Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Մարտ 30,2024 12:30

Սկիզբը՝ այստեղ:

21. Ավտոգործարանից Բեւեռլի Հիլզ պատկերասրահ

Նկարիչ Կամո Մկրտչյանի հետ փնտրում ենք Վահե Կարապետյանի ավտոմեքենաների արտադրության գործարանը: Ընդարձակ արտադրամասում բեռնատարների վրա փակ թափքով մեքենաներ էին հավաքում, դրանք հարմարեցնում ստացված պատվերներին:


2020 թ. Վահեն որոշեց գալ Հայաստան եւ «Երազ» գործարանը հարմարեցնել հենց այս արտադրությանը: ԿԱՄԱԶ տիպի 40 բեռնատար ձեռք բերելով սկսեց աշխատանքները, սակայն բռնկված հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը թելադրեց, որ սրանք անմիջապես հարմարեցնել շտապօգնության մեքենաների: Նա այս ծրագրի իրականացման համար ներդրեց 25 միլիոն դոլար գումար: Ամերիկահայ գործարարը հանդիպեց Հայաստանի վարչապետին եւ  հայտնեց, որ մեքենաները պատրաստ են ռազմաճակատ ուղարկելու:

-Դու դա կարող ես նախարարին առաջարկել, -պատասխանեց երկրի ղեկավարը:

-Սակայն նախարարն ասել էր, որ դրանք պետք չեն իրեն:

Վահե Կարապետյանը հասկացավ, որ ինքը չէր կարող որեւէ գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում առանց կաշառքի կամ մասնաբաժին հատկացնելու որեւէ պաշտոնյայի:

Վահեն անախորժություններ էր ունեցել «Ազգային տուրք» դրամահավաքի նախաձեռնությունում: Ըստ այս ծրագրի՝ յուրաքանչյուր հայ պարտավոր էր տարեկան Համահայկական հիմնադրամին փոխանցել 20 դոլար: Հայաստանում դա չընդունեցին, քանի որ դրամահավաքային համակարգում գործիչներն ունեին իրենց շահերը: Իսկ Վահեի նախաձեռնած ծրագրով պետք է ստեղծվեր տվյալների ֆոնդ, որը շատ անհրաժեշտ էր հայության հետագա զարգացմանն ու վերելքին:

Փնտրում էինք տնօրենին, երբ մեզ մոտեցավ նրա տեղակալը՝ Արա Աղաջանյանը: Նա հաղորդեց, որ Վահեն հիվանդ է, շատ դժվար է քայլում, ոչ մի կերպ չի լավանում: Հեռախոսով կապվեցինք գործարարի հետ: Նա պատմեց հայրենիքում ներդրման ու կրած անհաջողությունների մասին: Նույնիսկ չգիտե, թե ինչ ճակատագիր ունեցան իր պատրաստած մեքենաները: Ես այնպես էի խոսում, որ ոչ մի դեպքում չմտածի, որ հերթական գումար ուզողներից մեկն եմ:

Հայտնեցի, որ Արեւմտյան Հայաստանի մասին իմ ցուցադրությունը չի հետաքրքրել սփյուռքահայերին: Նա էլ հաստատեց, որ լուրջ փոփոխություններ են նկատվում հայության մտածելակերպում:

Վերադարձա տուն: Սոնան հայտնեց, որ ութսունամյա պառավ կինը լավ չէր զգում իրեն, հարեւանները իսկույն զանգել էին 911: Նա չէր ուզում, որ իրեն տանեն: Սակայն եկան եւ առանց հարցուփորձի՝ տարան: Իսկ դրանից առաջ մի ծերունու ոտքը սահում է, եւ նա փռվում է գետնին: Սոնան մոտենում է, որ օգնի բարձրանալու: Հարեւանները արգելեցին Սոնային, ասելով, որ դա 911-ի գործն է, չնայած նա եւս չէր ուզում, որ իրեն տանեն:

Սոնայի հետ կրկին Մարինե դել Ռեյի օվկիանոսի ափ մեկնեցինք:

Լողալ անհնար էր: Հուժկու ալիքները գետնին են տապալում:

-Այս Մեծ կամ Խաղաղ օվկիանոսը ծնկներիս չի հասնում, -ասացի ես:

-Իսկ խորացե՞լ ես…

-Հո գիժ չեմ, լողալ չգիտեմ:

Մի շենքի ճակատին գրված էր. «Կովի վերջը»: Ըստ երեւույթին՝ ռեստորան էր այդտեղ:

Կրկին գնացինք ջրանցքի երկայնքով քայլելու: Փնտրում էի Արցախի դրոշով տունը: Չկար ու չկար: Բայց տներն ավելի ուշադիր էի տնտղում: Նոր տներ հայտնաբերեցի, որոնք ավելի լուրջ ուշադրության էին արժանի: Լուսանկարում էի այդ տները, որոնք ներկայացնում եմ «Առավոտ» թերթի ընթերցողներին:

-Տեսնես այստեղ ապրող մարդիկ գիտե՞ն, որ դրախտում են ապրում, -ասաց Սոնան:

-Սոնա ջան, նրանք եւս խրված են մարդուն յուրահատուկ հոգսերի մեջ…
Երբ մայրուղի դուրս եկանք, Էդուարդ Բադունցը հայտնեց, որ իր կնոջ ազգական, լոռեցի գեղանկարիչ Հովիկ Քոչինյանի հետ հանդիպման ենք գնում: Նա սպասում է մեզ:

Մինչ Էդուարդի հետ իրար որպիսությունն էին հարցնում, ես զննեցի արվեստանոցի պատերին կախած նկարները: Հովիկը Լոս Անջելեսում հայ նկարիչների մեջ ամենամեծ հաջողության հասած նկարիչն է: Նա պատահականորեն վերականգնել է իտալական Վերածննդի մի գործ, որը հետագայում պարզվել է, որ այն պատկանում է իտալական Վերածննդի հռչակավոր գեղանկարիչ Կարավաջոյի վրձնին: Դրա մասին գրում են իտալական մամուլում: Հետո նա վերականգնում է Ռաֆայելի առաջին «մադոննաներից» մեկը: Հայտնի վերականգնողները հրաժարվել էին վերականգնել այն, իսկ Հովիկը գտել էր այդ գործը փրկելու լուծումը: Արդեն վերականգնել է իտալացի վարպետների 15 նկար:

Հովիկի նկարները ներկայացված են Բեւեռլի Հիլզի Մոդեռն արվեստի թանգարանում, ինչպես եւ աշխարհի շատ պատկերասրահներում: «Նրբագեղություն»,  «Դեպի ազատություն»,  «Սպարտանցի գեղուհին» ու «Սեր» գեղանկարներում Հովիկը մարմինների մեջ անցքեր է թողել, որոնք խորհրդանշում են մարդու անկատար լինելը: Հետաքրքիր է, որ ճապոնացի զենք արտադրող մեծահարուստ գործարարը ցանկություն է հայտնել գնել այս աշխատանքները, բացատրելով, որ պատկերված մարդկանց մարմիններում ճեղքերը իրենց արտադրած գնդակների հետքերն են:

Ես մտորում էի նրա արվեստի մասին, երբ Հովիկը իմ առաջ դրեց մի գիրք, որը զարմացրեց իր վերնագրով. «Adolf Hitler The unknown Artist» (Ադոլֆ Հիտլեր. Անծանոթ նկարիչ): Մենք 1933-1945 թթ. ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Հիտլերին գիտենք որպես երբեւէ գոյություն ունեցած ամենաչար մարդկանցից մեկը: Գրքում նրա վրձնին պատկանող աշխատանքների նկարներն են: Նկարել է ճարտարապետական կոթողներ, ծաղկեփնջեր, նատյուրմորտներ, բնության տեսարաններ: Շրջապատն այդպես ընկալող մարդը ինչպես կարող էր այդքան չար լիներ, որը կկազմակերպի ամենամեծ հանցանքներից մեկը՝ սկսել համաշխարհային պատերազմը, հրեաների ցեղասպանությունը:

Իսկ նկարներում առանձնանում է շրջապատի նուրբ ընկալումը, սերը դեպի բնությունն ու մարդկանց աշխարհը:

Ասում են, որ իր ստեղծագործությունները մերժելու պատճառով է առաջացել ատելությունը հրեաների նկատմամբ: Սակայն մի մարդու ատելությունը մի ամբողջ ժողովրդի նկատմամբ հազիվ թե պատճառ դառնա, որ  այն պարտադրվի որպես ազգային մտածելակերպ:

Մի քանի նկար ներկայացնում եմ ընթերցողներին, գուցե նրանք գտնեն այս հարցի պատասխանը:

 

Հովիկն առաջարկեց Բեւեռլի Հիլզ պատկերասրահ մեկնել, որտեղ գուցե հաջողվի նրա տնօրենին հանդիպել: Ճանապարհին նկարիչը զանգեց տնօրենին եւ խոսեց հետը:

-Քո բախտը բերեց, Բակուր, տնօրենն արդեն տեղում է, -ասաց Հովիկը, -նա շատ եզակի դեպքերում է պատկերասրահ գալիս:

Տեղ հասանք: Երկու կից շենքեր, որոնք կամրջով են կապված իրար, հիմնել է ֆրանսիացի գործարար, միլիարդատեր Լուի Վիտոնը: Այստեղ սովորական մարդիկ մուտք չունեն: Միայն ակումբի անդամներն ունեն շենք մտնելու իրավունքը: Հովիկը, որպես պատկերասրահում ցուցադրվող եւ վաճառքի հանած նկարների հեղինակ, ազատ ելումուտ ուներ:

Պատերին հատ ու կենտ նկարներ էին կախված, որոնց հեղինակները որոշակի աստիճանի հռչակ էին ձեռք բերել ու հնարավորություն՝ Բեւեռլի Հիլզում վաճառվելու: Ակումբի անդամները, որոնք հիմնականում մեծահարուստ գործիչներ են, գնում են այդ նկարները: Հովիկը մի դուռ ցույց տվեց եւ ասաց, որ այդ սենյակը որպես հանդիպումների վայր ամսական 100 հազար դոլարով վարձել է Քիմ Քարդաշյանի քույրը:

Հովիկը ցույց տվեց իր չորս նկարները, որոնք ներկայացված են ակումբում: Ապա ցույց տվեց մի փակ սենյակ, որտեղ ներկայացված են Շագալի եւ Կանդինսկու գործերը՝ յուրաքանչյուրը երկու միլիոն դոլար արժեքով: Ապա մենք բարձրացանք տանիքի բաց սրահը, որտեղ տեղի էր ունեցել Հովիկ Քոչինյանի նկարների շնորհանդեսը:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՄՆ, Լոս Անջելես, Գլենդել

«Առավոտ» օրաթերթ
29.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031