Այսօր կրկին դատավորների ժողով էր հրավիրվել: Օրակարգում նախատեսված էր ԲԴԽ անդամի ընտրություն, որտեղ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին էր:
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Վազգեն Ռշտունին հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Այս եւ դատական համակարգում տեղի ունեցող այլ հարցերի պատասխաններ այսօր լրագրողները փորձեցին ստանալ դատավորների ժողովին շտապող դատավորներից:
Սնանկության դատարանի դատավոր Արմեն Չիչոյանից լրագրողները նախ հետաքրքրվեցին՝ ինչու են դատավորները լքում համակարգը, արժանահավատ համարո՞ւմ է, որ այլ գործերով կամ գիտությամբ զբաղվելու համար են հեռանում: Ի պատասխան դատավորն ասաց, որ մտահոգիչ է համարում դատավորների հրաժարականները. «Առանց պատճառի, չիմանալով պատճառը… նրանցից մեկն է նշել միայն, որ գիտությամբ է զբաղվելու»:
Մեկ այլ հարցին, թե մամուլում հրապարակվեց, որ դատավորների գրագրություններ կան, որտեղ քննադատություն կա իշխանությունների հասցեին, դրանց լայք դնելու համար էլ է նույնիսկ դատավորի հրաժարական հաջորդել, Չիչոյանն ասաց, որ մամուլից է տեղեկացել դրա մասին:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է՝ ով է դատական համակարգի Հուդան, լրագրողի այս հարցին, դատավորը պատասխանեց. «Բոլոր տեղերում էլ կլինեն մատնիչներ»:
Մասնավոր զրույցներում կարո՞ղ են դատավորները քաղաքական ղեկավարությանը քննադատել այս հարցին, պարոն Չիչոյանը պատասխանեց, որ սեղանի շուրջ նստած քննարկումն էլ է հրապարակային:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ