Այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ դատավորները միաբերան լրագրողների հետ զրույցում ասում էին, որ իրենց վրա ճնշումներ չեն նկատել, չեն արձանագրել:
Թեեւ վերջին մեկ ամսվա ընթացքում 4 դատավոր միանգամից հեռացավ համակարգից, սակայն լրագրողների հարցերին պատասխանող դատավորները չէին շտապում գնահատել, թե հեռացածները ճնշումների հետեւանքով են հրաժարականները ներկայացրել:
ԲԴԽ կողմից մշակված նախագծին անդրադառնալով, ըստ որի, դատավորներն իրենց գործերի, ժամկետների,ելքերի մասով պետք է զեկուցեն դատարանի նախագահին, դատավորները նույնպես չեն շտապում ճնշումներ որակել:
Դատավոր Արման Թովմասյանը ԲԴԽ մշակած նախագծի վերաբերյալ , ասաց՝ ինքը տեղյակ չէ այդ նախագծից, եթե տեղյակ լիներ, կմտածեր: Ինչ վերաբերում է 4 դատավորի հրաժարականների դիմումներին, Թովմասյանն ասաց՝ մտահոգված է, որ, հեռացան, բայց մանրամասներին չի տիրապետում: Ըստ նրա՝ մտահոգող շատ հարցեր կան:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԲԴԽ անդամի դատավոր թեկնածու Վազգեն Ռշտունու հրաժարականին, դատավորը նկատեց, որ Ռշտունին մանրակրկիտ իր հայտարարության մեջ նշել է պատճառները:
Դատավոր Արթուր Ստեփանյանն էլ կրկնեց գործընկերներին, թե իր նկատմամբ ճնշումներ չկան:
Հարցին՝ իսկ որ լայքերի համար դատավորներ են հեռացվում, Ստեփանյանն ասաց՝ ինչի մասին տեղյակ չէ, չի կարող ոչինչ ասել:
Անդրադառնալով ԲԴԽ նախագծին, որ դատավորները պետք է գործերի, ժամկետների, ելքերի մասին դատարանի նախագահին զեկուցեն, պարոն Ստեփանյանը նկատեց, որ մինչեւ ԲԴԽ կողմից նման նախագծի մշակվելը դատական օրենսգիրքը սահմանել էր, որ գործի ողջամիտ ժամկետների վերաբերյալ նախագահն ունենա որոշակի հսկողություն, այսինքն եթե խախտումներ արձանագրի, կարող է դիմել կարգապահական հարցերով: Ըստ նրա՝ նորմալ է, որ ժամկետների հարցով դատարանի նախագահները տեղյակ լինեն: ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու Վազգեն Ռշտունու որոշման մասին էլ պարոն Ստեփանյանն ասաց, որ հաղորդագրությունն է տեսել ու չի կարող մեկնաբանել մի բան, որ իր հետ կապված չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ