Ասում է Արարատի գագաթ հասած Արփինեն
Հարցազրույցը Արարատի գագաթ հասած, Հայաստանի ու Արցախի դրոշները բիբլիական գագաթին ծածանած, մասնագիտությամբ մաթեմատիկոս, ռիսկերի կառավարիչ, այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում որպես բիզնես վերլուծաբան աշխատող, լեռների, հատկապես՝ Հայաստանի, հայկական մշակույթի եւ արվեստի հավերժ սիրահար՝ Արփինե Ղազարյանի հետ է:
– Լեռնագնացությունը դա հոբբի՞ է, մոլո՞ւցք, նախասիրությո՞ւն, կենսակե՞րպ, ի՞նչ է այն շատ կոնկրետ մասնագիտություն ունեցող մարդու համար, ով կարծես թե չպիտի զբաղվեր դրանով, ընդհանրացված մի բնորոշում ունեն միշտ ծրագրավորողները, ովքեր ասես իրենց աշխարհն ունեն եւ ապրում են այնտեղ:
– Դժվար է բնորոշել մեկ բառով, թե կենսակերպ, թե հայրենիքս ավելի լավ ճանաչելու, ամեն քար ու թուփ ճանաչելու միջոց, թե ինքնաճանաչման ու առօրյա հոգսերից, աշխատանքից հանգստանալու միջոց։ Ու նաեւ արդեն սիրելի ընկերների հետ հանդիպելու հնարավորություն։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է, թե ում հետ եմ յուրաքանչյուր լեռ բարձրանում, որովհետեւ ամեն ճանապարհ անցնում ենք մեկ թիմի պես։ Թիմի մաս կազմելու, թիմ լինելու գաղափարը շատ կարեւոր է, թիմով բոլորով գագաթ հասնելն էլ է շատ կարեւոր, իրար օգնելը, կարեկցելը, գոտեպնդելը։
Կարդացեք նաև
– Ո՞րն էր առաջին բարձունքդ, առաջին գագաթը, ի՞նչ զգացողություն էր:
– Առաջին գագաթը մեծ Մայմեխն էր 2016 կամ 2017 թվականին, լավ չեմ հիշում արդեն, երբ գնացինք։ Ճանապարհն անցնելը դժվար էր ոչ արշավային կոշիկներով, անհամապատասխան հագուստով, բաց գագաթին հասնելու մեծ ցանկության շնորհիվ հասա գագաթ։ Հիշում եմ, չտեսնված գեղեցիկ տեսարան էր բացվել մեր առաջ, ուզում էի նկարել, բայց մեկ է, լեռների բնական գույներն այլ էին, հեռախոսով չէր ստացվում նման պատկեր ստանալ։ Աչքերս փակեցի ու քամու ձայնն էի լսում, հետո լուռ նստել, հիանում էի տեսարանով։ Այդ ժամանակ էլ սիրեցի լեռները ու հասկացա, որ կյանքումս իրական գույներ ավելացան, այլեւս առանց լեռների, քայլարշավների չեմ կարող ապրել։ Երբեմն արժե, նույնիսկ պետք է ինքդ քեզ հետ առանձնանաս բնության գրկում, ամենահրաշլի բժիշկը հենց բնությունն է։ Լեռնագնացությունը հրաշալի միջոց է ավելի կոփվելու, ուժեղ լինելու, փորձություններ հաղթահարելու, ամեն վատի մեջ լավը տեսնել սովորելու համար։ Ինձ համար նաեւ հայեցի ապրելակերպ է, ինչքան շատ եմ Նժդեհ կարդում, այնքան ավելի եմ զգում Նժդեհի ոգին վեհաշուք Խուստուփում:
– Արարատի գագաթը բարձրանալը ո՞ւխտ էր, նպատա՞կ, երազա՞նք, ինչպե՞ս էր ընթացքը, լեռան բնավորությունը զգացի՞ք, ասում են՝ Մասիսն ամեն մեկին չէ, որ թույլ է տալիս բարձրանալ ու հասնել գագաթին:
– Մանկուց ամեն օր հիանում էի Արարատով ու ինչքան լավ էր երեւում Արարատս, այնքան բարձրանում էր տրամադրությունս։ Ցավոք, մեր պատուհանից չի երեւում Բիբլիականս, բայց ես ամեն առավոտ բակ դուրս գալիս միշտ նայում եմ, արտերկրում էի ապրում ու ամենաշատը կարոտում էի Արարատիս ու Արցախիս, մերոնք կատակում էին, ասում էին՝ սփյուռքահայ ես դարձել։ Ուղղակի ես առավել կարեւորեցի Արարատս՝ լինելով օվկիանոսից այն կողմ: Երբ սկսեցի լեռներ բարձրանալ, գիտակցեցի՝ ինչքան դժվար պիտի լինի Արարատ բարձրանալ, սկսեցի պատրաստվել։ Սպասում էի, որ Արարատս էլի մեր կողմից կբարձրանամ, բայց արդեն գիտակցում էի, որ դժվար թե տեսնեմ Արարատս Հայաստանիս կազմում, փորձեմ այն բարձրանալ ետեւի կողմից։ Արդեն գրանցվել էի գնալու համար, բայց սկսվեց կորոնավիրուսը, ճանապարհները փակվեցին, հետո 2020թ. պատերազմը, հոգեպես պատրաստ չէի բարձրանալ: 2023թ. հուլիսի 5-ին «Հատիս» խմբի հետ բարձրացանք Արագածի հարավային գագաթ ու Արցախիս դրոշը ծածանեցի գագաթին։ Չնայած կարկտին, հասանք գագաթ ու ղեկավարը (հիմա արդեն մտերիմ ընկերս) ասաց՝ դու կարող ես բարձրանալ Արարատ, արի գնանք միասին մեկ ամսից: Այդ ժամանակ Արցախս շրջափակման մեջ էր, շատ անհանգիստ էի, լարված: Ուխտեցի, որ կհասնեմ բիբլիականիս գագաթին, կաղոթեմ Արցախիս համար, ու հրաշք կլինի, հավատում էի հրաշքին…
Բոլոր լեռներն էլ աուրա ունեն՝ Խուստուփը, Արագածը, Աժդահակը, Արամազդը, իսկ կասեի Արարատս ջերմորեն դիմավորեց մեզ ու գրկաբաց ընդունեց, եթե կարելի է այդպես ասել։ Ստորոտում կանգնել էինք, հիանում էի Արարատով, ինձ թվում էր՝ Արագածի Արեւմտյան գագաթի բազմապատիկ լայն լեռ կարծես լինի, բոլորովին այլ է Արարատը ետեւի կողմից։ Երբ սկսեցինք բարձրանալ, Պաղեստինից արշավականների խումբ էր իջնում, տխուր, տրտում, ասացին, որ 2 օր փորձել են, բայց չեն հասել գագաթ, բուք էր եղել։ Այդ պահին մի միտք անցավ բոլորիս գլխով՝ Արարատը բոլոր հայերին էլ կթողնի բարձրանալ ու հասնել գագաթին։ Միայն երբ առաջին ճամբար հասանք, կարկուտ սկսվեց, հետո պարզկա երեւաց լեռան գագաթը ու ամբողջ վերելքի եւ վայրեջքի ժամանակ եղել է հրաշալի արեւոտ եղանակ։ Երբ արդեն քայլում էինք սառցադաշտով, երեւաց հեռվում Արարատի գագաթը, անբացատրելի հուզիչ էր… շատերս արտասվում էինք ու այդպես արտասվելով հասանք գագաթ։ Ինձ համար դժվար էր բարձրանալը, մինչեւ 4600մ հարաբերական բարձրություն շատ հեշտ եմ բարձրացել, բայց 4600 մետրից կտրուկ վատ զգացի, լեռնային հիվանդություն էր սկսել։ Ընկերներս շատ օգնեցին ինձ գագաթ հասնելու համար։ Ամբողջ ճանապարհին աղոթում էի, գրպանումս Նարեկ էր, որ պիտի գագաթ հասցնեի, Նարեկը բռնած աղոթում էի, խնդրում, որ հասնեմ գագաթին, ընկերուհուս ուխտն ի կատար ածվի։ Անբացատրելի ուրախություն էր Արարատի գագաթին հասնելը, այնտեղից Արագածին, Հայաստանին նայելը։ Արեւոտ, տաք եղանակ էր, շուրջ 2 ժամ գագաթին մնացինք, չնայած մեզ թվում էր, թե նոր ենք հասել այնտեղ։ Ծնկաչոք երկար աղոթեցի Արցախիս համար, հավատում էի, որ ճանապարհը կբացվի, կգնանք, ցավոք…
– Լեռը լսել է քո աղոթքը եւ հավատանք, որ ի կատար ածման ժամանակը դեռ կգա։ Իսկ ի՞նչ է «լեռնային հիվանդությունը» եւ այդ ի՞նչ ուխտի մասին էր խոսքը:
– Թթվածնի պակասից սկսում է գլխապտույտ, սրտխառնոց, ճնշումն է կտրուկ նվազում։ Հանուն Արցախիս ազատագրման էր ուխտս, ընկերուհիս էլ ցանկանում էր Նարեկ հասցնել գագաթին, ամփոփեցինք Նարեկն այնտեղ:
– Ամեն անգամ հետդ դրոշ ես վերցնում, Արարատի գագաթին նաեւ Արցախի դրոշն ես բարձրացրել: Ոգեկոչության նշա՞ն է, հետաքրքիր է, թե ի՞նչ էիք զգում, մտածում, բարձրաձայնում գագաթին հասած, դրոշը ծածանելիս, սիրելի Արփինե։
– Արցախիս մասին բարձրաձայնելու, ոգեկոչության նշան է ինձ համար դրոշ ծածանելը։ Շատ եմ ցանկանում բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթներին ծածանել Արցախիս դրոշը։ Թեեւ հիմա Արցախս մերը չէ, բայց պետք է աշխատել, որ գա այդ ժամանակը, երբ այն նորից մերը կլինի։ Դրոշը, հիմնը, գերբը կարեւոր խորհրդանիշներ են պետականության ու պիտի պետականամետ մտածելակերպ ունենանք մեր պետականության արժեքը գնահատելու, այն ամուր փայփայելու, եւ եթե պետք է՝ անգամ սեփական կյանքով այն պահելու համար։
– Վերջերս նաեւ Կիլիմանջարոյի գագաթ հասաք (բարձրությունը 6895 մ), կամքի ի՞նչ ուժ, բնավորություն է պետք հաղթահարելու լեռնային անմատչելի թվացող բարձունքները: Դեռ կա՞ն աննվաճ գագաթներ:
– Շատ են աննվաճ գագաթները, Աստծո կամոք, երանի, բոլորն էլ կարողանամ բարձրանալ, իսկ ուխտը մեկն է, անփոփոխ։
– Վլադիմիր Վիսոցկու երգը անընդհատ մտքումս հնչում է, ողջ զրույցի ընթացքում: Վերելքի ընկերը առանձի՞ն տեսակ է լեռնագնացության մեջ, ինչու չէ նաեւ կյանքում:
– Իրավացի եք, սիրելի Արմինե։ Մենք ասում ենք մեր լեռնցի, մեր լեռնային ընկերներն ուրիշ են։ Մեկ այլ հայկական ասացվածք էլ կա՝ եթե ուզում ես դիմացինին ճանաչել, իր հետ հեռու ճամփա գնա։ Արշավական ընկերների հետ տարբեր փորձություններ ենք հաղթահարում, միասին ուրախ եւ տխուր առիթներ նշում, իրենց ձեռքերն ամենաամուրն ու հուսալին են (փոխաբերական իմաստով)։
– Լեռների, սարերի փիլիսոփայություն ասվածը ինչի՞ մեջ ես գտել ինքդ քեզ համար։
– Յուրաքանչյուր լեռան վերելք ինքնամաքրման մի ճանապարհ է, ներհայելու հնարավորություն, անհամեմատելի է լեռներից ստացած էներգիան, վերադառնում ենք ֆիզիկապես հոգնած, բայց էլ ավելի ոգեպնդված։ Անկեղծորեն, որպես Աֆրիկայի ամենաբարձր գագաթ, երբ բարձրացանք, հոգեպես դատարկություն էր, կարծես ընդամենը բարձրունք էինք հաղթահարել։ Մինչդեռ Խուստուփը ոգեկոչման աղբյուր է, ինձ համար՝ մեր հայ ազգի, բարձրացա, բառերով չեմ կարող նկարագրել՝ ինչ էի զգում, հոգիս ցնծում էր երջանկությունից, ու ինձ Սյունյաց լեռների մասնիկն էի զգում։ Իսկ բիբլիական Արարատը… մեր սրբազան ուխտատեղին: Հիմա էլ նայում եմ Արարատին ու աչքերս թրջվում են, անհավանական է թվում արդեն, որ այնտեղ էի: Մեր լեռներն են նաեւ մեզ ապավեն, իսկ մենք կարծես չենք էլ գնահատում դրանց կարեւորությունը։ Երբ իրապես գնահատենք, կարթնանա յուրաքանչյուրիս մեջ լեռնցին, ու կունենանք մեր անկախ Լեռնահայաստանը։ Լինենք ամուր մեր լեռների պես, ամուր կառչենք մեր արմատներին, այնտեղ է թաքնված մեր ինքնությունը ու մեր հնարավոր ապագան։
– Իմ առաջին ու մինչ օրս դեռ առաջին լեռը Գութանասարն էր, որ բարձրացել եմ շատ փոքր հասակում, երբ ընդամենը չորս տարեկան երեխա էի ու մեր մեղվապահ հարեւանների մեծ երեխաները որոշեցին բարձրանալ այդ սարը, 2299,6 մետր բարձրություն, ինձ շատ էին սիրում ու իրենց հետ որոշեցին տանել… Բնականաբար, փոքր էի ու հոգնեցի այդ խիստ թեք վերելքից ու հարեւանի տասնվեցամյա աղջիկը ուզեց ինձ գրկել, մեզ հյուր եկած բարեկամուհիս թույլ չտվեց, ասելով՝ «եթե քայլել կարողանում է, թող քայլի, ինչո՞ւ ես շալակում»: Ավելի մեծ տարիքում էլ այդ սարը մի քանի անգամ բարձրացա, բայց հիմա, ամեն ընկճված պահի ես հիշում եմ այդ վերելքը, ամեն տեսակ դժվարության մեջ տարիների հեռվից էլ այդ վերելքս ինձ ուժ է տալիս։ Որպես սպորտաձեւ, հոգեբանական նշանակության միջոց, որը կարող է բնավորության կոփման միջոց հանդիսանալ, կարո՞ղ ենք դիտարկել լեռնագնացությունը, ի՞նչ կարծիքի ես, այն կարո՞ղ է երեխայի դաստիարակության մաս դառնալ:
– Կեցցեք, Արմինե ջան, 4 տարեկանում լեռ բարձրանալը կատակ բան չէ։ Համամիտ եմ, լեռնագնացությունը շատ է օգնում ավելի ուժեղանալ մարմնով եւ հոգով, փոքրերին դաստիարակելու համար հրաշալի մեթոդ է, կարծում եմ։ Այն նաեւ հայրենիքը ճանաչելու եւ այն սիրելու հրաշալի ճանապարհ է։ Ա՛խ, եթե մեր պետական այրերն էլ այդպես մտածեին: Դժվար թե հայ լեռնագնացը Իշխանասարից հրաժարվեր դե մի բլուր այս կողմ, այն կողմ ներատիվով: Ինձ թվում է՝ մենք բոլորս էլ մի քիչ լեռնեցի պիտի լինենք, եթե ուզում ենք Հայաստան անունով Հանրապետություն ունենալ։ Ինձ համար միշտ Արցախը Հայաստան է, կա ու կլինի։ Հիմա այդ ամենագեղեցիկ (ղաշանգ) մասը գերության մեջ է, բայց կազատագրենք. երբ մենք էլ այս գլոբալիզմի, թրքահաճության, այլեւայլ մոլուցքներից ազատագրվենք, ետ դառնանք դեպի մեր ճշմարիտ ճանապարհը՝ դեպի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, դեպի Ազգ- Բանակ- Եկեղեցի եռամիասնություն։
Հարցազրույցը՝ արվեստաբան
Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
Գլխավոր լուսանկարում՝ Արարատի գագաթին:
«Առավոտ» օրաթերթ
29.03.2024