Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. Այս ամբողջ խաբկանքը սահմանազատման անվան տակ անելու իմաստն այն է, որ անունը դնեն՝ դա մերը չի էլ եղել. «Հրապարակ»

Մարտ 30,2024 10:15

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ եւ իրավագիտության թեկնածու Արամ Օրբելյանի հետ զրուցել ենք սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Տավուշում իրականացվող գործընթացի մասին։

Պետությունների միջեւ սահմանները, ընդհանրապես, որոշվում են սահմանագծման եւ սահմանազատման՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկու առաձին գործընթացի արդյունքում։ Առաջին փուլը քարտեզների, տեղանքում նշագրումների ու տեղորոշումների հետ կապ չունի, դա սկզբունքների ու մոտեցումների համաձայնեցման փուլն է։  Երկրորդ գործընթացը մեկնարկում է, երբ այդ սկզբունքների եւ մոտեցումների մասին համաձայնություն կա։ Այդ փուլում տեղանքում վերջնական տեղորոշում է իրականացվում, թե սահմանը կոնկրետ որ հատվածներով է անցնում։ Մասնագետն ասում է՝ այն, ինչ տեղի է ունենում այդ գործընթացների անվան տակ, հակադրվում է եւ՛ ներպետական, եւ՛ միջազգային իրավունքին։ Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պահանջների կատարում։

«Գործընթացը, որը իշխանությունն իրականացնում է, ոչ իրավաչափ է, որովհետեւ, ըստ էության, սկզբունքների մասին որեւէ համաձայնություն չկա եւ ուշադրություն` գործ ունենք ոչ թե սահմանային խնդրի, այլ տարածքային վեճի հետ։ Ադրբեջանը հստակ հավակնություններ ունի ՀՀ տարածքների նկատմամբ եւ ՀՀ գործող իշխանությունը պատրաստ է զիջել ՀՀ տարածքները` ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված ընթացակարգերով, բերելով միլիոն պատճառաբանություն՝ սկսած այդ տարածքների պատկանելիությունը կասկածի տակ դնելուց մինչեւ այլ քաղաքական հայտարարություններ, պետություն-հայրենիք արհեստական տարանջատումներ»,-«Հրապարակ»-ին ասում է Արամ Օրբելյանը։

Միջազգային իրավական հստակ նորմ, որը կասի, թե ինչպես պետք է ընթանա գործընթացը, իրավաբանի խոսքով, չկա, միակ փաստաթուղթը, որը կարելի է դիտարկել, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացման վերաբերյալ ԵԱՀԿ ուղեցույցն է, որտեղ սկզբունքներ են արձանագրված, որոնք, սակայն, ենթադրվում են այն դեպքերի համար, երբ տարածքային վեճ գոյություն չունի, երբ կողմերը հստակ գիտեն, թե որն է միմյանց սահմանը եւ տեղի է ունենում բուն սահմանի տեղորոշում: Օրինակ, հստակեցվում է, որ սահմանն անցնում է այսինչ գետի այս մասով է, այնտեղ մի քիչ առաջ է գնում․․․ Տարածքային վեճի դեպքում միջազգային իրավունքն այլ սկզբունքներ ունի։

«Ադրբեջանի Հանրապետությունն այս պահին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, հավակնություններ ունի: Բայց նաեւ Արցախի Հանրապետությունն է օկուպացրել, որը ՀՀ փաստաթղթերով Հայաստանի տարածք է, ուղղակի, Հայաստանը այն չի ճանաչել որպես այդպիսին, որ բանակցային գործընթացը փակուղի չմտնի։ Եթե նույնիսկ Արցախի Հանրապետության օկուպացիայի հարցն էլ չքննարկել, ՀՀ բազմաթիվ տարածքներ Ադրբեջանը օկուպացրել է եւ ասում է՝ սրանք իմն են։ Եթե մենք դիտարկենք Ադրբեջանի Հանրապետության փաստաթղթերը, նա հավակնություններ ունի Սյունիքի, Վայոց Ձորի,  Գեղարքունիքի, Արարատի մարզի մի հատվածի նկատմամբ նույնպես, ընդ որում, այդ հավակնությունները ոչ միայն մի շարք փաստաթղթերում են արձանագրվում, այլեւ «Արեւմտյան Ադրբեջանի» մասին խոսույթում,  պետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող բարձրաստիճան անձանց հայտարարություններում, հետեւաբար սահմանազատման եւ սահմանագծման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող են քննարկել միայն այն դեպքում, եթե մենք արձանագրենք, որ տարածքային վեճ չունենք եւ տարածքի հետ կապված սկզբունքներում ունենք համաձայնություն»,-մանրամասնում է Օրբելյանը։

«Չի կարող հարաբերությունների կարգավորում լինել, երբ մեր աչքի առջեւ տեղի ունեցած ռազմական հանցագործության խնդիրը քննարկման առարկա չի դառնում (Արցախում էթնիկ զտումը, խմբ․), երբ հսկայական գույքային պահանջի խնդիր կա: Ըստ գնահատականների, միլիարդը գերազանցող գույք է մնացել Ադրբեջանի տիրապետության տակ, երբ ՀՀ քաղաքացիները, որոնց այս իշխանությունը չի համարում քաղաքացի, սեփականություն են կորցրել, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառման փաստը կա։ Այս պայմաններում անունը դնել, որ մենք սահմանազատում ենք իրականացնում, մեծ սուտ է, իսկ պաշտոնատար անձանց հայտարարությունները, թե ինքնիշխանություն են փրկում, իսկական Հայաստանը պատմական Հայաստանից տարանջատում են, փարիսեցիություն է եւ մանիպուլյացիա։ Իսկական Հայաստանը ՀՀ փաստաթղթերով արձանագրված է եւ այն ոչ մի տեղ 29 800 չէ, շատ ավելի մեծ է։ Այս ամբողջ խաբկանքը սահմանազատման անվան տակ անելու իմաստն այն է, որ անունը դնեն՝ դա մերը չի էլ եղել, դրա համար էլ հանձնում ենք։  Իրենք կարող են ասել՝ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել, մենք հանձնվել ենք Ադրբեջանի քմահաճույքին, ինչ ուզի, դա ենք անելու, այդ ժամանակ եկեք քննարկենք, թե ով կմնա այդ հանձնարարությունները անելու համար»,-շեշտում է Օրբելյանն ու եզրափակում․ «Ուրիշ բան չասեմ, ոստիկաններ էին գնացել եւ այդ տարածքներում ոստիկանական գործողություններ էին իրականացրել: ՀՀ տարածքից դուրս դժվար թե ՀՀ ոստիկանները կարողանային որեւէ բան անել»։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031