Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր բացվել է «Դուկո» երիտասարդական կենտրոնը, որը նախատեսված էր ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, մարզի երիտասարդական կառույցների, ինչպես նաև այլ համայնքների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հյուրերը շրջել են Դիլիջանի «Դուկո» (լատիներեն բառ է նշանակում է՝ «Ես առաջնորդում եմ») նորաբաց կենտրոնում, ծանոթացել կատարված աշխատանքին, երիտասարդների ժամանցի համար ստեղծված միջավայրին: Կենտրոնն ապահովված է քննարկումների և հանդիպումների ժամանակակից սրահով, գրադարանով և այլ ենթակառուցվածքներով:
Կարդացեք նաև
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով երիտասարդական կենտրոնի բացման կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ընթացիկ շաբաթը նախարարության, գործընկեր պետական և հասարակական կառույցների համար երիտասարդական էր, քանի որ Դիլիջանի երիտասարդական կենտրոնի բացմանը նախորդել էր նմանատիպ կենտրոնի բացումը Ապարանում, իսկ նախօրեին էլ Գավառում ազդարարվել էր այս տարվա երիտասարդական մայրաքաղաք ծրագրի մեկնարկը:
«Իսկապես, երիտասարդության շաբաթ էր, որի շրջանակում ներկայացվեցին կառավարության երիտասարդական քաղաքականության անելիքների ու ծրագրերի արդյունքները: Կարևոր է, որ հատկապես մարզային տարբեր բնակավայրերում ստեղծվեն նմանօրինակ միջավայրեր ու մեր երիտասարդներն ունենան հնարավորություն հավաքվելու, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անելու, ընթերցելու, գաղափարներ առաջադրելու: Այսպիսի միջավայրերն, իրականում, կյանքի որակ ու հեռանկար են փոխում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ այս տարի Հայաստանի ևս 4 բնակավայրերում հիմնվելու են երիտասարդական կենտրոններ, որոնց մրցույթներն այժմ ամփոփման փուլում են: Նա կարևորել է աշխատանքների իրականացման եռակողմ ձևաչափը. «Երիտասարդական այսպիսի կենտրոնի ստեղծումը միայն պետության կողմից իրագործվող ծրագիր չէ: Սա հավասարաչափ նաև համայնքի, հասարակական և մասնավոր հատվածի համագործակցությամբ կյանքի կոչվող նախաձեռնություն է: Մենք շատ կարևորում ենք նմանօրինակ կենտրոնների գործունեությունը մի քանի առումով. բնակավայրերում դրանք միջավայրեր են, որտեղ երիտասարդներն ուղղակի կարող են այցելել իրենց ժամանցի համար, բայց նաև դրանք դառնում են ոչ ֆորմալ կրթական շատ լավ հարթակներ: Այսօրինակ կենտրոնները նաև հրաշալի հարթակ են պետական մարմինների համար՝ իրենց ծրագրերի վերաբերյալ իրազեկելու շահառուներին՝ ստանալով նոր առաջարկներ և գաղափարներ:
Պետական քաղաքականության առաջնահերթություն է տարածքային համաչափ բաշխվածությունը. մենք նույն բնակավայրում երկրորդ նույնատիպ կենտրոն չենք բացում: Այստեղ ամբողջ առանձնահատկությունն այն է, որ հայտերը ներկայացնում են մասնակցող կազմակերպությունները և իրենք են նշում, թե որտեղ են առաջարկում բացել կենտրոն: Հետագայում այդ կենտրոնը պետք է շարունակի աշխատել. սա գլխավոր նախապայմանն է: Հենց այս առումով շատ կարևոր է համագործակցությունը տեղի ակտիվ հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի և համայնքի հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Տարվա կարևորագույն անելիքների համատեքստում՝ նախարարն ընդգծել է հատկապես «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակումը, որն այժմ հանրային քննարկումների փուլում է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ քաղաքացին, հատկապես երիտասարդը, անկախ իր բնակության վայրից, պետք է հասանելիություն ունենա որակյալ ծառայություններին. «Կարծում եմ, որ կենտրոնը ակտիվ քաղաքացիության ձևավորման հանգույց պետք է լինի: Երիտասարդները պետք է սովորեն՝ ինչպես համախմբել, ինչպես առաջնորդել, նախաձեռնությունը տեղ հասցնել, ներառվել տեղական ինքնակառավարման, պետական կառավարման մեջ, նաև արդյունավետորեն աշխատել ծառայություն մատուցողների հետ ու հասնել խնդիրների լուծման»:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև նորաբաց կենտրոնի՝ ոչ ֆորմալ կրթության, կարողությունների, հմտությունների, կոմպետենցիաների զարգացման հարթակ լինելու կարևորությունը և հույս հայտնել, որ այն կդառնա այն եզակի հանրային տարածքներից մեկը, որտեղ իսկապես որակյալ ինտելեկտուալ ժամանց կապահովվի երիտասարդության համար:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Արթուր Ղազարյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ
Նարեկ Ղուշչյանը և այլք:
«Տավուշի մարզում սա երկրորդ նման կենտրոնն է: Ընդ որում, Իջևանի երիտասարդական կենտրոնում գրանցած արդյունքները շատ տպավորիչ են: Այնտեղ կազմակերպվում են քննարկումներ, հանդիպումներ: Համոզված ենք՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում ևս արդյունավետ աշխատանքներ կիրականացվեն, նոր գաղափարներ կծնվեն՝ ի նպաստ համայնքի և մարզի զարգացման»,- ասել է Նարեկ Ղուշչյանը:
Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի ծրագրերի ղեկավար Աիդա Աթաբեկյանն էլ ներկայացրել է Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնի ապագա ծրագրերը:
«Մտադիր ենք այստեղ ներգրավված երիտասարդներին տալ հիմնավոր գիտելիքներ, զարգացնել նրանց կարողությունները, բացահայտել ներուժը: Կենտրոնի ստեղծման շրջանակում մեր առջև դրել ենք 4 հիմնական խնդիրներ, որոնք արդեն իսկ իրագործել ենք՝ ֆիզիկական, շենքային պայմաններ, մեթոդաբանության մշակում, անկաշկանդ ու ներդաշնակ մթնոլորտի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական գործիքակազմի ապահովում, որը թույլ կտա կենտրոնի աշխատանքներում ներգրավելու ավելի մեծ թվով երիտասարդների»,- ասել է Աիդա Աթաբեկյանը:
Երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ԿԳՄՍՆ 2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ ծրագրերի հայտերի հիմնական ուղղությունները:
Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության ծրագրի՝ մինչև 2026 թվականը մարզերում նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոն:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ