Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Բաքու ջղաձիգ հակազդեցություն

Մարտ 30,2024 12:00

Հայաստան-Արեւմուտք հարաբերությունները որակվեցին որպես` «Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ»

Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ընդհանուր տեղեկություններ հայտնել։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ հանդիպումը Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չի բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաեւ քննարկվեն ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, սակայն, ըստ ԱՄՆ պաշտոնյայի, հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ։ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա», – ասել է Միլլերը, շեշտելով՝ քանի որ այն աշխատում է առեւտրային կապերը դիվերսիֆիկացնելու եւ հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ: Ավելի վաղ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ Միլլերը նաեւ նշել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջեւ տարաձայնությունները հարթելու եւ երկարատեւ ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ»:

Ինչպես եւ կարելի էր կանխատեսել` Մոսկվան ու Բաքուն բավական ջղաձիգ արձագանքեցին բրյուսելյան հանդիպման անցկացման տեղեկությանը: Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել ապրիլի 5-ին ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարեցին, թե այդ հանդիպումը «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարածաշրջանը եւ հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության ձեւավորմանը»։ «Այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ շեշտելով, թե` «Երեւանում ռեւանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի եւ Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»՝ կոչ անելով բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա եւ տարածաշրջանում լարվածության նոր ալիք հրահրել։

Բաքուն մտահոգություն է հայտնել նաեւ «Հայաստանի ռազմականացմանն ուղղված» Ֆրանսիայի գործողությունների եւ «ավելի մեծ ռազմական մատակարարումների (ներառյալ մահաբեր եւ հարձակողական զենքեր)» կապակցությամբ։ Իսկ անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ Բաքուն նշել է, թե Ադրբեջանն է նախաձեռնել Բաքվի եւ Երեւանի միջեւ ընթացող խաղաղ գործընթացը, կառուցողական դիրքորոշում դրսեւորել հետկոնֆլիկտային կարգավորման բոլոր հարցերի վերաբերյալ։ Բացի այդ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն է խնդրել համաձայնություն տալ 40 փորձագետներից բաղկացած Եվրամիության կարճաժամկետ մոնիտորինգի ներուժի տեղակայման համար։ Ըստ Բաքվի՝ այն պետք է տեղակայվեր հայկական կողմում եւ նպաստեր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության հաստատմանը։ «Ցավոք, նախնական երկամսյա ժամկետից հետո, առանց Ադրբեջանի համաձայնության, այն վերածվեց Հայաստանում ԵՄ առաքելության՝ զգալիորեն երկարաձգված ժամկետով եւ ավելի մեծ թվով դիտորդներով»։ Բաքուն նշել է՝ ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք», իսկ «Կանադայի միանալով այն փաստացի ստացավ ՆԱՏՕ-ի առաքելության կարգավիճակ»։

Միեւնույն ժամանակ պաշտոնական Բաքվից դժգոհում են, թե Ադրբեջանը երբեք անվերապահ աջակցություն չի ստացել Բրյուսելից եւ Վաշինգտոնից, ինչպես դա ստանում է Երեւանը… Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է. «Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, լինելով շուրջ 30 տարի զինված ագրեսիայի, օկուպացիայի եւ էթնիկ զտումների զոհ, եւ նույնիսկ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին, որոնք պահանջել են անհապաղ, ամբողջական եւ անվերապահ դուրս բերել հայկական զորքը, ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից երբեք նման անվերապահ աջակցություն չէր ստացել»:

Գիշեր-ցերեկ զինվող Ադրբեջանը շարունակում է հրապարակային մտահոգություն հայտնել Բրյուսելում նախատեսված հանդիպման օրակարգում «Երեւանին ռազմական աջակցություն տրամադրելու» հարցի առիթով, ինչպես նաեւ պաշտոնական Փարիզի աջակցության վերաբերյալ:

Բաքվի ուշադրությունից չեն վրիպում Հայաստանի եւ այլ երկրների միջեւ շփումներն ու պայմանավորվածությունները: «ԵՄ անդամ մեկ այլ երկիր՝ Հունաստանը, վերջերս հայտարարել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։ Բացի այդ, քննարկվում է Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցներից ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Դա լրացուցիչ մտահոգություն է առաջացնում եւ խարխլում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը»,- հավելել է Հաջիզադեն:

Պաշտոնական Բաքուն մեղադրանքներ է հնչեցրել Փարիզի հասցեին նաեւ ուժային կառույցի ղեկավարի մակարդակով: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նագիեւն ուղղակի արձանագրել է` «այսօր Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ կան»։ Համաշխարհային մասշտաբով օրեցօր աճող Ադրբեջանի հեղինակությունը, հաղթանակները քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված բարենպաստ պայմանները գրավել են արեւմտյան մի շարք երկրների ուշադրությունը, նշել է Նագիեւը՝ հավելելով, թե այդ երկրները թեեւ «դիտորդական առաքելություն» են իրականացնում սահմանին, սակայն «նրանց իրական նպատակը ամենեւին էլ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելը չէ»։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը, մասնավորապես, մատնանշել է Ֆրանսիան, ասելով, թե` Փարիզը «միջնորդական առաքելություն է ստանձնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, սակայն իրականում միակողմանի դիրքորոշմամբ երկար տարիներ հովանավորել է Հայաստանին եւ նրան լիարժեք աջակցություն ցուցաբերել»։ Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն, ըստ Նագիեւի, Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին։ «Ֆրանսիան այնտեղ իր ռազմական առաքելությունն է ներդնում, Հայաստանին հրահրում է հերթական պատերազմի՝ փորձելով կյանքի կոչել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը»։

Բաքուն Փարիզին նաեւ մեղադրել է լրտեսական ցանցեր ստեղծելու համար՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգությանը։ «Ձեռնարկվել եւ ձեռնարկվում են համարժեք քայլեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար», – ասել է Նագիեւը՝ նշելով, որ օպերատիվ իրավիճակը միշտ վերահսկելի է։ «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերներին, մեր տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների ամենատարբեր սցենարների եւ չկորցնենք զգոնությունն անվտանգության հարցերում», եզրափակել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը։

Այսպես, պաշտոնական Բաքուն Փարիզին մեղադրում է «Երեւանին հերթական պատերազմին պատրաստելու մեջ», այդ կերպ, ըստ ադրբեջանական իշխանությունների` Ֆրանսիան «փորձում է իրականացնել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը»։ Այսինքն, Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։

Չնայած թե՛ Եվրամիության պաշտոնյաները, թե՛ պաշտոնական Երեւանը շեշտում են, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական է, անզեն եւ տեղակայվում է բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքում, Մոսկվային ու Բաքվին այս առաքելության գործունեությունը մի քանի ամիս է, ինչ հանգիստ չի տալիս:

Բաքվի ջղաձիգ արձագանքներին ու ընդվզմանը, նույնիսկ` հիստերիկ աղմուկին ոչ անսպասելիորեն շարունակում է «ձայնակցել» Մոսկվան: Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Երեւանում ձեւացնում են, թե զարմանում են՝ ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ, օրերս հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Նշվում է, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուշադրությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով»,-ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ նման հանդիպումները անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ։ «Դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը, այլ Արեւմուտքի՝ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս հետագա ներմուծմանը, այնտեղ նոր բաժանարար գծեր ստեղծելուն։ Ստիպում են երկրներին տարածաշրջանում հետեւել հակառուսական օրակարգին՝ քանդելով նրանց դարավոր կապերը Մոսկվայի հետ, թուլացնել տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության առկա մեխանիզմները»,-ասել է նա։ Զախարովան նշել է, թե մեծ հարց է՝ ինչու է պաշտոնական Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ «Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հայ ժողովրդի հիմնարար շահերի հետ լիովին հակասող հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,-ասել է նա։

Բրյուսելում կայանալիք հանդիպումը Հայաստանի համար, անվտանգային տեսանկյունից, կարեւոր հանդիպում է, այն իսկապես աննախադեպ հանդիպում է, քանի որ այն նախ Հայաստանի թեմայով է, այն էլ` ԱՄՆ պետքարտուղարի ու եվրոպական բարձր հանձնակատարի մակարդակով: Այս հանդիպումը վկայելու է Հայաստան-Արեւմուտք համագործակցության առարկայական փուլի մեկնարկի մասին, որը ենթադրում է ՀՀ անվտանգային ու տնտեսական խնդիրների լուծման հնարավորությունների շուրջ արդեն հստակ բովանդակային խոսակցություններ ու պայմանավորվածություններ:

Բրյուսելյան հանդիպմամբ, թերեւս, Արեւմուտքը ազդակ է հղում, որ կարող է անվտանգային երաշխիքներ տալ Հայաստանին, որի «ռազմավարական դաշնակիցը» ամբողջությամբ «երես է թեքել» նրանից ու ամբողջությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն է սպասարկում:

Բոլորի համար վաղուց պարզ է, որ մեր փոխարեն որեւէ պետություն մեր խնդիրները չի լուծելու, սակայն անվտանգային առումով, ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման ճանապարհին զսպող մեխանիզմների ստեղծման հարցում Հայաստանն իսկապես անելիք ունի:

Սակայն բաց է մնում ամենակարեւոր հարցը. իսկ Փաշինյանը պատրա՞ստ է Արեւմուտքի հետ փոխգործակցության լիովին այլ մակարդակի հասնելու ուղղությամբ գործնական ու հստակ քայլերի:

Բրյուսելում կստորագրվե՞ն Հայաստանի անվտանգության ապահովման երաշխիքների մասին փաստաթղթեր:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել