«Կարևոր է, թե պետությունն ինչպես է իր քաղաքականությունը կառուցում և ինչ հիմնավորվածությամբ է իր մոտեցումներն առաջ տանում։ Եթե սահմանների հետ կապված օրինակը բերեմ, ապա մեր պետությունը մշտապես մերժել է այն փաստերը ներկայացնելը միջազգային ասպարեզում, որի մասին խոսում ենք։ Մշտապես միջոցներ են ձեռնարկել մերժելու, հերքելու համար, որ որևէ խնդիր չկա։ Դա էլ պայմանավորված է ներքաղաքական խնդիրներ չունենալու մտադրություններով կամ նպատակներով»,- Արցախի նկատմամբ 2023 թ․ սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում և Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ՀԱՀ մարդու իրավունքների և սոցիալական արդարության ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արման Թաթոյանը։
Ըստ նրա՝ այս մոտեցումը միջազգային ասպարեզում մեր դիրքերը թուլացնում է․ «Մեր դիրքերն ավելի ուժեղ կլինեին, եթե մենք օգտագործեինք այս փաստերը։ Երբ ադրբեջանական զինված զինծառայողները սկսեցին հայտնվել մեր գյուղերի ու քաղաքների ուղղությամբ, առաջնային հարցը, որ ես բարձրացնում էի, այն էր, որ պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները»։
Արման Թաթոյանն ասաց`դա չի արվել, այդ պատճառով էլ միջազգային տարբեր հանդիպումների ժամանակ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջկառավարական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ այդ փաստերին չէին տիրապետում․ «Մենք լսում ենք միայն ընդհանուր դիրքորոշումներ, իսկ այս փաստերը, որ կան, սրանք հենց այն պետություններն են մշակել ու ընդունել, որոնք ստեղծել են այդ միջազգային մեխանիզմները։ Պետությունն այս ամենը սեփական քաղաքացիներին պաշտպանելու իր սահմանադրական պարտականության ուժով պետք է օգտագործի»։
Արման Թաթոյանը կարևորեց պետության աշխատանքը նաև ճիշտ տեղեկատվական քաղաքականություն վարելու ուղղությամբ, որպեսզի չթողնի քաղաքական կամ տարբեր պատճառներից ելնելով ձևավորվեն վակուումներ, ինչը լցվի ադրբեջանական ապատեղեկատվությամբ․ «2020-ի 44-օրյա պատերազմն ակնհայտ օրինակ էր, երբ պետությունից հասարակությունը չէր ստանում տեղեկություն, այդ բացը գալիս, լցվում էր ադրբեջանական ապատեղեկատվությամբ։ Այնպես էր ստացվել, որ մարդիկ հավաստի տեղեկություն փնտրելու համար ադրբեջանական աղբյուրներ էին նայում և ավելի շատ հավատում դրանց։
Կարդացեք նաև
Պետությունը չպետք է իր քաղաքական, տարբեր շահերից ելնելով, որոնք թվացյալ են, բայց պետությանը վնասում են, անընդհատ հերքի այն իրողությունները, որոնք կան Ադրբեջանի հետ կապված հարաբերություններում, այլ դրանք ճիշտ կերպ պետք է մատուցի ու համակարգի այնպես, որ դա հանկարծ չազդի խոսքի ազատության, մասնագիտական գործունեության վրա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ