Մենք Հայկական Կարմիր Խաչի ընկերությունում տեսնում ենք կառավարման խնդիր: Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
«Մեզ համար կարեւոր է, որ այդ խնդիրները հարթվեն, իսկ այդ խնդիրները կան ու շարունակվում են: Հաշվի առնելով իրավիճակն ու այն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայկական Կարմիր խաչի ընկերության առջեւ՝ մեզ դրդել են, որ վերանայենք ու փորձենք վերադասավորել մեր աշխատանքն ու մոտեցումները, որ կարողանանք մեր մարդասիրական աշխատանքները համատեղ շարունակել, որովհետեւ այստեղ կարեւոր է շահառուն: Որ առաջացած խնդիրները չազդեն կամ գոնե քիչ ազդեն այն շահառուների վրա, որոնց համար միասին աշխատում ենք մինչեւ այսօր: Բայց շատ հնարավոր է, որ օրինակ հարցերը, որոնք վերաբերում են թեկուզ Ղարաբաղից տեղափոխված անձանց դրամական աջակցության ծրագրին, որը իրականացնում էինք մինչեւ այդ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, մենք այս պահին իրականացնենք ինքնուրույն: Միաժամանակ մենք լինելով չեզոք՝ պատրաստակամ ենք հնարավորինս աջակցելու այդ հարցերում իրենց մոտ որոշակի լուծումներ գտնելուն, բայց դա ավելի շատ կազմակերպության գործն է: Մենք փորձում ենք ավելի շատ վերանայել մեր աշխատանքը»,- ասաց Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկական Կարմիր խաչի ընկերության խոսնակը հայտնել էր, որ ընկերությունը համագործակցության առումով կորուստներ չունի:
Ի դեպ, ավելի վաղ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին խոսնակ Նունե Գրիգորյանը մեզ ասել էր, որ ընկերության մի շարք գործընկերներ պաշտոնապես հայտարարել են, որ սառեցնում են համագործակցության պայմանագրերը, ինչը հերքել էր ընկերության ներկայիս խոսնակը: Սակայն Նունե Գրիգորյանը մեզ էր ներկայացրել իր հայտնած տեղեկությունները հաստատող գործընկերների կողմից ուղարկված պաշտոնական գրավոր նամակները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ