Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք երգերին նոր շունչ ենք տալիս»․ Արթուր Բաղրյան

Մարտ 29,2024 21:12

Արթուր Բաղրյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով է Արցախից բռնի տեղահանվել։ Սեպտեմբերի 28-ին Հայաստան է տեղափոխվել, որից հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Կարճ ժամանակ անց վերադարձել է հայրենիք և «NovaBand Artsakh»-ի առաջարկով նորից միացել խմբին և շարունակել զբաղվել սիրելի աշխատանքով։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ տանն էր, երբ առաջին արկը պայթեց իրենց տան մոտ։ Այդ պահին առաջին հերթին անհանգստացել է փոքր քրոջ և եղբոր համար, որոնք դպրոցում էին։

«Փոքր եղբորս հետ չենք կարողացել կապ հաստատել, մայրս լացում էր, բոլորս խուճապի մեջ էինք։ Հայրս տուն վերադարձավ, մի քիչ բենզին էինք տնտեսել, մեքենան վերցրեց և գնաց երեխաների հետևից»,-ասում է Արթուրը։

Բենզինի պահեստի պայթյունի դաժան օրն է հիշում։ Երկու օր հետո իմացել են, որ հարազատ մարդիկ են զոհվել պայթյունի հետևանքով։ Սեպտեմբերի 28-ին հարևանների հետ դուրս են եկել Արցախից։ Տասներկու ժամ ճանապարհ են եկել, իրար օգնելով հասել են Հայաստան։

«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցի լրագրողներ են մոտեցել հորս։ Այդ պահին ուզում էի մեքենայից դուրս գալ, հայրս դուռը փակեց և ինձ թույլ չտվեց։ Հարցրին՝ ե˚րբ ենք դուրս եկել Ստեփանակերտից։ Այսքանը»,-ասում է նա։

«NovaBand Artsakh»-ը ստեղծվել է 2018 թվականին։ 2020 թվականին խմբի թմբկահարն ու դաշնակահարը զինվորական ծառայության են անցել։ 44-օրյա պատերազմի ժամանակ դաշնակահարը ծանր վիրավորում է ստացել։ 2021 թվականին  խումբը վերաբացվել է, որի ժամանակ խմբին է միացել Արթուրը։

«Մենք նկատեցինք, որ պատերազմից հետո քաղաքը մռայլվել էր, այդ իրավիճակից դուրս գալու համար կարելի էր մի փոքր աշխուժություն բերել քաղաքին, և որոշեցինք համերգներ կազմակերպել»,-ասում է Արթուրը։

Արցախի շրջափակման հետևանքով դադարեցրել են համերգները, բայց պարապմունքները շարունակվում էին։ Լույս և ջեռուցում չլինելու պայմաններում են աշխատել։ Սեփական նախաձեռնությամբ և միջոցներով այդ օրերին «Մե′նք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ մեծ համերգ են կազմակերպել։ Արթուրի խոսքով՝ դա խմբի մենահամերգն էր։

«Մեր նպատակն էր, որ մարդիկ մի փոքր կտրվեին բլոկադայի դժվարություններից, և մենք հաջողել ենք այդ հարցում։ Բոլորն ուրախ էին։ Առաջին անգամ այդ ամենից հետո նրանք ժպտում էին»,-ասում է նա։

Հայաստան տեղափոխվելուց հետո խումբը համերգ է կազմակերպել Օպերայի դահլիճում։ Հանդիսատեսը գոհ էր, ջերմ է ընդունել իրենց։ Արթուրի խոսքով՝ իրենք երգերին նոր շունչ են տալիս, նոր ձևով ներկայացնում։ Հանդիսատեսի համար դա նորություն էր։ Դժվարություններ շատ են տեսնում, աջակցության կարիք ունեն։

Արթուրին կորցրել է սիրելի պապիկին։ Իրեն միշտ նա էր ոգևորում, խորհուրդներ տալիս։ Պապիկին հրաժեշտ տալ չի կարողացել։

«Արցախում տունը կար, աշխատանքը կար, ընկերներ ունեինք, բացակա մարդ չկար։ Հիմա շատ բան է պակասում։ Մի քիչ անորոշ վիճակ է այս պահին։ Մենք ֆինանսական մեծ աջակցության կարիք ունենք։ Տարածք ենք վարձակալել, մաքրել և սեփական միջոցներով հոգում ենք բոլոր ծախսերը»,-ասում է Արթուրը։

 

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031