Դատավոր Գագիկ Հարությունյանի համար ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու Վազգեն Ռշտունու հրաժարականն անսպասելի նորություն է եղել:
«Հիմա գնամ, տեղում տեսնեմ՝ ինչ կպարզվի»,- այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: Նրա խոսքով, ինքն ափսոսում է, թե՛ Ռշտունու, թե՛ մյուս գործընկերների հրաժարականների դեպքերի համար. «Բացարձակ տեղեկություն չունեմ դատավորների նկատմամբ ճնշումների մասին: Եթե ճնշումներ լինեն ինձ վրա, օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք… Ես իմ ամբողջ ներուժով, իմ ջանասիրությամբ իմ լուման ներդնում եմ, որ լինեմ անկախ դատավորներից մեկն ու հանրությունը ընկալում ունենա, որ կան անկախ ու անկողմնակալ դատավորներ, հույս ունեմ՝ դուք կստանաք այդ տպավորությունն ինձանից»։
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ տեղափոխվեց Կոտայքի մարզի դատարան, Երեւանի դատարանում շատ կարճ աշխատելուց հետո: Ի պատասխան դատավորն ասաց, որ եկամտային հարկի վերադարձով Կոտայքի մարզում, մասնավորապես Ծաղկաձորում տուն գնելու մտադրություններ ունի:
Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ եղան, որ սեպտեմբերյան ցույցերի ժամանակ կալանքի միջնորդություններ չեք բավարարել, դրա համար տեղափոխվեցիք Կոտայք, դատավորն ասաց՝ մի հավատացեք, դրանք հերյուրանքներ են:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ