Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյանը Ալեն Սիմոնյանին բանավեճի է հրավիրում ուղիղ եթերում

Մարտ 29,2024 18:55

Այսօր ԱԺԲ կենտրոնական գրասենյակում «Ներկա քաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները» թեմայով  հրավիրված ասուլիսը կայացավ ուշացումով եւ փողոցում:

«Ասուլիսն ուշացավ, որովհետեւ հենց այսօր մեր համակիրների, խորհրդի անդամների տներում խուզարկություններ էին արվում: Մենք մտադիր էինք խոսել ընդհանուր քաղաքական իրավիճակից, բայց քանի որ այսպես ստացվեց, կսկսել այսօրվա բուն իրադարձություններից»,-ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը մարտի 24-ին Նոր Նորքի ոստիկանությունում տեղի ունեցածի մասին ասաց, որ իրենք նույնպես այդ դեպքի մասին տեղեկացրել են սոցիալական ցանցերով: «Իմանալուց հետո, երբ ճանաչել ենք, որ այդ անձը Ստեփան Հովակիմյանն է, պատրաստակամություն ենք հայտնել նրա հետ բանակցելու, որպեսզի որեւէ մեկին վնաս չլինի: Նաեւ ուզում եմ շեշտել, որ այդ երեք անձինք, ոչ մեկի, բացի իրենցից վնաս չեն տվել, որովհետեւ այդտեղ ինչ-որ տեղ ինքնաբուխ, շատ հուզական ինքնասպանական գործողություն էր: Ստացել ենք ոստիկանությունից համաձայնություն, որ մեր խորհրդի անդամներից մեկը կգնա եւ կխոսի Ստեփանի հետ: Բայց մեր զանգից 12 րոպե անց նրան վնասազերծել են: Դա էլ տարօրինակ էր, որովհետեւ մի քանի ժամ չէին կարողանում, բայց հենց մենք պատրաստակամություն հայտնեցինք, վնասազերծեցին»,-ասաց նա:

Արա Պապյանը կարծում է, որ նպատակ կար հնարավորին չափ շատ դրա շուրջ աղմուկ բարձրացնել եւ այդ առիթն օգտագործելով հրեշացնել ԱԺԲ-ն: Ըստ նրա, այսօրվա խուզարկություններն էլ դրա հետ են կապված:

Արա Պապյանը, վկայակոչելով անմեղության կանխավարկածը ոստիկանությունում տեղի ունեցածը  չշտապեց  ահաբեկչություն որակել: Ու որպես դրա հիմնավորում ընթերցեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մի հատված, որտեղ նկարագրված է մարդու՝ ապստամբության դիմելու իրավունքը: «Դատարանը թող որոշի. սա ապստամբություն էր, թե ահաբեկչություն: Ինչ վերաբերում է օրենքի խախտումներին, այո, օրենքի խախտում եղել է,  բայց պետք է հասկանանք, որ երկրով մեկ օրենքի բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում վարչապետի մասնակցությամբ»,-ասաց  նա ու Տավուշի շրջանից գյուղեր ու տարածքներ հանձնելու օրինակով անցում կատարեց պետական սահմանի մասին օրենքին, որը խախտվում է:

Գարեգին Չուգասզյանը հավելեց. «Հոգեբանության մեջ այսպիսի սկզբունք կա, որ երբ աննորմալ իրավիճակին աննորմալ արձագանք է լինում, դա նորմալ վարք է: Սա ես չեմ ասել, սա ասել է 20-րդ դարի հոգեբանական դպրոցներից մեկի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլը: Հայաստանում մենք կարող ենք հստակ արձանագրել, որ 2020 թվականից հետո աննորմալ, արտակարգ իրավիճակ է ու պատերազմը չի դադարել: Եվ պատերազմը չդադարած վիճակում այն ամբողջ քաղաքականությունը, որ Հայաստանի իշխանությունը վարում է, դա աննորմալ քաղաքականություն է: Փոխանակ մեր ժողովրդին նախապատրաստեն ինքնապաշտպանության, փոխանակ մեր ժողովրդի ոգին բարձրացնեն, ամեն ինչ անում են պարտվողականություն, հանձնվողականություն քարոզելու համար: Եվ ոչ միայն դա: Այն մարդիկ, ովքեր դրան դիմադրում են՝ մենք Տավուշին ականատես եղանք, դրանց ձերբակալեցին»:

Բանախոսները նշեցին, որ եթե հստակեցված չեն սահմաններում, ապա ո՞նց են որոշում, որ Արցախը Ադրբեջան է, Տավուշի գյուղերը հայկական չեն:

Դիտարկմանը, թե ԱԺ նախագահը օրերս հայտարարել է, թե մարդկանց է որոնում, ովքեր կապացուցեն, որ Տավուշից  հանձնվելիք գյուղերը ադրբեջանական չեն եղել, բանախոսները պատասխանեցին, որ հենց իրենք են այդ մարդիկ: Իսկ Արա Պապյանը «ձեռնոց նետեց»՝ ասելով, որ ինքը Ալեն Սիմոնյանին արդեն իսկ  պատասխանել է ֆեյսբուքում, որ ինքն է այդ մարդը ու վերահաստատեց. «Նրան կարող եք ասել, որ Արա Պապյանը հրավիրում է բանավեճի: Բայց հետեւյալ  պայմաններով, ուղիղ եթերում, Հանրային հեռուստատեսությամբ, մեկ ժամ ժամանակով: Ես կբերեմ իմ թղթերը, քարտեզները, ինքն էլ թող հիմնավորի, թե ինչի հիման վրա է այդ չորս գյուղերը համարում ադրբեջանական», ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031