Այսօր Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում տեղի է ունեցել Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում գյուղի դպրոցի, բնակիչների ու գյուղապետարանի կազմակերպմամբ։ Գյուղամիջում` 19-րդ դարում հիմնանորոգված Ս.Ստեփանոս եկեղեցու բակում, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հովիվ տեր Սեպուհը կատարել է Զատկի տոնի աղոթք և սննդի օրհնության կարգ (եկեղեցին վերաօծված չի, պատարագ չի մատուցվել):
Գյուղի բնակիչները տոնին սկսել են նախապատրաստվել երկու օր առաջ․ կանայք թոնիրում լավաշ ու գաթա են թխել, իսկ արդեն այսօր՝ միջոցառման վայրում, տոնին խորհրդին բնորոշ ուտեստներ են պատրաստել, որն ուղեկցվել է տոնակատարությամբ։ Առանձին տաղավար են ներկայացրել նաև Արցախից բռնի տեղահանված ու Ազատեկում վերաբնակեցված մարդիկ, որոնք տեղում պատրաստել են ավանդական ժենգյալով հացը։
Կարդացեք նաև
Տոնական միջոցառումը կազմակերպել են գյուղի ուսուցիչներից Սերինե Սարգսյանն ու Աստղիկ Ղազարյանը։ Միջոցառմանը ելույթներ են ունեցել ինչպես գյուղի դպրոցի աշակերտները, այնպես էլ Վայքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Նռանե» համույթի սաները։
Ազատեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարապետ Ղազարյանն իր խոսքում կարևորել է ազգային տոները գյուղով նշելու ավանդույթի վերականգնումը, ինչի ուղղությամբ արդեն տևական ժամանակ է աշխատանքներ են իրականացնում ուսուցիչների, աշակերտների ու վերջիններիս ծնողների հետ համատեղ։
Գյուղի նախկին բնակիչ, զբոսավար Նելլի Հովսեփյանը Aravot.am-ի զրույցում շեշտել է, որ տուրիստներին շատ է գրավում ավանդական տոներին ներկա գտնվելու գաղափարը և առաջիկայում պատրաստվում է իր տուրիստներին ևս առաջարկել այցելել Ազատեկ։
Գյուղի մասին
Ազատեկ գյուղը հիմնել են 1828 թվականին Խոյից և Սալմաստից գաղթած հայերը։ Ազգաբնակչությունը հիմնական զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Նախկինում գյուղում զբաղվել են նաև մետաքսագործությամբ։
Գյուղում բազմաթիվ են պատմամշակութային կառույցները, որոնցից ամենահայտնին է Սուրբ Վառվառա մատուռը, որը կառուցվել է «Սմբատաբերդ» հին բերդի ավերակների մեջ (բերդը թվագրվում է ք.ա. առաջին հազարամյակով)։
Նունե ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բրավո։ Այսպիսի նախաձեռնություններին պետք է աջակցել և խթանել։
Թե չէ Հելուեն ու Քրսիտմաս ու եսիմ ինչ։ Եթե ունենք մեր ազգային-կրոնական տոներն ու հետաքրքիր սովորույթները, ինչու դրանք չենք նշում ու պրոպագանդում. 🤔🤔🤔
Ապրեն կազմակերպիչներն ու աշակերտները։