Որևէ անգամ հանրությունը լսե՞լ է, որ իշխանությունների մտքով հանկարծ անցնի նոր կրթական ու մշակութային կենտրոններ բացել, որոնք իրենց առաջ հանրային պահանջների բավարարման հետ կապված կարևոր խնդիրներ կարող են դնել։ Ուղղակի բացառված է, որ իշխանությունները նման քայլի գնան, ու դա ցույց է տալիս նրանց անցած ողջ հետագիծը։ Մյուս կողմից էլ՝ հարց է ծագում, թե, օրինակ՝ ի՞նչով է պայմանավորված օպտիմալացման անհրաժեշտությունը, եթե ինքնին պարզ է՝ կրճատումների և միավորումների արդյունքում գիտակրթական ու մշակութային կյանքը դրանից ավելի լավը չեն դառնա՝ մանավանդ այն պայմաններում, երբ կառուցվածքային փոփոխություններից բացի բովանդակային բարելավման խնդիր դրված չէ։ Դեռ ավելին՝ տարբեր փորձագետներ ահազանգում են այն մասին, որ ամենաբարձր մակարդակով տարվող այս քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ինչի արդյունքում կրթությունը և մշակույթը հետ կգլորվեն։
Ճիշտ է՝ փորձը ցույց է տալիս, որ որոշակի դիմադրության հանդիպելուց հետո իշխանությունները փորձում են առժամանակ հետաձգել իրենց ծրագրերը, բայց որոշ ժամանակ անց կրկին նոր թափով անցնում են իրենց քանդարարության իրականացմանը։ Իսկ ինչո՞ւ են քանդում համակարգը։ Չէ՞ որ ցանկացած իշխանություն, ընդհակառակը, ըստ տրամաբանության, պետք է շահագրգռված լինի գիտակրթական ու մշակութային կյանքի զարգացմամբ։ Պատճառը թերևս այն է, որ իշխանությունները փորձում են հանրային ուշադրությունը շեղել անվտանգային սպառնալիքներից։ Մի՞թե այս պահին բուհերի օպտիմալացումն այդքան հրատապ է, երբ կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի տակ։
Մյուս կողմից էլ՝ իշխանությունները նպատակադրվել են ջնջել անցյալի ձեռքբերումները, մոռացնել ժամանակի ընթացքում ձևավորված արժեհամակարգը, մերժել նախկին արդյունքները և ամեն ինչ սկսել զրոյական կետից, ինչպես ժամանակին Արցախի հարցում բանակցությունները սկսում էին զրոյական կետից։ Սա, շատերի կարծիքով, երկրի հանրային իմունիտետը թուլացնելու նպատակաուղղված ծրագիր է, որը ձեռնտու է առաջին հերթին օտար ուժերին, քանի որ մեր հասարակությունը կկորցնի իր դիմադրողականությունը, ու պետության համար պատուհաս դարձած ՀՀ իշխանությունները ավելի հեշտ կարող են մանիպուլացնել մարդկանց, դարձնել զիջողական ու կոտրել պայքարի ոգին։ Այս համատեքստում պետք է հաշվի առնենք, որ հենց կրթական ու մշակութային օջախներից կարող է ծագել նաև դիմադրողական օջախների ստեղծման ու ազգային պայքարի ալիքը։ Համենայն դեպս, ընթացքում նման բազմաթիվ դեպքերի առնչվել ենք։ Փաստացի ստացվում է, որ իրենց կողմից իրականացվող քայլերով իշխանությունները նաև աթոռը պահելու հեռահար խնդիր են լուծում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում