«Վերջին շրջանում որքան դիմումներ ներկայացնում եմ Եվրոպական դատարանում, առանձին միջնորդում եմ, խնդրում՝ հանկարծ այս դիմումը չմիացնեք միջպետական գանգատին, որովհետև, եթե միջպետական գանգատը հետ վերցրին, այդ դիմումը կորչելու է»,- Արցախի նկատմամբ 2023 թ․ սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում և Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները թեմայով պանելային քննարկման հարցուպատասխանի ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հնարավոր է՝ ՀՀ-ն հրաժարվի միջպետական գանգատներից։
Արա Ղազարյանը թեև նշեց, որ Եվրոպական դատարանին միջնորդություն է ներկայացնում անհատական գործերը միջպետական գանգատին չմիացնել, սակայն չբացառեց, որ Եվրոպական դատարանն իր որոշմամբ՝ միակողմանիորեն կարող է որոշում կայացնել բոլոր անհատական գանգատները միացնել միջպետական գանգատին։ Իսկ եթե միջպետական գանգատը հետ վերցնեն, դա կորչելու է։
Փաստաբանն ասաց՝ այսօր ռազմավարություն մշակվում է, ուղղակի չեն կարող այդ մասին բարձրաձայնել ու նշեց․ «Սակայն իրական վտանգ կա, որ եթե գանգատները հետ վերցնի ՀՀ կառավարությունը, իհարկե, պայմանով, որ խաղաղության պայմանագրում բոլոր իրավունքների մեխանիզմները պետք է մշակվեն, բայց նույնիսկ եթե մշակվեն, համաձայնագիր կնքվի, չկա երաշխիք, որ Ադրբեջանն այդ համաձայնությունը կկատարի, մինչդեռ մարդիկ հետո չեն կարող գալ ու ասել՝ հինգ տարի հետո նորից գնանք Եվրոպական դատարան։ Եվրոպական դատարանն այլ ժամկետներ ու ընդունելության ժամկետներ ունի, ուղղակի կարող ենք կորցնել այդ գանգատները։ Դրա համար հեչ ցանկալի չէ, որ Հայաստանն այդ իրավական գործընթացներից հրաժարվի»։
Կարդացեք նաև
Արա Ղազարյանը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանում ապատեղեկատվությունն ուղղահայաց տարածվում է․ ամբողջ իշխանությունը դրա համար դրված է․ «700 ադրբեջանցի լրագրողների Ադրբեջանը բնակարան է նվիրել, բայց սեփականության վկայականը պահել է իր ձեռքում։ Այս մասին քննարկումներից մեկի ժամանակ սկանդալ եղավ, ադրբեջանցի իրավապաշտպաններն այդ փաստը դրեցին գործադիր իշխանության ներկայացուցչի առաջ։ Նա ասաց՝ վատ բա՞ն ենք անում, բնակարան ենք նվիրում 700 լրագրողներ։ Այսինքն՝ առնվազն այդ 700 լրագրողները պետք է գրեն այն, ինչ իրենց ասում են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ