Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը վերացնում է բոլոր հնարավոր քայլերը, որոնք կարող են կասեցնել պատերազմը կամ դիմադրության հնարավորություն տալ»

Ապրիլ 01,2024 14:00

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

-Տիկին Հայրապետյան, խոսելով Տավուշի մարզից, այսպես կոչված, սահմանագծումն սկսելու հարցի մասին, իշխանությունները հույս են հայտնում, որ «գծելով մեր լեգիտիմ սահմանները», Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց մենք զուգահեռ լսում ենք Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու նրանց նկրտումները։ Միակողմանի զիջելով հնարավո՞ր է կանխել պատերազմը, թշնամին կա՞նգ է առնելու, ճանաչելո՞ւ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

-Նախ Ադրբեջանը շատ պարզ տեքստով է խոսում իր նպատակների մասին, որը սին հույսերի տեղ ընդհանրապես չի թողնում։ Բացի այդ, ուղղակի հույսերի վրա հիմնված, այլ ոչ թե փաստերի, միջազգային իրավունքի, ոչ թե կոնկրետ քարտեզների կամ միջազգային միջնորդների վրա հիմնված բանակցություններով առաջ գնալը ցույց է տալիս, որ իշխանությունը փաստացի միտումնավոր հերթական անգամ թիրախի տակ է դնում Հայաստանը, այս անգամ արդեն Տավուշն ու Լոռին։ Ադրբեջանում շատ պարզ տեքստով ասում են, որ այդ չորս գյուղերով ոչ միայն չեն բավարարվելու, այլ նաեւ դա կարեւոր գործողությունների սկիզբ է դառնալու։ Եթե Ադրբեջանում պետական մակարդակով մեր պետության տարածքը կոչում են Արեւմտյան Ադրբեջան ու առավոտից երեկո քարոզում, որ դա իրենց տարածքն է, որ իրենք պետք է վերադառնան ու հայերին դուրս քշեն այդ տարածքներից, այդ տրամաբանության մեջ իշխանությունները ինչպե՞ս կարող են կարեւորագույն դիրքերը քանդել, սահմանն ավելի խոցելի դարձնել ու դրանից հետո խոսել խաղաղության մասին։ Դա ուղղակի պատերազմի եւ կորուստների տանող ամենակարճ ճանապարհն է։

-Դիմադրության ի՞նչ ներուժ ունի Հայաստանը։ Իշխանությունները մարդկանց վախեցնում են, որ եթե չզիջեն, պատերազմ կլինի, կհարձակվի նաեւ Թուրքիան։ Ինչո՞ւ չեն խոսում դիմադրության մասին։

-Նախ ասեմ, որ շատ անտրամաբանական է, երբ պետության ղեկավարությունը սեփական ժողովրդին պատերազմով է սպառնում։ Պատերազմի սպառնալիքը կա եւ ցավալիորեն եղել է վերձին 30 տարիների ընթացքում։ Եվ դրա համար պետք է հանրությանը պատրաստեն դիմադրության, տարբեր գործիքակազմեր օգտանգործեն, այդ թվում՝ հոգեբանական։ Բայց հակառակը, իշխանությունը փորձում է կոտրել ժողովրդի պայքարի կամքը՝ դրանով իսկ ավելի խոցելի դարձնելով պետությունը։ Ինչպես իրենք են նշում, որեւէ երաշխիք չկա, որ դրանից հետո հարձակում չի լինելու։ Շատ հավանական է, որ հենց այդ զիջումից հետո է պատերազմ լինելու։ Իշխանություններն էլի գալու են ասեն, որ դիմադրության ներուժ չկա։ Այսինքն՝ անտրամաբանական է այդ վարքը։ Եթե ուզում են դիմադրության ներուժ ունենալ, նախ պետք է տեղում պատրաստվել դրան, կարեւոր կահավորված դիրքերը, դիրքային առավելությունը չզիջել հակառակորդին։ Երկրորդ, պետք է հանրությանը կարողանալ ճիշտ ուղերձներ հղել դիմադրության համար, եւ երրորդը, պետք է միջազգային հանրության հետ աշխատել։ Երբ տարբեր մայրաքաղաքներից հուշում եւ ասում են, որ այդ ամբողջը կարող է լինել միջազգային գործիքակազմով, իսկ դու գնում ես ուղիղ բանակցություններով ու Բաքվի թելադրանքով գործողության, քեզ որեւէ մեկը չի օգնելու այն իրավիճակում, երբ քո վրա հարձակում կլինի։ Իսկ հարձակումն անխուսափելիորեն լինելու է այս գործելաոճի պայմաններում։ Այսինքն՝ բոլոր հնարավոր քայլերը, որոնք կարող են կասեցնել պատերազմը կամ դիմադրության հնարավորություն տալ, Հայաստանի իշխանությունները վերացնում են, ընդ որում՝ եւ ներսում, եւ դրսում։

– Արցախի նախագահն ասաց, որ Արցախի կառավարությունը փաստացի գործում է Երեւանում։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը, նա հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների եւ այլնի մասին»։ Նախորդ տարի էլ, երբ Արցախը շրջափակվեց, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ չեն խառնվում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի Հայաստանից Զանգեզուրի միջանցք չուզեն։ Հիմա էլ ասում են՝ Արցախի կառավարության գործունեությունն է սպառնալիք ՀՀ-ի համար։ Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, եւ արդյոք վտանգ կա՞, եթե Արցախի պետական ինստիտուտները գործունեություն ծավալեն Երեւանում։

-Ես կարծում եմ՝ նույն Նիկոլ Փաշինյանը մի օր կասի, որ մենք չպետք է Հայաստանում ապրենք, որպեսզի սպառնալիք չլինի։ Ինքն ու իր իշխանությունն են Հայաստանի հանրապետության գոյության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը։ Ինքն իր քայլերով ու հայտարարություններով ուղղակի թիրախի տակ է դրել մեր պետությունը։ Ինքն այն մարդն է, որը չի ճանաչում մեր պետության տարածքային ամբողջականությունը եւ կադաստրի թղթեր է հայցում մեր թշնամիներից, շարունակ հարցականի տակ է դնում մեր սահմանները։ Ինքն է, որ դուրս է գալիս միջազգային պայմանավորվածություններից կամ չի պահանջում միջնորդներից՝ հետեւողական լինել այդ պայմանավորվածությունների հարցում։ Հենց ինքն է, որ Արցախի հարցում նշաձող իջեցրեց, որը հանգեցրեց Արցախի ժողովրդի բռնի տեղահանմանը։ Եվ դրան ի պատասխան՝ Ադրբեջանն սկսեց մեր պետությունը կոչել «Արեւմտան Ադրբեջան»։ Նիկոլ Փաշինյանն ու իր վարած քաղաքականությունը Հայաստանի ու հայ ժողովրդի համար գլխավոր սպառնալիքն են դարձել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930