Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեղ շրջանակներ եք սպասարկում, սեփական ժողովրդին եք թալանում։ Որոշումը չի բխում սպառողի շահերից»․ Դժգոհություններ առցանց գնումների շեմը նվազեցնելու մասին որոշումից

Մարտ 29,2024 18:20

Ապրիլի 1-ից ՀՀ առցանց եղանակով անձնական օգտագործման համար ապրանքներ ձեռք բերելիս գնային շեմը 200 հազար դրամից դառնում է 200 եվրո։

Այսինքն, օնլայն առեւտրի դեպքում, եթե անձնական օգտագործման համար որեւէ ապրանք եք ձեռք բերելու կամ արդեն ձեռք եք բերել, ապա 200 եվրոն գերազանցելու դեպքում պետք է մաքսատուրք վճարել։

Այսօր ՀՀ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է․ «2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ եւ 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված 200 եվրո եւ 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»:

Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ այս որոշումը չի բխում սպառողների շահերից։

«ՊԵԿ-ը հղում է անում ԵԱՏՄ իրավակարգավորմանը, բայց չգիտես ինչու ՀՀ-ն առարկություն չի ներկայացրել, միջնորդություն չի ներկայացրել ժամկետը երկարացնելու համար։ Այսինքն, այնպես չէ, որ գործադիրը չէր ուզում, բայց ստիպված շեմը փոխվեց, գործադիրը կարող էր դիրքորոշում հայտնել, եթե ինքը ներկայացներ ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն։ Կառավարությունը չի ներկայացրել ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն։ Հետեւաբար, այդ որոշումը հենց մեր կառավարության որոշում եւս պետք է դիտարկել»,-նկատեց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ մեր գործադիրը պետք է քայլեր ձեռնարկեր, միջնորդություն ներկայացներ ԵԱՏՄ-ին այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում անմաքս ապրանքների ներմուծման գնային շեմը զգալի ցածր է եղել․ «Օրինակ ներկայացվեր, որ ասենք՝ ձեզ մոտ բարձր է եղել շեմը, մեզ մոտ այդքան բարձր չի եղել, ռիսկերն ավելի քիչ են եղել, դրանք զուտ անձնական օգտագործման ապրանքներ են եղել, հետեւաբար կարել է ինչ-որ ժամկետով հետաձգել որոշումը կամ միջանկյալ շեմով դուք էլ առաջնորդվեք։ Բայց քանի որ կառավարությունը սիրում է պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, իսկ հավաքագրված գումարները բյուջե մուտքերի ավելացմանը նպաստելու են, իսկ կառավարությունն ամեն ինչ անում է բյուջեի մուտքերն ապահովել, այդ թվում՝ քաղաքացիների կենսամակարդակի հաշվին, այս որոշումը չի կարող լինել սպառողամետ»։

Քաղաքացիները ՊԵԿ-ի՝ ֆեյսբուքյան էջում հայտարարության գրառման ներքո դժգոհություններ են ներկայացնում, որ որոշումն ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք օր առաջ են ՀՀ քաղաքացիներին իրազեկում, այն դեպքում, երբ մարդիկ առաքանիները պատվիրել են 10-20 օր առաջ կամ օրինակ երեկ։ Սրան ի պատասխան ՊԵԿ-ը նշել է․«Որոշման իրավական հիմքը հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշումը։ Որոշումը հրապարակված է եղել ԵԱՏՄ պաշտոնական կայքէջում, իսկ այս հարթակում հրապարակումը կրում է իրազեկման բնույթ։ Հնարավոր էր, որ այս որոշումը նախորդ տարիների նման եւս երկարաձգվեր, սակայն չի երկարաձգվել, հետեւաբար վերջինս հրապարակվում է այս պահին»։

Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ որոշման մասին իրազեկումը պատշաճ չի կատարվել, ՊԵԿ-ը թերացել է․ «Ապրիլի 1-ից հետո նշված եղանակով ապրանք ներմուծելու դեպքում, փաստորեն այն պետք է մաքսազերծվի, բայց պատվերը մինչեւ ապրիլի 1-ն է կատարել։ Եթե լիներ պատշաճ իրազեկում՝ շատերը պատվեր կատարելիս՝ կհաշվարկեին՝ ապրանքի արժեք +15% մաքս, եւ կմտածեին՝ արժե՞ պատվիրել, թե՞ ոչ։ 200 եվրոյի 15%-ը քիչ գումար չէ։ Հիմա մարդիկ իրենց գնած ապրանքի գնից զգալի ավելի գումար պիտի վճարեն ստիպված՝ քանի որ տեղեկացված չեն եղել որոշման փոփոխության մասին»։

Ընդ որում, ՊԵԿ-ը նշել է․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ Հետևաբար, այն ժամանակ, երբ ԵԱՏՄ-ում առցանց անմաքս առևտրի շեմը սահմանվել է 1000 եվրո, ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված է եղել առավել խիստ նորմ՝ 200․000 ՀՀ դրամ և (կամ) 31 կգ, ուստի կիրառվել է սահմանված 200․000 դրամի և (կամ) 31 կգ-ի արտոնության շեմը։ Իսկ այժմ, քանի որ 200 եվրոն ավելի խիստ նորմ է, ապա պետք է կիրառվի այս շեմը․ սա պահանջ է բոլոր ԵԱՏՄ անդամ պետությունների համար»։

ՊԵԿ-ի այս պարզաբանմանը օգտատերերից մեկն արձագանքել է․ «ԵԱՏՄ անդամ պետություններից ոչ մեկը չէր դիմել ժամկետը երկարացնելու: Ինչո՞ւ չեք դիմել: Մաքսային բարձր դրույքաչափերը նախատեսված են տեղական արտադրողին պաշպանելու, բայց եթե նման արտադրություն չկա, ձեր որոշումը ուղղակի ԹԱԼԱՆ Է սեփական ժողովրդին, բյուջեն լցնելու համար, կամ նեղ շրջանակներ եք սպասարկում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031