2018թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում, բազմաթիվ խոստումներ էր տալիս, դրանցից մեկը վերաբերվում էր իշխանափոխությունից հետո բոլոր բուհերը ապաքաղաքականացնելուն եւ ապակուսացականացնելուն. «Այսօր ի՞նչ է կատարվում․ բուհի ուսանողը գնում է հանրահավաքի թռուցիկ բաժանելու, ասում են՝ գիտե՞ք ինչ, բուհերը չքաղաքականացնենք, ժողովուրդ ջան, էս ի՞նչ եք անում, չէ՞ որ բուհը կրթական օջախ է։ Բայց ոչ մեկ չի ասում, որ, օրինակ, ԵՊՀ-ի խորհրդի նախագահը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Բա եթե չենք քաղաքականացնում, եկեք չքաղաքականացնենք։ Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինել որևէ բուհի ռեկտոր և բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման»
Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում կրթության փորձագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը նշեց. «Փաստորեն պատմությունը կրկնվում է, սակայն ամեն ինչ ավելի վատ է՝ քաղաքականացվելու առումով: Այսօրվա իշխանությունները եկան իշխանության՝ ասելով, որ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն,այնտեղից պետք է դուրս վռնդվեն բոլոր կուսակցականները, նկատի ունեին բուհերի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդները: Ընդ որում, եթե այն ժամանակ մենք ունեինք պետության մասնակցություն՝ ընդամենը 25 տոկոսի չափով, իսկ խորհուրդներում 25 տոկոսն իրենք էին ընտրում, եւ 25 տոկոս կային ուսանողներ, ու արդյունքում առնվազն կեսի չափով կարողանում էին բուհերն իրենց պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների ներկայացուցիչներ ունենալ, հիմա մեծամասնությունն են կազմում կառավարության կամ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները: Դա է պատճառը, որ գրեթե բոլոր պետական բուհերում կառավարման խորհուրդների նախագահները պետության ներկայացուցիչներն են, ինչը այս պարագայում հավասար է իշխող կուսակցության ներկայացուցիչներին: Դա համատարած բնույթ է կրում բոլոր բուհերում: Ստացվում է, որ ՀՀԿ անունը ավելի վատ ձեւով եւ ավելի վատ մասնակցությամբ փոխվել է ՔՊ-ով»:
Ատոմ Մխիթարյանը հիշեցնում է. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծ կար, որտեղ կարեւորագույն կետերը վերաբերվում էին հենց բուհերի կառավարմանը, դրա ձեւավորմանը, հոգաբարձուների խորհրդին: Այդ օրենքի նախագիծը ընդունվեց ԱԺ-ի կողմից, սակայն նախագահը չստորագրեց եւ ուղարկեց ՍԴ: Հիմնական պատճառներից մեկը այն էր, որ կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդներում չպետք է մեծամասնություն լինեն պետության ներկայացուցիչները, որը խախտում է բուհերի ինքնավարության սկզբունքը: Այդ օրենքը գնաց ՍԴ, ճանաչվեց հակասահմանադրական, եւ հետ վերադարձվեց ԱԺ, այդտեղից էլ՝ Կառավարություն:
Կարդացեք նաև
Մինչ օրս այդ օրենքը այդպես էլ չի ընդունվել, այսինքն` մարդիկ փոփոխությունները չեն ուզում անել, եւ նույն ձեւով պնդաճակատությամբ ուզում են առաջ տանել իրենց՝ մեծամասնություն ունենալու եւ բուհերը կառավարելի դարձնելու սկզբունքը, ինչը նշանակում է գործել օրվա քաղաքական իշխանության հսկողության ներքո»:
Ինչ վերաբերվում է Փաշինյանի այն դիտարկմանը, թե ԵՊՀ խորհրդում Սերժ Սարգսյանին այժմ էլ փոխարինել է ՔՊ վարչության նախագահ, ապա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որպեսզի վստահ լինի, որ բուհը չի քաղաքականացվի, Ատոմ Մխիթարյանն այսպես արձագանքեց. «Դա կարող է ընդունելի լինել, եթե խոսքն ուղղված լինի մանկապարտեզների կամ տարրական դասարանների երեխաներին, մարդը խոսում է մտավորականության հետ, իսկ բուհերում կենտրոնացած է մտավորականության մեծ մասը: Ողղակի ծիծաղելի է եւ անգամ անիմաստ մեկնաբանելը, որովհետեւ դպրոցական երեխային էլ պարզ է, թե ինչի մասին է խոսքը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ