Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակլինյան վառ Գյումրին ու աչքերով խոսող հերոսները՝ Կումայրի արգելոց-թանգարանի ցուցասրահում

Մարտ 29,2024 21:25

Գյումրու Կումայրի արգելոց- թանգարանի ցուցասրահում մի քանի օր է ներկայացված է՝ Սերգեյ Մերկուրովի անվան հարյուրամյա նկարչական դպրոցի տնօրեն Ժակլինա Սարգսյանի արվեստը՝ հարազատ քաղաքի գունեղ պատկերներով, գյումրեցիների ու շուշեցիների, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ու Փարաջանովի կոլորիտային դեմքերով։ Ցուցահանդեսը նաև անդրադարձ է Շառլ Ազնավուրի ու Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։ Եռանկարներից բաղկացած փարջանովյան շարքում նաև տեղ է գտել նրա առաջին կնոջ՝ ազգությամբ թաթար կամ գագաուզ Նիգյարի դիմանկարը։ Այն Ժակլինա Սարգսյանի ամենասիրելի գործերից է։

Նկարչուհու անհատական ցուցահանդեսը բացվեց երեք օր առաջ՝ մարդաշատ, լեփ-լեցուն սրահում, այն բացառիկ դեպքերից էր, երբ արվեստագետներից բացի տարբեր ոլորտների աշխատակիցներ՝ անգամ ճանաչված գործարարներ, բանկի կառավարիչներ շտապել էին վայելելու նկարչուհու ստեղծագործությունները։

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ցուցահանդեսի հանդիսավոր բացման խոսքում նշեց,որ Ժակլինան անչափ համեստ անձնավորություն է, նա միշտ չէր համաձայնում իր անհատական ցուցահանդեսն ունենալ հարազատ քաղաքում՝ պատճառաբանելով, թե «Հիմա չէ, մեծերի մեջ ավելի արժանավորները կան»։

«Երբ ցուցասրահն այսքան մարդաշատ չլինի և դուք քայլեք կտավների առջևից, ձեզ կթվա, թե մենակ չեք, ձեզ կթվա ձեզ հետ զրուցում են Ժակլինի հերոսները, որոնք հաճախ լուռ են, պինդ սեղմված ձեռքերով, ամուր փակված կամ կիսաբաց աչքերով, երբեմն մեկ աչքով, բայց տեսնում են շատ ավելին, քան երկու աչքով։

Նրանք հաճախ նստած են, տպավորություն է, թե զրուցում են, տպավորություն է, թե փորձում են չբացակայել հայրենիքից, որ հանկարծ հայ մարդը իրենից չպակասի, ամուր են կառչած հողին։ Երևի այս ամրությամբ մեզանից յուրաքանչյուրն է կպած իր մի բուռ հողակտորին։
Ժակլինան այդ ամրությամբ նաև Գյումրինն է կպած, վկան այն կտավներն են, որոնք ստեղծվում են Գյումրիի ազդեցությամբ», -ասաց Լիլիթ Թովմասյանը։

Ժակլինա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր 33 կտավները, որոնք ցուցադրվում էին Շուշիի Կերպարվեստի թանգարանում՝ 2019 թվականին, մնացին այնտեղ։

Այժմյան ցուցահանդեսում 9 աշխատանք՝ «Շուշի-Գյումրի» խորագրից են, իսկ 15 ստեղծագործություններ ներկայացնում են Գյումրին։

«Կտավներում հիմնականում Գյումրին է, նախորդ «Գյումրիները», որոնք մնացին Շուշիում, գունային այլ երանգ ունեին, այս ցուցահանդեսում չնայած գորշ գույներ կան, բայց լուսային շեշտադրումները շատ են։ Ամեն դեպքում արվեստագետն ուզում է այնպիսի քաղաքում ապրեն մարդիկ, որտեղ գույներն ավելի վառ կլինեն»,- ասաց նկարչուհին։

Նա ասաց, որ մի շարք ցուցահանդեսների հրավերներ ունի, բայց այժմ պատրաստվում է Մոսկվայում ցուցադրություն անել։

Արվեստաբան Արաքս Մարգարյանն էլ իր խոսքում նշեց․ «Հետաքրքիր է, որ թողնելով իր Գյումրի շարքը Շուշիում՝ Ժակլինան կարողացավ նորովի ներկայացնել Գյումրին։

Սա նոր խոսք է, սա քաղաքն է՝ իր ներքին կապերով ու ներքին հարաբերություններով, չկա գլխավոր ճարտարապետ, բայց ամենուրեք մենք տեսնում ենք կարգուկանոն և ներքին ներդաշնակություն։ Այդպիսին է Գյումրին։

Ժակլինան նաև ունի դիզայներական աշխատանքներ և կարելի է ասել, որ ամեն անկյունում, ամեն տան մեջ կա ժակլինյան շունչը, ժակլինյան ոճը, նա փոխում է քաղաքը, փոխում է մարդկանց։ Ժակլինյան ոճով տարածում է ներդաշնակություն և գեղեցկություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Aravot.am-ի և Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031