Marzer.am – 26-ամյա Ռուբիկ Քարամյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով արդեն երկու տարի է, ինչ մաթեմատիկա է դասավանդում Վայոց ձորի մարզի Խաչիկ սահմանապահ գյուղում։ Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն է ավարտել, իսկ մագիստրատուրան՝ ԵՊՀ մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնում։ Ռուբիկը ծննդյան օրը՝ մարտի 31-ին թողարկել է իր նոր երգը` «Ծովն ու գիշերը»։
Խոսքերի ու երաժշտության հեղինակը ինքն է, ասում է՝ 11-րդ երգն է, բայց «սա կատարելություն է»։ «Անկեղծ ոչ մեկին երգը նվիրված չի, ուղղակի բառերը որ գալիս են մտքիս՝ գրառում եմ»,-ասում է Ռուբիկ Քարամյանը։
Իսկ մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, հետեւաբար մաթեմատիկոսները չոր ու խիստ բնավորություն են ունենում։ Հարցնում եմ՝ մասնագիտությունը չի խանգարում արվեստով զբաղվելուն, ստեղծագործելուն։ «Մինչեւ մաթեմատիկ դառնալս՝ կիթառս միշտ հետս է եղել։ 15 տարեկանից ստեղծագործում եմ»,-ասում է մաթեմատիկոս Քարամյանը։
Կարդացեք նաև
Իսկ տարիներ անց՝ մաթեմատիկոս-գիտնական Ռուբիկ Քարամյանը կհաղթի՞, թե՞ ստեղծագործող-երաժիշտ Ռուբիկ Քարամյանը՝ դժվարանում է պատասխանել։ Ասում է՝ ժամանակը ցույց կտա։
Հարցազրույցներ չի սիրում տալ, պարզապես առաջարկում է լսել նոր երգն ու խիստ չդատել։
Երազում է մի օր երգի տեսահոլովակը նկարահանել։
Լավ սկզբնական կետեր` ձայն կա, տաղանդ կա: Մնացածը խառնվածքի հարց է: