Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի Հայաստանի վերաբերյալ օրերս հրապարակած հարցման արդյունքներն ամբողջապես արտացոլում են այն ռազմական և աշխարհառազմավարական իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, երբ Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում իրական որևէ աջակցության չստացավ դաշնակից համարվող Ռուսաստանից՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրոպական և եվրասիական ծրագրեի տնօրեն Ստեֆան Նիքսը:
«Այսօր հայաստանցիները Ռուսաստանին այլ կերպ են դիտարկում: Նրանք դիտարկում են (Ռուսաստանը) որպես սպառնալիք, այն դեպքում, երբ նախկինում այն մշտապես դիտվել է որպես պաշտպան։ Սա չափազանց կարևոր և հետաքրքիր միտում է, թե ինչպես են հայաստանցիները փոխում իրենց հայացքները Ռուսաստանի նկատմամբ»,- նշում է Ստեֆան Նիքսը:
«Անշուշտ, զարմանալի չէ, որ նրանք՝ (հայաստանցիները) մտահոգություններ ունեն Ռուսաստանի հետ կապված՝ տեսնելով, թե ինչ է արել Պուտինը և շարունակում է անել Ուկրաինայում և տարածաշրջանում»,- նշում է ամերիկացի նախկին դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը ուշագրավ տեղեկություններ է հայտնում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ՝ ի ցույց դնելով Երևանի ու Մոսկվայի միջև առկա ճգնաժամը:
Կարդացեք նաև
«Ռուսաստանի հարցում հասարակական կարծիքը արագորեն փոխվում է։ Տարիներ շարունակ հարցումներ ենք արել Հայաստանում, և հայաստանցիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ փոխվել է նախորդ վեց տարիների ընթացքում։ Վեց տարի առաջ հայաստանցիների միայն 11%-ն էր բացասաբար վերաբերվում Ռուսաստանին։ Այս վերջին հարցման համաձայն, այդ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 66%-ի»,- շարունակում է Նիքսը։
Ըստ հարցման, հայաստանցիների 40%-ը երկրի համար քաղաքական սպառնալիք է դիտարկում Ռուսաստանը: Այս առումով Մոսկվան երրորդ հորիզոնականում է՝ զիջելով Ադրբեջանին՝ 86%, և Թուրքիային՝ 82%:
«Տեսնում ենք, որ Ռուսաստանը հայաստանցիների կողմից ընկալվում է որպես գրեթե նույնքան [վտանգավոր երկիր], որքան Թուրքիան է։ Սա ևս մեկ կարևոր փոփոխություն է: Կարծում եմ, (Հայաստանի) վարչապետի քայլերը դեպի Արևմուտք արտացոլում են հասարակական կարծիքը (Հայաստանում)»,- նշում է Նիքսը:
Վերլուծաբանները Ռուսասատնի նկատմամբ Հայաստանում առկա անվստահության նման բարձր ցուցանիշը բացատրում է Երևանի անվտանգային հարցերում Մոսկվայի որդեգրած հայտնի քաղաքականությամբ:
«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները մշտապես եղել են ասիմետրիկ և կախյալ: Հայաստանը երկար տարիներ ապավինում էր միայն Ռուսաստանին»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է «RAND» կորպորացիայի վերլուծաբան Փոլ Քորմերին:
«Երբ Ադրբեջանն օգտագործեց իր ռազմական առավելությունը 2016 թվականի փորձնական, այնուհետև՝ 2020 թվականի լայնածավալ պատերազմի ժամանակ, Հայաստանը հայտնվեց ծանր վիճակում: Նրանք՝ (հայերը) հասկացան, որ այդ բոլոր տարիներն Մոսկվային ապավինելը սխալ էր»,- ասում է Հերբսթը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում