Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի գինու օրերի» նոր տարբերանշանի հիմքում Դվինից պեղված հնագույն կարասն է

Մարտ 31,2024 17:00

«Երեւանի գինու օրերի» կազմակերպիչները հավաստիացնում են, որ այս տարի ավելի ներկայանալի են լինելու: Միջոցառման կազմակերպիչ «Էվենտուրա»  ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի խոսքով, իրենց միջոցառումը հարթակ է, որտեղ երիտասարդ երաժիշտները, ելույթ ունենալով, դառնում են ճանաչելի, իսկ նոր գինեգործները եւ նորաբաց ռեստորաններն առաջին անգամ հանրությանը ցուցադրում են իրենց գինիներն ու ուտեստները: Նրա ձեւակերպմամբ, աշխարհը փոխվում է, առաջնահերթությունները՝ նույնպես, ու մարդիկ փնտրում են նոր համեր, իսկ Հայաստանը կարող է ներկայացնել այդ նոր համերն ու գինիները:

Նունե Մանուկյանի ձեւակերպմամբ, քարոզչական առումով բավականին գործ կա անելու,  որպեսզի Հայաստանը ճանաչելի դառնա աշխարհին՝ որպես գինու հնագույն բնօրրան, հատկապես որ մեր հարեւանները սկսել են այդ ուղղությամբ աշխատել ու այդ դափնիները դեպի իրենց ուղղել: Նրանից տեղեկացանք, որ այս տարի «Երեւանի գինու օրերը» կանցկացվեն հունիսի 7-ին, 8-ին եւ 9-ին, իսկ  «Երեւանի գինու օրերի» շրջանակում «Սիզընս»  այգում կգործի էքսպո, որտեղ կներկայանան մրգօղի, կոնյակ եւ հյութեր արտադրողները:

Նունե Մանուկյանը հայտնեց նաեւ, որ փորձում են ընդհանուր հայտարարի գալ վրացական կողմի հետ, համագործակցել, որպեսզի նրանց՝ պետական մակարդակով հովանավորվող էքսպոն եւ Երեւանի գինու օրերը միմյանց չխանգարեն, ու դիստրիբյուտորները կարողանան այցելել եւ Հայաստան, եւ Վրաստան:

Ի դեպ, անցյալ տարի Երեւանի գինու օրերն ունեցել է 120 հազար այցելու, որոնց  թվում՝ 30 %-ը զբոսաշրջիկներ:  Այս տարի Երեւանի գինու օրերին կմասնակցի 85 գինեգործ, անցյալ տարվա 67-ի փոխարեն:

«Էվենտուրա» ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանը խոսեց «Երեւանի գինու օրերի» վերաբրենդավորումից: Նա նշեց, որ փառատոնի այս տարվա  տարբերանշանը կառուցված է իրական կարասի ուրվագծով, որը մեզ հասել է մ․թ․ա 10-9 դարերից, պեղվել է Դվինի շրջանում: Տարբերանշանի հիմքում ընկած կարասը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։  Այս թանգարանին ամեն  տարի «Երեւանի գինու օրերը» տարածք է տրամադրում, որպեսզի ներկայացվի գինու 6500 տարվա պատմությունը: Կազմակերպիչները նշեցին, որ փառատոնը շարունակելու է համագործակցել թանգարանների հետ: Օրինակ  անցյալ տարի, Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում էր «Արվեստ եւ գինի» խորագրով ցուցադրությունը՝ «Երեւանի գինու օրերի»  շրջանակում:

Ի թիվս այլնի, Մերի Բադալյանը  հայտնեց, որ «Երեւանի գինու օրերի» վերաբրենդավորման հետեւում կանգնած է Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն, հնագետ Հայկ Գյուլամիրյանը, նաեւ մասնագիտական  խորհրդատվություն են ստացել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յետ-սովետական «Երեւան»ի՝ սուտ ու կեղծիք լինելը, հիմնական պատճառներից մէկն է, որ Արցախը – եւ հազարաւոր երեխաների կեանքերը – կորսնցուցինք, ու հասանք այժմու աղէտալի վիճակին:
    . ահա քիչ մը աւելին, այս մասին…՝
    «Մունտա՛ռ Երեւան» [05.07.2019]
    https://haytougchamlian.blog/մունտառ-երեւան/

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031