Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա առավել մեծ խեղկատակություն, քան հորինել սեփական ժողովրդի համար ցեղասպանության պատմություն. հայտարարություն

Մարտ 30,2024 21:50

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնը անվանապես զբաղեցնող Սաբինա Ալիևան մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագաիտական կորպուսի ներկայացուցիչների կրկին փորձում է մոլորեցնել պատմական անցյալի և ներկայի իրողությունների այլակերպման և Ադրբեջանի՝ «զոհի» կարգավիճակի ու «արդարության» համար պայքարողի իմիջի ստեղծման համար, ինչը ադրբեջանական քաղաքական երեսպաշության գագաթներից մեկն է։

Ադրբեջանի «պատմական» անցյալի կերտման հովանավորներից մեկը՝ Հեյդար Ալիևը, մարտի 31-ը հայտարարել է «ադրբեջանցիների դեմ ցեղասպանության օր», ինչը բացի Հայոց ցեղասպանությանը հակակշռելուց և ադրբեջանական հանցանքները թաքցնելուց հետապնդում է նաև Հայաստանի և հայության դեմ հասարակական ատելության գեներացման խոշոր նպատակ։

Սակայն թե՛ Հեյդար Ալիևը, թե՛ Սաբինա Ալիևան, թե՛ «ադրբեջանական ցեղասպանության» մասին խոսող ցանկացած մեկը քաղաքական նպատակադիր կուրություն են ցուցաբերում պատմության և մասնավորապես՝ 1918 թ․ Բաքվի մարտյան դեպքերի նկատմամբ։ 1918 թ․ մարտի վերջին Բաքուն դարձավ իշխանության համար պայքարի կիզակետ, որի համար պայքարում էին մուսավաթականները՝ ի դեմս «Վայրի» դիվիզիայի, որը սովոր էր ավարառությամբ զբաղվել հատկապես քրիստոնեական բնակավայրերում, մյուս կողմից՝ Բաքվի բոլշևիկների միջև։ Մի քանի օր Բաքվում իշխանության համար պայքարը կրեց նաև ռազմական բնույթ, որի հետևանքները ժամանակակից ադրբեջանական պատվերային պատմագիտությունը վերագրում է «հայ ժողովրդի կողմից «ադրբեջանցիների» դեմ իրականացված ցեղասպանության»՝ մոռանալով կամ միտումնավոր անտեսելով իրենց մեծահարուստներից մեկի՝ Հաջի Զեյնալաբդին Թաղիևի հետևյալ չափազանց հստակ խոսքերը, որ Բաքվի իրադարձությունները հայ-թաթարական բախումների բնույթ չեն կրել, իսկ հայկական զորամասերը փրկել և ապաստան են տվին ավելի քան 14.000 մահմեդականների, որոնց հետ են վերադարձրել պարսից հյուպատոսի միջոցով»: Այսինքն սեփական ժամանակակից քաղաքական առաջնահերթությունները թույլ են տալիս Ադրբեջանի իշխանությանը քայլել իրենց «մեծանուն» հայրենակցի խոսքերի վրայով՝ խեղելով իրողությունների բովանդակությունը և միտումնավոր շփոթելով պարզ հասկացությունները։

Չկա առավել մեծ խեղկատակություն, քան հորինել սեփական ժողովրդի համար ցեղասպանության պատմություն։ Սակայն այս միտումը Հեյդար Ալիևով չի սկսվել, այլ շատ ավելի վաղ՝ հենց 1918 թ․ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը սկսեց արդարացնել որպես վրեժ 1918 թ․ մարտյան դեպքերի։ Այսինքն հայությանը չգործած հանցանքի մեջ մեղադրման և սեփական հանցանքների համար «հավասարակշռման» պատրվակով ի սկզբանե նենգափոխվել է չափազանց ակներև իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ 1918 թ․ մարտին հայերի կողմից փրկված 14 000 թյուրքերից մեկն էր նաև Բեյբութ խան Ջևանշիրին՝ ապագա Ադրբեջանի ներքին գործերի նախարարը և Բաքվի հայության դահիճը, ով իր կաշվի փրկությանը պատասխանեց ինչպես եռօրյա կոտորածով, այնպես էլ ամիսներ ձգվող հայության նկատմամբ առևանգումների, գնդակահարումների, սովի, նվաստացման, թալանի, ջարդի գործադրմամբ, որը անժխտելի է՝ վկայված ժամանակակից օտարազագիների արձանագրմամբ։ Ինչու Սաբինա Ալիևան չի հիշատակում այն 46 հայ որբերի մասին, ովքեր 1918 թ․ Բեյբութ խան Ջևանշիրի հրամանով որբանոցի 4-րդ հարկի պատուհանից դուրս են նետվել, իսկ նրանց ծնողները շատ ավելի վաղ կոտորածի էին ենթարկվել, ինչու չի հիշատակում Բաքվի հիվանդանոցի մասին, որտեղ բուժվող հայերը սրախողխող են արվել, կամ փախստականներ տեղափոխող այն նավի մասին, որը ջրասույզ է արվել՝ իր հետ տանելով բազմաթիվ անմեղ կյանքեր։ Սա պատմական անցյալի դրվագներ են միայն, որը ադրբեջանական տարբեր վարչակարգեր նրբորեն չեն նկատել։

Իսկ մեր օրերում Ադրբեջանը վերջին երկիրն է, որն իրավունք ունի խոսելու ցեղասպանության մասին այն պարզ պատճառով, որ վերջին տասնամյակներին էթնիկ զտման, բռնի տեղահանման և վերջապես ամենաիսկական ցեղասպանության է ենթարկել ողջ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությանը, իսկ ամիսներ առաջ ի տես ողջ աշխարհի հայաթափել ողջ Լեռնային Ղարաբաղը։ Վերջին երեք տարիների Ադրբեջանի հանցագործ վարքի պատճառով ավելի քան 150 հազար հայ էթնիկ և ռասիստական խտրականության և զենքի սպառնալիքի տակ հեռացել է իր հայրենիքից: Սա է այն բովանդակությունը, որ պետք է պարունակեր Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Նա պետք է արձանագրեր, որ շուրջ 10 ամիս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում էր հումանիտար աղետի մեջ։ Ինչո՞ւ Սաբինա Ալիևան նամակներ չհղեց միջազգային կազմակերպություններին, երբ Լեռնային Ղարաբաղում արձանագրվեց սովամահություն, երբ չկային կենսագործունեության ապահովման նվազագույն պայմաններ անգամ, կամ երբ անցակետից առանց հիմքի մարդիկ էին առևանգվում և քրեական գործեր հարուցվում, որի հիմքերը Ադրբեջանը չուներ և գտնել ևս չկարողացավ, այլ բեմադրեց մի քանի արարից բաղկացած ներկայացումներ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Ադրբեջանը տրամագծորեն հեռու է թե՛ մադու իրավունքների պաշտպանությունից, թե՛ պատմական իրականությանը առերեսվելու ցանկությունից։ Ուստի խորհուրդ ենք տալիս Սաբինա Ալիևային այցելել Բաքվում գտնվող քաղբանտարկյալներին, բռնադատված լրագրողներին և պարզապես ֆեոդալական հասարակության վերին կլաններից ցած գտնվող հասարակ մարդկանց՝ իմանալու սեփական երկրի և իր սատարած իշխանության մասին ողջ ճշմարտությունը։ Եվ վերջապես՝ կոչ ենք անում միջազգային իրավարար կազմակերպություններին կամ Ադբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին սովորեցնել Սաբինա Ալիևային, որ իր գործառույթը մարդու իրավունքները պաշտպանելն է, ոչ թե դրանց խախտումը օրինականացնելը։

ԳԱՐԴՄԱՆ-ՇԻՐՎԱՆ-ՆԱԽԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031