Լրահոս
Օրվա լրահոսը

Չպահպանված եկեղեցիներ՝ Դարաերի եկեղեցին

Ապրիլ 01,2024 12:00

Դարաերի եկեղեցին գտնվում է Հորս գյուղից մոտ 1700 մ հվ, Հորս գետակի ձախ ափին, Դարաերի գյուղատեղիի կենտրոնական մասում, գետի կիսաթեք դարավանդի վրա։ Գյուղատեղիի որոշ հատվածներ պատած են ծառերով: Ըստ տեղում եղած խաչքարերի թվագրման, ենթադրվում է, որ գյուղը հիմնադրվել է 9-10-րդ դարերում եւ գոյատեւել է մինչեւ 17-րդ դարը: Նկատելի է հատակագծային հորինվածքը, տնամերձ բակերն ու ճանապարհների հատվածները: Տների քարերի մեծ մասը գյուղացիները խորհրդային տարիներին տեղափոխել են Հորս եւ օգտագործել իրենց կարիքների եւ կոլխոզի գոմերի շինարարության համար:

Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 9-10-րդ դարերում: Ամբողջովին ավերակ վիճակում է, պահպանվել են հիմնապատերը, կառուցված սրբատաշ բազալտ քարից, կրաշաղախով: Եկեղեցու կառուցման ժամանակ նրա պատերի մեջ դրվել են խաչքարեր եւ տապանաքարեր։ Եկեղեցու մի շարք սրբատաշ քարեր սփռված են տարածքում։

Գյուղի միջնադարյան գերեզմանոցը եղել է եկեղեցու շրջակայքում, որտեղ պահպանվել են տեղահան վիճակում մի քանի խաչքարեր, խաչքարերի բեկորներ, պատվանդաններ, տապանաքարեր եւ սալատապաններ, որոնց մեծ մասը թվագրվում է 9-13-րդ դարերով։

Գերեզմանոցը նույնպես վնասվել է խորհրդային տարիներին, երբ տարածքի մի մասը վերածվել է խոտհարքների։

Հուշարձանն առաջին անգամ ուսումնասիրվել է Հուշարձանների պահպանության կոմիտեի 1934 թ. կազմակերպված գիտական արշավախմբի կողմից (ղեկ. հնագետ Սեդրակ Բարխուդարյան): Վերջինս գրել է. «Հորս գյուղ – «Դարաերի» – գյուղից արեւմտահարավ ձորի մեջ կան մի եկեղեցու եւ մի քանի այլ շենքերի ավերակներ։ Գերեզմանոցը գտնվում է կիսաթեք դարավանդի վրա, Դարաերի կոչվող գյուղատեղի կենտրոնական մասում, փոքրիկ եկեղեցու ավերակների մոտ: Խաչքարերից մեկը իր սկզբնական դիրքից տեղահան է, ընկած գետնին: Ըստ ոճական եւ համեմատական վերլուծության՝ թվագրվում է 9-10-րդ  դարերով: Այն կերտված է բազալտից, ունի անկանոն եզրագիծ, որի դիմային մաշված ճակատին պատկերված են երեք գրեթե հավասարաչափ փորածո խաչեր, որոնցից երկուսը խաչքարի վերնամասում իրար կողք կողքի են, իսկ մյուսը՝ նրանց ստորին մասում: Վերին ձախ խաչի կենտրոնում պատկերված է փոքրիկ փորածո շրջանակ, որով այդ խաչը տարբերվում է մյուսներից: Խաչքարերի խաչաթեւերը եզրերում ավարտվում են եռանկյունաձեւ ու ուղղահայաց խաչերով եւ ավելի երկար են, քան հորիզոնականները: Նաեւ հետաքրքիր է, որ երեք խաչերի ստորին խաչաթեւերից սկզբնավորվում են փոքրիկ գծեր»։

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
30.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930