Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմագերիների ազատ արձակման յուրաքանչյուր դրվագի հետեւում տեսնում ենք քաղաքական գործարքներ»․ Սիրանուշ Սահակյան

Մարտ 29,2024 18:45

«Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում վերադարձնել իր մոտ պահվող գերեվարվածներին, այլ նպատակային գործողությունների արդյունքում նոր գերիներ է ձեռք բերում։ Կարծում եմ՝ դրա նպատակն ավելի հստակ է մեզ համար, որովհետեւ գերիների զգայուն հարցն սկսեց շահարկվել քաղաքական նպատակներով։ Եվ տարաբնույթ հարցերում զիջումների գնալիս Հայաստանի իշխանությունները նաեւ փորձեցին բարոյապես լեգիտիմացնել այս խնդիրները գերիների վերադարձի գործոնով»,- «Արցախի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում եւ Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Ադրբեջանը վերադարձրել է շուրջ 210 գերեվարված կամ անազատության մեջ պահվող այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Եվ պաշտոնական տվյալներով՝ 23 անձ գտնվում է Ադրբեջանում։ «Նրանց դեպքերը վիճելիություն չունեն։ Եվ եթե մենք դեպքերն ավելի մանրակրկիտ վերլուծելու լինենք, ապա տեսնենք, որ 2020 թվականից հետո մենք ունենք 5 գերեվարվածներ, ընդ որում, երկուսը ռազմագերիներ են՝ Լյուդվիգ Մկրտչյանը եւ Ալյոշա Խոսրովյանը։  Նրանք հստակ գերեվարվել են մարտական գործողությունների համատեքստում, սակայն հետագայում նրանց անձի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելիս Ադրբեջանը բացահայտել է տեղեկատվություն, որ նրանք մասնակցել են առաջին եւ երկրորդ պատերազմներին։ Հատկապես ծանր են վերաբերվում առաջին պատերազմին մասնակցած եւ այդ հաղթանակի ոգին կրող անձանց։ Եվ առանձնակի դաժան են վերաբերվել նրանց, վրեժխնդրության նկատառումներից ելնելով՝ առ այսօր ազատ չեն արձակում»,- ասաց նա։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվի բանտերում կան երեք քաղաքացիական անձինք։ Երեք դեպքերում էլ դարձյալ վերժխնդրության գործոն կա։ «Վիգեն Էուլջեքյանը լիբանանահայ է, եւ սա վարձկանության դեպքի ստեղծման առիթ դարձավ։ Վիգենի միջադեպն օգտագործվեց՝ վարձկանության հայելային պատկեր ստեղծելու նպատակով։ Ադրբեջանն այս միջադեպը միջազգային ատյաններում լայնորեն շրջանառում է, որպեսզի ցուցադրի, որ թեեւ վարձկանության առանձին դրվագներ կան, բայց դրանք երկկողմանի են եղել։ Եվ ունենք երկու երիտասարդներ, որոնք գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին։ Նրանք բարեգործական գործունեություն են իրականացրել, իսկ նրանցից մեկը, ակտիվ լինելով սոցիալական մեդիայում, երբեմն քամահրական ու վիրավորական արտահայտություններ է արել Ալիեւի կնոջ հասցեին։ Եվ այս հանգամանքը անհետեւանք չի մնացել։ Եթե այս 23 թվից հանում ենք հինգը, մյուս դեպքերը կապված են 2023 թվականի հետ։ Այդ թվում է Վագիֆ Խաչատրյանի գործը,  որը բոլորիս քաջ ծանոթ է։ 2023 թվականի ագրեսիայի հետեւանքով ունենք գերեվարված զինծառայողներ, նաեւ տարեց անձ։ Իսկ մյուս դեպքերն առնչվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Բարձրաստիճան ղեկավարների ձերբակալումն ու հետագա կալանավորումն ուղղակի առնչություն չի ունեցել մարտական գործողությունների հետ, եւ նրանք քաղաքական նպատակներով հետապնդվողներ են։ Ուստի, մեծապես օգտագործում ենք հենց քաղաքական բանտարկյալ եզրույթը։ Մեր համոզմամբ՝ նրանք թիրախավորվել են իրենց թույլատրելի գործունեության համար, դրանց մեջ առաջնահերթն Արցախի ինքնորոշման համար պայքարն է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Ըստ փաստաբանի՝ ունենք նաեւ բռնի անհետացման ենթարկված գերիներ։ Ամենայն հավանականությամբ նրանք հետագայում ենթարկվել են կամայականությունների՝ բոլոր հնարավոր ելքերով՝ ընդհուպ մինչեւ սպանություններ։ «Փաստահավաք գործունեության ընթացքում կարողացել ենք հիմնավորել 80 դեպքեր, երբ զինծառայողները զենքը վայր են դրել եւ ողջ, առանց կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Եվ հետագայում նրանց ճակատագիրը դարձել է անհայտ, քանի որ միտումնավոր գործողությունների արդյունքում պետությունը թաքցրել է իր կողմից այս անձանց ազատազրկելու հանգամանքը, եւ այս անձինք փոխել են իրենց կարգավիճակը՝ գերեվարվածից փոխակերպվելով բռնի անհետացածների։ Առ այսօր Ադրբեջանը մերժողական քաղաքականություն է որդեգրում, այս անձանց նկատմամբ կան եւ դատական գործընթացներ ՄԻԵԴ-ում, եւ հատուկ ընթացակարգեր են նախաձեռնվել ՄԱԿ-ի Բռնի անհետացածների հարցով զբաղվող աշխատանքային խմբում։ Հարցումներ են արվել Ադրբեջանի իշխանություններին, նրանք ստանդարտ կերպով պատասխանում են, որ այս անձինք չեն եղել ադրբեջանական վերահսկողության ներքո»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։

Ըստ փաստաբանի՝ ռազմագերիներն վերադարձնելը պարտականություն է, եւ դա չկատարելը կամ չհիմնավորված ձգձգումներ թույլ տալը պատերազմական հանցագործություն է։ Եվ պատերազմական հանցագործության մեղադրանքներից պաշտպանվելու համար Ադրբեջանը փորձել է նրանց Ադրբեջանում պահելու արհեստական իրավական հիմքեր ստեղծել։ Բացվել են արհեստական քրեական գործեր, ներկայացվել են մեղադրանքներ, նշանակվել են պատիժներ։ Հայրենադարձման ձգձգումներն էլ սկսել են հիմնավորել պատիժների գոյությամբ։

«Բայց իրավական տարրն է բացակայում այս գործընթացներում։ Օրինակ՝ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին տրամադրել է այնպիսի ռազմագերիների, որոնց նկատմամբ նշանակված է եղել երկարատեւ ազատազրկում, բայց նրանք փաստացի պատիժը կրած չեն եղել։ Այս հանգամանքները հստակ ապացույց է, որ գործընթացներն ունեն քաղաքական միտումներ եւ նպատակներ։ Եվ ռազմագերիների ազատ արձակման յուրաքանչյուր դրվագի հետեւում մենք տեսնում ենք քաղաքական գործարքներ։ Ինչպես գիտեք, ականապատ դաշտերի քարտեզների հանձնում է եղել, մենք ունեցել ենք նաեւ հանցագործների հանձնում, որը միջազգային ստանդարտներով արգելված է» ,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031