Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ստեղծվել է ՔԲ-ն ընդդեմ ՔՊ-ի՝ «քաղբանտարկյալներն ընդդեմ Քաղպայմանագրի» վիճակ․ Արմեն Աշոտյան

Մարտ 30,2024 16:56

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։

Սերոբ Անանյան․ «Խնդրում եմ մեզ պայքարի մեթոդ և պլան ասեք, ուղղություն և ճանապարհային քարտեզ»:

Արմեն Աշոտյան․ Չեմ հավակնի ինչ-որ դեղատոմսեր առաջարկել, որոնք պարտադիր կլինեն: Թեպետ խորհուրդներիս և առաջարկներիս ի արձագանք դժվար թե որևէ մեկի մտքով անցնի ասել, թե «ձայնս տաք տեղից է դուրս գալիս»: Որովհետև 10 ամսյա կալանավորումը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մեղմ ասած, լավագույն վայրը չէ Հայաստանում, իսկ ես իմ ձայնը անգամ այստեղ չեմ կտրել:

Ուստի կառաջարկեմ հետևյալը: Իհարկե, մեծամասնությունը սպասում է հանրային ակցիաների, որոնք, իրոք, անխուսափելի են: Բայց մինչև այդ մակրոմակարդակի դիմադրություն, վստահ եմ, որ մեծ հնարավորություններ կան չսպասել այդ վերջնական և մեծ համախմբմանը և դժգոհությունն ա անհամաձայնությունը հայտնել ավելի փոքր խմբերով և ակցիաներով, որոնք կարելի է իրականացնել համակիրների և համախոհների ավելի փոքր խմբերով:

Չափազանց պիկետներ, ֆլեշմոբներ, բողոքի ակցիաներ, որոնք կապահովեն հանրային ուշադրություն, հանրային պրեսսից և հանրային դժգոհություն, կարելի է անել տարբեր դեսպանատների, պաշտոնյանների, դեսպանների, պետական հիմնարկների, հանրային օբյեկտների մոտ, հասարակական, մշակութային, մարզական միջոցառումների ժամանակ:

Ուզում եմ շեշտել, որ այս ամենը իրականացնելիս պետք է հետևել օրենքի պահանջներին, որպեսզի առիթ չտալ բռնաճնշումների սիրահար իշխանություններին: Բոլոր տրամաչափի նիկոլական պաշտոնյաները պետք է մշտապես դիսկոմֆորտ և անհարմարություններ զգան ամեն հանրային առիթով:

Իսկ մակարդակում իրական համախմբման կարիք կա` սերտելով նախորդ անհաջողությունների դասերը և դրսևորելով զրո ամբիցիա և զրո հուսահատություն:

Կարինե Ասլանյան․ «Ադրբեջանի պատգամավորն ասում է՝ եթե չազատեք գյուղերը, մտնելու ենք մաքրենք, Նիկոլը ուղարկել է Ոսկեպար Ստյոպա Սաֆարյանին և Լևոն Շիրինյանին, որպեսզի խաբեն ժողովրդին… դեմն ինչպե՞ս առնենք»:

Արմեն Աշոտյան․ Ձեր հարցի հետ մի քիչ համաձայն չեմ, որովհետև կարիք կա պայքարել ոչ թե հետևանքների, այլ պատճառի, ոչ թե ծառաների, այլ նրանց տիրոջ դեմ: Այն, որ Նիկոլը վաղուց է մի արատավոր լեգիոն, որոնք, աչքի են ընկնում կատարյալ անսկզբունքայնությամբ և անգերազանցելի բարոյազրկությամբ, գաղտնիք չէ: Գաղտնիք չէ, որ տարբեր օղակներում աշխատողներ կան, որոնք «տուն են պահում»` ուրիշի երեխաների տնազրկելով և ծնողազրկելով:

Եթե Նիկոլը վաղուց իր հոգին վաճառել է սատանային, ապա իր ծառայամիտ վարյագներն իրենց հոգիները վաճառել են Նիկոլին: Ուստի հանրային պայքարի էպիկենտրոնում պիտի լինի Փաշինյանը, ոչ թե իր մամելյուկները:

Գարիկ Մարդանյան․ «Նարեկին և Վազգենին նույնպես կալանավորեցին, քաղբանտարկյալների թիվը զուգընթաց շատանում է, դուք 11 ամիս բանտում եք, միջազգային խաղացողները ինչի՞ կոշտ քննադատություն չեն գալիս Նիկոլին»:

Արմեն Աշոտյան․ Իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում ինչպես Սամսոնյանին և Սաղաթելյանին, այնպես էլ Հայաստանի ավելի «ստաժավոր» քաղբանտարկյալներին՝ Ասլանյանին, Մալյանին, այլոց: Շատ կարևոր է հալածվող և ազատազրկված մարդկանց համար պայքարին և հանրային ճնշմանը հաղորդել մշտական և հետևողական բնույթ:

Քանի որ նիկոլական բռնաճնշումների նպատակներից մեկը վախի մթնոլորտի ստեղծումն է, առաջնային է նաև չվախենալ,չկոտրվելը, չլռելու և պայքարը շարունակել: Չպիտի թույլ տաք , որ մեր ազատազրկումով Նիկոլը «բռնի ձեր վախը»:

Ինչ վերաբերում է միջազգային լռությանը, ապա հանրահայտ փաստ է, որ քանի դեռ Նիկոլը խաղում է Արևմուտքի կանոններով, այդ կառույցները հրապարակավ չեն քննադատի իրեն, բայց մասնագիտացված զեկույցներում կարձանագրեն Հայաստանում ժողովրդավարության և ազատությունների տեսանելի և աղաղակող հետընթացը:

Իսկ գործող ռեժիմի ցինիկությունը հասել է այնտեղ, որ նրանք տակից խրախուսում էին Նավալնիի մահվան կապակցությամբ ակցիաները, բայց նույն Նավալնիի հետ միաժամանակ քաղբանտարկյալ ճանաչված ինձ արդեն 10 ամիս է՝ պահում են անազատության մեջ:

Մի խոսքով, Հայաստանում ստեղծվել է «քաղբանտարկյալներն ընդդեմ Քաղպայմանագրի» վիճակ` ՔԲ-ն ընդդեմ ՔՊ-ի։

Սարո Նահապետյան․ «Լայնածավալ պատերազմի վերսկսումը, ըստ Ձեզ, քանի՞ տոկոս է հնարավոր, և Նիկոլը այս տարի կգնա, թե՞ ոչ»:

Արմեն Աշոտյան․ Այս հարցին տոկոսային ճշգրտությամբ պատասխանել չի լինի, քանզի այլ դառը վերլուծություն է պետք անել:

Լայնածավալ պատերազմի վերսկսումը խիստ հավանական է: Այդ մասին անգամ ռեժիմն է բարձրաձայնում, բայց հետապնդելով բոլորովին այլ նպատակներ: Այն է. Ալիևի հետ փոխհամաձայնեցված խաղով մշտապես վախեցնել հայ ժողովրդին և դրդել նորանոր զիջումների, որոնց վերջը չի երևալու, մինչև նրանք չվերադարձնեն Հայաստանը և հայ ժողովուրդը, որպես քաղաքական գործոն:

Ակնհայտ է, որ Նիկոլի օրոք մեր դեմ բոլոր պատերազմները և հարձակումները սարքած են, և եթե Փաշինյանը մնա, ապա հաջորդները նույնպես այդպիսին են լինելու: Այս քաղաքական անունն է.  Հայաստանը տանք՝ հանգիստ ապրենք:

Ինչ վերաբերում է Նիկոլի գնալուն, նա ինքնակամ չի գնալու. Նրան պետք է վռնդել, քշել, հեռացնել։ Կստացվի դա, թե չե՝ կախված է բացառապես հայ ժողովրդից: Ոչ մի դրսի տիկնիկավար չի կարող պահել նրան մեր գլխին, եթե մենք չուզենանք և չհանդուրժենք: Իսկ դրսի մասնակցությամբ նրան գահընկեց անելը մեկ այլ, նոր մարտահրավեր կստեղծի Հայաստանի պետականության համար: Ուստի Նիկոլից պրծնելու հայ ժողովրդի որոշումը և քայլը պետք է լինի, ինչի համար կան բոլոր նախադրյալները, պայմանները և հրամայականները:

Աննա Սարգսյան․ «Պարոն Աշոտյան 11 ամսից ավելի է՝ Ձեզ փակի տակ են պահում, խնդրում եմ՝ կասեք ինչո՞վ եք զբաղվում ամեն օր, ինչպե՞ս եք դիմանում այս տանջանքներին»:

Արմեն Աշոտյան․ Իրականում այս պահին մոտ 10 ամիս է՝ ինչ ազատազրկված եմ: Եվ այդ երկար ու ձիգ ամիսների յուրաքանչյուր անվերջանալի թվացող օր դիմանում եմ և դիմադրում, որովհետև լավ գիտեմ, որ մենակ չեմ, լավ գիտեմ, որ իմ համեստ ուժերի չափով դեռ պետք եմ ոչ միայն ընտանիքիս, այլև Հայրենիքիս:

Անշուշտ, դժվար է: Ինչպես անգլիացիք են ասում, չկան վատ գարեջրատներ և լավ բանտեր:

Առիթ եմ ունեցել, սակայն, ասելու, որ իմ անազատության լոկ ֆիզիկական է, որովհետև հոգիս, միտքս,խիղճս ոչ մի Նիկոլ Փաշինյան բանտարկել չի կարող: Եվ ես ավելի ազատ եմ, քան իմ դահիճները: Եվ այս ներքին ազատության կարևորագույն աղբյուրը Տերն է: Իր լույսը և ջերմություն է, և լիցքավորում, և մաքրում:

Օրերս մաքսիմալ կազմակերպած են անցնում, բացի կենցաղային հարցերից նաև շատ ժամանակ եմ հատկացնում կարդալուն, գրելուն, դիտելուն: Հատկապես զվարճալի են ադրբեջանական մամուլի անդրադարձները ինձ, որոնք վկայում են այն մասին, որ նրանք ուշիուշով հետևում են իմ գործունեությանը անգամ բանտում: Էպիկ է, թե ինչպես են Ադրբեջանի գրչակները իրենց նյութերով պաշտպանում Նիկոլին ինձանից:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031