Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է Հնդկաստանի հետ ռազմական կապերի խորացումն ավելի պտղաբեր լինել, քան Ֆրանսիայի կամ Հունաստանի

Մարտ 29,2024 20:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորանում են Հայաստանի հարաբերությունները մի շարք գործընկերների հետ, օրինակ՝ Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի։ Նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք Ֆրանսիա-Ադրբեջան  և Հունաստան-Ադրբեջան հարաբերություններին։

Իսկ ի՞նչ որակ ունեն Հնդկաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները, և հնարավո՞ր է, որ Հնդկաստանի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարներն ավելի շոշափելի են, քան Ֆրանսիայի կամ Հունաստանի հետ։

Ըստ Ադրբեջանի նախագահի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջերի՝ առևտրաշրջանառության ծավալներով Հնդկաստանը Ադրբեջանի հինգերորդ գործընկերն է։ Հանձնելով իր հավատարմագրերը Ադրբեջանի ղեկավարին՝ 2023-ի մայիսին Հնդկաստանի դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական հարաբերությունների մեծ ներուժ, հատկապես նավթի և դեղամիջոցների ոլորտում։

Հատկանշական է նաև երկու երկրների համագործակցությունը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջազգային միջանցքի շրջանակներում։ Առնվազն Ռուսաստանի հետ կապվելու առումով՝ Ադրբեջանի դերն առանցքային է Հնդկաստանի համար։

Երկու երկրները մեծ կարևորություն են տալիս Չմիավորման շարժմանը, որը ռազմաքաղաքական որոշակի չեզոքություն պահպանող 120 երկրների միավորում է։ Վերջին շրջանում, սակայն, այս կազմակերպության շրջանակներում Նյու Դելիի և Բաքվի փոխհարաբերություններում անհամաձայնություններ նկատվեցին։ Նախորդ տարի հնդկական կողմը արգելափակել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակման մասին հակաիրանական փաստաթուղթը:

2022-ին էլ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի՝ որպես հրավիրյալ պետություն մասնակցությունը տեղի չունեցավ, Հնդկաստանը դեմ էր։ Մյուս անդամները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան դեմ չէին։

Անդրադառնանք Հնդկաստան-Ադրբեջան և Հնդկաստան-Հայաստան առևտրաշրջանառության թվերին՝ օգտվելով «Տնտեսական բարդության դիտակետի (Observatory of Economic Complexity)» 2022-ի տվյալներից։ Հնդկաստանից Ադրբեջան արտահանումները կազմել են 141 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ ընդհանուր արտահանումները կազմել են 1.64 մլրդ դոլար։ Հնդկաստանից Հայաստան արտահանումները կազմել են 195 մլն դոլար դոլար, Հայաստանից Հնդկաստան՝ 197 մլն դոլար։

Հնդկաստանից Ադրբեջան արտահանումների 15.9%-ը (22.4 միլիոն դոլար) փաթեթավորված դեղամիջոցներից է բաղկացած եղել, 13.6%-ը (19.3 մլն դոլար)՝ հեռարձակման սարքավորումներից։ Ադրբեջանից Հնդկաստան արտահանումների 97.7%-ը (1.6 մլրդ դոլար) բաղկացած է եղել հում նավթից:

Հնդկաստանից Հայաստան արտահանումների 40.8%-ը (79.6 մլն դոլար) ադամանդներից է կազմված եղել, 15.3%-ը (29.8 մլն դոլար)՝ հեռարձակման սարքավորումներից։ Հայաստանից Հնդկաստան արտահանումների 98.8%-ը (195 մլն դոլար) ոսկուց է կազմված եղել:

Նախորդ հրապարակումներում ուսումնասիրելով Ֆրանսիայի և Հունաստանի հետ Ադրբեջանի երկկողմ տնտեսական համագործակցությունը՝ ակնհայտ է, որ Հնդկաստանի հետ ադրբեջանցիների երկկողմ տնտեսական կապերը դեռևս չեն խորացել այնքան, որքան մյուս երկու երկրների հետ։

Ֆրանսիական TotalEnergies-ը և ադրբեջանական SOCAR-ը գրեթե 30 տարի է համագործակցում են ադրբեջանական գազի և նավթի արդյունաբերության բնագավառում։ Հունաստանը պարզ հայտնում է ադրբեջանական էներգետիկ մատակարարումների ծավալներն ավելացնելու հետաքրքրվածության մասին, որը կենսական է ոչ միայն իր, այլև եվրոպական այլ երկրների համար։

Ու թեև Նյու Դելին հակամարտություններում պահում է անկողմնակալություն, և այս իմաստով իրատեսական չէ հնդկական կողմից ակնկալել հայաստանամետ քաղաքականություն ընդդեմ Ադրբեջանի, հնդիկները շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, քանի որ դա անհրաժեշտ է «Հյուսիս-Հարավ» երթուղու համատեքստում, որով հնդկական ապրանքատեսակները հնարավորություն կունենան ձգվել Ռուսաստան և Եվրոպա։

Այդ խաղաղությունն ու կայունությունը կյանքի չի կոչվի եթե չվերականգնվի հայկական և ադրբեջանական զինված ուժերի ռազմական հավասարակշռությունը։ Բաքվում պետք է հասկանան, որ Հայաստանի վրա հարձակումը կարող է անցանկալի ռազմական հանգուցալուծում ունենալ, ինչով էլ կարելի է բացատրել հնդկական ռազմամթերքի մատակարարումը հայկական զորքերին և նախարարական մակարդակի հասնող պարբերական շփումները։

Հաշվի առնելով Հնդկաստանի և Ադրբեջանի միջև առկա համեմատաբար ավելի համեստ տնտեսական կապերը (Հնդկաստանի տեսանկյունից) և հնդկական շահը մեր տարածաշրջանում՝ հայ-հնդկական պաշտպանական բնույթի գործակցությունը կարող է շատ ավելի հեռուն գնալ, քան եվրոպական երկրների հետ։ Բացի այդ, Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը ո՛չ Մոսկվայի, ո՛չ էլ Իրանի համար չի դիտվի որպես քայլ իրենց դեմ, քանի որ հնդիկները հիանալի դիվանագիտական հարաբերություններ են զարգացնում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ։

Հայերը հաճախ թերագնահատում են հնդիկներին, բայց միանշանակ ժամանակն է սթափ և ռազմավարական մոտեցում ցուցաբերել քաղաքակրթության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած, աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն համարվող և վերջերս լուսնի չուսումնասիրված հարավային բևեռում տիեզերանավ իջեցրած պետությանը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031