Բացահայտել բռնի տեղահանված արցախցիների խնդիրները, հարցադրումների միջոցով հասկանալ՝ ի՞նչ կարծիքներ եւ ինչպիսի՞ պատկերացումներ ունեն արցախահայերը՝ սեփական խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ պատասխանատուների մասին․ այս հարցերը մարտի 30-ին քննարկեցին Սյունիքում բնակություն հաստատած արցախցիների հետ։
Քննարկումը կազմակերպել էր «Արդարություն եւ վերադարձ» հասարակական կազմակերպությունը «Արցախի երիտասարդության ձայնը» խորագրով։ Ըստ կազմակերպիչների՝ ավագ սերնդի մարդիկ ավելի շատ ծանրաբեռնված են սոցիալական խնդիրներով, իսկ երիտասարդները կարող են ու պիտի պայքարեն։ Այս տեսակետի հետ համաձայն չէին երիտասարդության շեմը հատած արցախցիները։
«Ութսուն տարեկան տատիկ ու պապիկները որ հետ գնան Արցախ՝ կջահելանան եւ նրանք ուզում են գնան»,-ասաց քննարկման մասնակիցներից մեկը։
Կարդացեք նաև
Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ընտրվել է հետաքրքիր ձեւաչափ՝ հարցերը ոչ թե իրենց են տալիս՝ ակնկալելով պատասխանները, այլ հարցադրումները իրենք են առաջարկել արցախցիներին։
«Կարեւորում ենք Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզը, որ ոչ թե պիտի գծեն քաղաքական գործիչները կամ անհատները, այլ պիտի որոշեն արցախցիները։ Հենց դրանով են պայմանավորված հարցադրումների կազմումը»,*-լրագրողների հետ զրույցում նշեց տիկին Հակոբյանը։ Նման քննարկումներ կազմակերպվելու են բոլոր մարզերում , իսկ արդյունքում կազմվելու է վերջնական փաստաթուղթ։ «Դա կլինի արցախցիների որոշիչ ձայնը, որը ներկայացնելու ենք թե ՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ միջազգային կառույցներին»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Իսկ ինչո՞ւ են որոշել առաջին քննարկումը կազմակերպել Կապանում։ «Բռնի տեղահանումից հետո երկրորդ անգամ եմ Կապանում ու մի բան եմ նկատել․ Կապանը նման է Արցախին՝ ամեն ինչով՝ բնությամբ, բարբառով»,-նշեց պատգամավորը։
«Արդարություն եւ վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ անկախ նրանից՝ հայը Արցախում է ապրում թե Հայաստանում, դա մեկ հայրենիք է ու ցավը նույն է։ «Այս քննարկման մեսիջը հենց սա է՝ լինել մեկ հայրենիք, սակայն մի բան էլ պիտի արձանագրենք, որ արցախցին Հայաստանում ժամանակավոր է հանգրվանում եւ ամենամոտ հնարավորության դեպքում՝ կվերադառնա Արցախ»,-ասաց Հակոբ Հակոբյանը։
Մոտ 4 ժամ տեւած հանդիպմանը արցախցիները բացի իրենց տեսլականներից՝ ներկայացրին նաեւ օրախնդիր հարցերը։ Ճիշտ է, դրանց մի մասը լուծում են ստանում տեղական իշխանությունների աջակցությամբ, բայց նրանք առաջարկեցին ստեղծել մի մարմին, որին կարող են ներկայացնել իրենց հոգսերը։ «Հենց այդ մարմինն էլ մեր հարցերը կներկայացնի քաղաքապետարան, մարզպետարան»,-առաջարկեցին քննարկման մասնակից արցախցիները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ