Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո Բուդյոնին չեմ, որ թուրը ձեռս մտնեմ կռվի մեջ»

Մարտ 30,2024 13:30

«Քաոս է մոտենում։ Միակ հույսս Աստված է»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը

«ՀՀԿ-ից ի՞նչ ես ուզում: Հոգնեցինք կրկնելով՝ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) մնաց իշխանության, պետություն չենք ունենալու։ Ասողին՝ լսող էր պետք»,- «Առավոտի» հետ զրույցում, մեր դիտարկմանն այսպես արձագանքեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պարոն Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են լռում ընդդիմադիրները, այդ թվում նաեւ ՀՀԿ-ն, որը նաեւ խորհրդարանում ներկայացված ուժ է. «Ֆեյսբուքում» մի հեգնական ու շատ տխուր բան աչքովս ընկավ, որը նաեւ շատ տիպիկ է՝ հայտարարություններով Արցախը հանձնել թույլ չտվողները, հիմա էլ հայտարարում են՝ Հայաստանից որեւէ թիզ հանձնել թույլ չտալու մասին:

«Քաղաքում էլ ասֆալտ ու փողոց չմնաց, որ չփակենք ու չպառկենք։ Այնպես չէ, որ ՀՀԿ-ն կարող է իշխանությունից հեռացնել Փաշինյանին ու չի հեռացնում»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ե՞րբ է ՀՀԿ-ն լռում։ Ամբողջ օրը՝ մամուլով եւ սոցցանցերով ՀՀԿ գործիչները խոսում են ու բացատրում։ ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, իսկ քաղաքական ուժի զենքը՝ միտքն է ու խոսքը»։

Դիտարկմանն էլ՝ այն, ինչ ասվում-բացատրվում է, հանրության մի ստվար մասն ինքն արդեն վաղուց հասկացել է, մարդիկ էլ խոսում եւ բացատրում են, բայց գործընթացների վրա դրանք ազդեցություն չեն ունենում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Հո Բուդյոնին չեմ, որ թուրը ձեռս մտնեմ կռվի մեջ»։

Հետաքրքրվեցին՝ չե՞ք կարծում, որ առնվազն ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններում ներկայացված քաղաքական ուժերը, դրանց առաջին դեմքերը՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, հավասարապես պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր Հայաստանում: Հասարակության մեծ մասը հաշտ չէ այս իրողության հետ, բայց նաեւ չգիտեն՝ ի՞նչ անել, իսկ պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժերն ու այրերը ոչինչ չեն առաջարկում:

«Անհեթեթություն է նախկին ղեկավարներին համարել էս վիճակի համար հավասարաչափ պատասխանատու։ Այդպես որ գնանք՝ Քաջազնունուն ու Մյասնիկյանին էլ կհասնեք։ Մեղավորն էլ, պատասխանատուն էլ Նիկոլն է»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը։

Իրավիճակից ելքը մեր զրուցակցի համար մնում է նույնը. «2018-ի նման բողոքի դուրս եկեք փողոց ու փակեք փողոցները, ընդդիմացեք։ Ես բոլոր միտինգներին ու բոլոր գործողություններին ներկա եմ: Արմեն Աշոտյանն էլ այդ պայքարի համար է կալանավորված՝ արդեն մի քանի ամիս։ Լուծու՞մը՝ սրանց հեռացումն է։ Ինչպե՞ս։ Դժվարանում եմ ասել։ Ես մեկ ձեւ եմ պատկերացնում՝ համազգային ընդվզում։ Ընդդիմադիրների մի մասը քանի դեռ հավասարության նշան է դնում պարտված  Նիկոլի ու հաղթանակ պարգեւած բոլոր նախկինների /1991-2018թթ/ իշխանությունների միջեւ՝ շարունակելու ենք կորուստներ ունենալ։ Ամոթ է, գոնե հիմա սառեցրեք ձեր անձնական ամբիցիաները։ Բոլորս ամոթի մեջ կորած ենք»։

Չե՞նք ուշացել՝ հարցի պատասխանն էլ այսպիսինն է. «Իհարկե ուշացել ենք։ Չգիտեմ. քաոս է մոտենում։ Միակ հույսս Աստված է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031