«Ինչպես ցանկացած ողջամիտ անձ, ցանկացած ողջամիտ մտածողությամբ դատավոր, այդ նույն տրամաբանությամբ էլ ես եմ մտածում»,- այսօր դատավորների ժողովից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է մտածում դատական համակարգում իրար հաջորդող հրաժարականների մասին, այսպես արձագանքեց դատավոր Մխիթար Պապոյանը: Ճշտող հարցին՝ իսկ ինչ տրամաբանության մասին է խոսում, դատավորը շարունակեց՝ ասելով, որ եթե իր պատասխանը բավարար չէր, ավելին չի կարող ասել:
Անդրադառնալով ԲԴԽ մշակած նախագծին, ըստ որի դատավորներն իրենց գործերի ժամկետների, ելքերի մասին պետք է զեկուցեն դատարանի նախագահին, պարոն Պապոյանը կարծիք հայտնեց. «Ես երկու անգամ ընթերցել եմ այդ որոշումը, փորձել եմ լիարժեքորեն ընկալել, թե ինչ որոշում է, դեռեւս ինձ համար որոշակի հարցեր բաց են: Պլանավորում եմ այդ հարցերի հետ կապված մոտ օրերս ԲԴԽ որեւէ անդամի հետ քննարկում ունենալ, որ ամբողջ նորմերը բացահայտվեն: Երբ լիարժեք բացահայտվեն, ես իմ եզրակացությունը կտամ: Նախնական իմ ընկալումներով որոշակի մտահոգություններ կան: Ինձ համար շատ բաց տեղեր կան, միգուցե այդ հարցերին կա՞ն ողջամիտ պատասխաններ»:
Պապոյանը նաեւ ասաց, որբ չի բացառում ԲԴԽ անդամի թեկնածություն առաջադրի՝ շեշտելով, որ այսօրվա մասին չէ խոսքը, որովհետեւ այսօր օրենսդրության շրջանակներում հնարավորություն չի տեսնում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ