ՀՀ ուժային կառույցները այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսել ԱԺԲ գրասենյակներում: Այս մասին տեղեկացրեց «Բեւեռի» մամուլի կենտրոնի պատասխանատու Հերմինե Մկրտչյանը:
«Առավոտյան 7:30-ից, ինչպես հասկացանք, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն միասին, դիմակավորված, որոշ դեպքերում՝ զինված, զանգվածային խուզարկություններ են իրականացնում ԱԺԲ երեւանյան եւ մարզային գրասենյակներում, ԱԺԲ խորհրդի անդամների, աջակիցների տներում: Չգիտեմ, թե ինչ են փնտրում եւ ինչ պատճառաբանությամբ, որովհետեւ մեծ մասի հեռախոսներն առգրավված են: Սակայն տեղյակ եմ, որ գրասենյակներից համակարգիչներ եւ տեխնիկա են առգրավել»,-ասաց Հերմինե Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Ուժայինների հեռանալուց հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց. «Ենթադրվում էր, որ պետք է հայտնաբերեն զենք, զինամթերք, ռազմամթերք: Բայց առգրավեցին համակարգիչները, փաստաթղթեր: Ցանկացած փաստաթուղթ, որն իրենց հետաքրքրում է, առգրավվեցին: Այսինքն, այլեւս հնարավոր չէ, որ քաղաքական միավորը իր գործունեությունն իրականացնի: Տպավորություն կար, որ իրենք ոչ թե ուրիշ բան են փնտրում, այլ քաղաքական միավորի գործունեությունը խոչընդոտում են:
Ինձ համար տարօրինակ է, որ դատարանները շատ հեշտ թույլ են տալիս խուզարկություն իրականացնել»,-ասաց փաստաբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ