կարծում եմ Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Վարուժանի անհատականության չափը ունեցող երեւույթների ի հայտ գալու դեպքում գնահատական կլինի:

Գրողը իր ժամանակի մեջ միշտ չէ, որ ամբողջությամբ «տեսանելի» է հասարակության համար:

Այսօր անըմբռնելի է, որ Թումանյանին կարող էին համարել գրագող: Ասում էին Տերյանի լեզուն, մտածողությունը հայերեն չէ:

Տես, ո՞ւմ միջավայրում էր Չարենցը, չէ՞ որ «թշնամիները» հայ մարդիկ էին գերազանցապես՝ Եղեռնից մազապուրծ բեկորներ, կոմունիստական ենիչերիներ դարձած երեկվա որբանոցի սաներ, որոնք համոզված էին, որ «Հայրենիք են փրկում»: Դու կարծում ես Մաթեւոսյանը գնահատվա՞ծ չէր, չնայած ես հիշում եմ, 70-ականների «գյուղագիր- քաղաքագիր» հակամարտությունները, նրա «գրական» ընդդիմախոսներին, որոնց անունները, բացառությամբ մեկի, գրականության պատմությունը չի էլ հիշելու:

Գրական բախտ եւս գոյություն ունի: Մեծերին չեն համեմատում, բայց երբեմն մտածել եմ, Հրանտ Մաթեւոսյան եւ Ակսել Բակունց:

Թվում է՝ «Խոնարհ աղջիկը» ի՞նչ էր պակաս համաշխարհային չափաբանության մեջ դրվելու համար: Ուղղակի Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունը հասավ իր լրումին եւ տեսանելի դարձավ, իսկ Բակունցի պարագայում՝ ողբերգականորեն ընդհատվեց…

– Հիմա Հայաստանում ժողովուրդը թմբիրի մեջ է: Ինչպե՞ս ես վերաբերվում նոր իշխանություններին: Ի՞նչ է լինելու մեր վերջը:

– Բնության մեջ կաթից անարատ բան չկա, բայց հերիք է մի օտար մարմին՝ կտրվում է: Մեր ազգային ինքնագիտակցության մեջ ներդրված օտար մարմնի անունը Նիկոլ Փաշինյան է: Այսօր հայկական հեռուստատեսությամբ մի ջահել, գեղեցկադեմ կին, որ գուցե անցներ փողոցով ու հայացքդ բեւեռեր իր վրա, գոռում էր. «մեր գերիներին Ադրբեջանում այստեղից լավ են պահում…»: Ու ես մտածում եմ՝ որտեղի՞ց հայտնվեց ինքնապաշտպանության բնազդը մեռցնող էս նիկոլիզմը:

Նախանցյալ դարի 20-ական թվականին, այն մարդիկ եւս, ովքեր գողանում էին Կարսի բերդի թնդանոթների փականները, իրենց հայ չէի՞ն համարում: Չէ՞ որ նրանք համոզված էին, որ ճիշտ են: Արդյունքում ի՞նչ եղավ, ի՞նչ կատարվեց մեր Հայրենիքի հետ: Իհարկե, սրան բռնի իշխանությունից հեռացնելը դեմոկրատական չի, բայց դեմոկրատակա՞ն է, որ մեզ ոտի տակ տան, մեռնենք, չլինենք այս աշխարհում:

Նրանք էլ, ովքեր ասում են. «Արեւմուտքը կօգնի»… Մենք անցել ենք, չէ՞, նախորդ դարի 20-ական թվականներին այս իրավիճակի միջով:

Իմ կարծիքով, պատմականորեն գոյություն ունի երկու ընտրություն՝ Թուրքիա կամ Ռուսաստան: Պետք է մտածել՝ այդ սատանաներից ո՞րն է ավելի պակաս սատանա: Թուրքերը բացառվում են: Նրանք մեր արյան եւ հիշողության թշնամիներն են:

Այս պատերազմը սկսվելուց առաջ համոզված էի, որ ռուսները ստեղծելու են իրավիճակ, որ էլի գան «փրկեն»: Դա իրենց ռեժիսուրան է: Հնարավոր է՝ այսօր թուլացել են եւ չեն կաող նույն դիրքից խոսել թուրքերի հետ: Գուցե ցանկանում են Թուրանական գաղափարը ծառայեցնել հակաամերիկյան, հակաչինական, ես չգիտեմ էլ ինչ զարհումարի համար: Բայց մենք ենք ոտքի տակ կորչում: Հիմա լինե՞լ Ռուսաստանի հետ, թե՞ չլինել: Բա ի՞նչ անենք, լավ:

Հույս ունենանք, որ ազգերը Աստծո կամքով են ստեղծվել եւ հենց այնպես չեն կարող վերանալ …

– Հրաշքը ո՞րն էր, որ մենք դեռ կանք: Վիճակագրությանը եւ օրինաչափությանը հակառակ է մեր գոյատեւելը:

– Հրաշքը ոգու եւ արյան անաղարտության հանճարեղ զինվորներն էին Մաշտոցից մինչեւ Ներսես Աշտարակեցի ու Զորավար Անդրանիկ:

– Անունների այդ շղթայում Շառլը տեղ ունի՞:

– Ես Ազնավուրի պաշտամունք ունեցող եմ, բայց պետք է ասեմ, որ նա դաստիարակությամբ եվրոպացի մարդ էր, որ մինչեւ 60 տարեկանն առանձնապես հայկական իրականության հետ կապ չուներ:

Անցյալ դարասկզբին շատ արվեստագետներ ձգտում էին գալ Արեւելք: Դա համաշխարհային գեղարվեստական մտածողության ընթացք էր: Սարյանը, որ ռուս նկարիչ էր, եկավ եւ հանկարծ «հայտնաբերեց», որ ինքն այն ծիրանի ծառն է, որ այստեղ էլ պետք է աճեր: Շառլի հետ կատարվեց գրեթե նույնը: Երկրաշարժից հետո աղետի գոտում նրա կազմակերպած օգնությունը, որ բարեհաջող մխսվեց՝ աննախադեպ էր:

Դե, եթե ծառը ջրում ես, կապվում ես նրա հետ: Մեծ մարդ էր եւ ես կարծում եմ (գուցե բանաստեղծ եմ)՝ նույնիսկ պատերազմն այլ ընթացք կունենար, եթե նա կենդանի լիներ:

– Իսրայելը դարձավ Իսրայել, քանի որ ԱՄՆ կա: Ռուսաստանը ինչո՞ւ չի ուզում ունենալ ուժեղ դաշնակից:

– Ինչ էլ մեծ-մեծ խոսելու լինենք, մենք աշխարհում չունենք տնտեսական, մտավոր ներուժ՝ հրեաների հետ համեմատվելու համար: Ռուսաստանն էլ ԱՄՆ չէ: Հետամնաց, դեռեւս ճորտատիրական մտածողությամբ երկիր է, որը ի դեմս մեզ, ոչ թե դաշնակից է տեսնում, այլ՝ ճորտ:

Մենք Արեւմուտք ենք նայում ոչ թե ռուսներին գրգռելու համար, ոչ այն պատճառով, որ բյուզանդական քաղաքակրթության մաս ենք կազմել, այլ այդ քաղաքակրթությունը կերտողներից ենք:

Արեւմուտքն էլ լավագույն դեպքում խոսում է, իսկ երբեմն, եթե ձեռնտու չէ, ինչպես Արցախի պարագայում՝ լռում:

– Նիկոլը գրական ո՞ր կերպարին է հիշեցնում: Քաջ Նազարի՞ն:

– «Փանջունուց» էլ ինչ-որ բան ունի, սակայն ես կարծում եմ՝ ավելի շատ Բուլգակովի Շարիկովին է նման: Ֆանատիկի, միապետիկի, առարկություն չընդունող, թշնամի փնտրող, բայցեւ իրական թշնամու պարսավանքները գլխիկոր լսող Պարտվածը: Եթե մարդու մեջ չկա առողջ կասկած, որ գուցե ինչ-որ բանում էլ ինքն է սխալվում, ուրեմն հիվանդ է: Թաղման թափորում աչքերին սատանայական խնդությամբ, կամացուկ սրան ու նրան անեկդոտ պատմողի կերպար է:

Նկատի ունենալով անհատական առանձնահատկությունները՝ նրան օգտագործեցին: Ես կարծում էի գավառացի, տգետ, անհաջող բանաստեղծի յուրովի ազնիվ տեսակ է, հետո համոզվեցի, որ նախապես հաստատված ծրագիր է իրագործում:

«Առավոտ» օրաթերթ
30.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930