Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին

Մարտ 29,2024 15:06

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ, կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանի անունից այսօր նամակ հանձնվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ դեսպան Քրիստինա Քվինին։

Նարեկ Սամսոնյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից երեք հարցի պատասխան է ցանկանում լսել։

«Ձեզ բաց նամակ գրելուս հիմնական պատճառը մի քանի` ինձ և հանրության զգալի հատվածի համար կարևոր հարցերի պատասխանները ստանալն է` կուզեք հրապարակային, կուզեք` ոչ: Տիկին դեսպան, փետրվարի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած դրամահավաքի ժամանակ, արտահայտվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, բառացի ասաց «that crazy son of a bitch» (թերևս սա հայերեն թարգմանելու կարիք չունի): Նախագահ Բայդենի այս բնորոշումը լսեց և կարդաց ողջ աշխարհը, կամ չչափազանցնելու համար ասենք` միլիարդավոր մարդիկ: Նախագահ Բայդենից առաջ պակաս «պերճախոս» չէր նախագահ Թրամփը, որն էլ հայտնի էր իր հակառակորդների մասին հանրային հայհոյաբանությամբ: Մի քանի օրինակներ էլ` Ձեր նախորդ նախագահի բառապաշարից. «stupid son of a bitch», «dumb son of a bitch», «sleeping son of a bitch», «fuck you son of a bitch», «that bitch» և այլն:

Հիմա, տիկին դեսպան, մենք երկրի նախագահ չենք և ոչ էլ ունենք հետաքրքրության այն աստիճանի 5 տոկոսը, որն ունեին Ձեր նախագահները և մենք մեր մեդիագործունեությամբ ազատ ենք եղել մեր նեղ լսարանում մեր երկրի փաստացի կառավարչի մասին ասել ճիշտ նույն բանը, ինչ Ձեր գործող նախագահն ասաց միլիարդավոր լսարանի առաջ ՌԴ նախագահին, և դրա պատճառով կալանավորված ենք «ժողովրդավարության բաստիոնում»: Ի դեպ, մեղադրանքի տեքստում հենց այդպես էլ գրված է` «…հայհոյել են երկրի վարչապետին և իշխանության ներկայացուցիչներին…»: Հիմա, ստացվում է, որ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք, և հաշվի առնելով լսարանների ծավալների բացահայտ տարբերություններն, ըստ փաշինյանական ռեժիմի, Ձեր նախագահները շատ ավելի վտանգավոր խուլիգաններ են: Ելնելով վերոգրյալից` առաջին հարցս. տիկին դեսպան, Դուք նույնպես կարծո՞ւմ եք, որ մեր արածը խուլիգանություն է, եթե ոչ, ապա ի՞նչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ:

Շարադրեմ հաջորդ հարցս. վերջին տասնամյակում սոցիալական մեդիայի տարածման արդյունքում ավանդական մեդիա հարթակներին փոխարինելու են եկել նոր ձևաչափով մեդիա պրոդուկտներ: Դրանցից ամենատարածված ձևաչափերից մեկը փոդքասթն է, որը ենթադրում է ավելի անմիջական և երկար շփում լսարանի հետ: Վերոգրյալին զուգահեռ (ըստ մասնագետների պնդման)` նույն սոցիալական մեդիայի զարգացումը բերել է քաղաքականության հանրայնացման (popularisation), և դրա հետևանքով էլ քաղաքական դիալեկտիկան ողջ աշխարհում որակական ռեգրես է ապրել: Քաղաքականության հանրայնացման հետևանքով էլ իրենց հերթին քաղաքականությամբ զբաղվող անհատներին (հատկապես իշխանություն կրողներին) հանդուրժողականության ավելի բարձր աստիճանով են կաշկանդել, իսկ ժողովրդավարություններում, հատկապես «ժողովրդավարության բաստիոնում», հանդուրժողականության աստիճանը պետք է անգամներով բարձր լինի: Հիմա, մեզ` մեդիա գործունեությամբ զբաղվող անհատներիս, որոնց փոդքասթն արդեն մեկ տարի է եթերում է, որն ունեցել է շուրջ 90 թողարկումներ և ավելի քանի 100 հյուր, երկու ամսով կալանավորել են իշխանության ներկայացուցիչներին և անձամբ վարչապետին «son of a bitch» ասելու համար: Ձևակերպեմ հարցս. տիկին դեսպան, վարչակազմի ո՞ր տարատեսակին է հատուկ նման ամենաթողությունը, ի՞նչ եք կարծում, սա ժողովրդավարակա՞ն, թե՞ կայուն զարգացող ավտորիտարիզմին բնորոշ պահվածք է: Ո՞րն է Ձեր գնահատականը:

Եվ ձևակերպեմ թերևս վերջին հարցը. տիկին դեսպան, Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը (եթե ոչ, նամակս Ձեզ փոխանցելիս անպայման կրիչով կտրամադրեն այդ կադրերը), եթե այո, ապա կխնդրեի պատասխանել, եթե, օրինակ, Ձեր աշխարհաքաղաքական հակառակորդ երկրներից ցանկացածում նման կերպ բերման ենթարկեին որևէ մեդիա գործիչի, Դուք ինչպե՞ս կարձագանքեիք: Կարծում եմ, որ անգամ Սպիտակ տանը նրա կնոջն ընդունելության կարժանացնեին: Իսկ ինչո՞ւմ է կայանում մեր պարագայում Ձեր քար լռությունը: Չե՞ք կարծում, որ հենց այս պատճառով է նաև, որ լիբերալ դեմոկրատիայի արժեքային և գաղափարական մասը վերջին երկու տասնամյակում տոտալ ֆիասկոյի է հանդիպում»:

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը ծրարը չվերցրեց՝ նշելով, որ դեսպանատուն նամակ ուղարկելու կարգ կա, այն պետք է ուղարկել էլ. փոստի միջոցով։

«Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի էր։ Ինչևիցե, մենք ֆիքսում ենք, որ ցավոք չկարողացանք այն փոխանցել դեսպանատանը»,-ասաց լրագրող Դավիդ Ֆիդանյանը։

Նա ուղիղ եթերում ընթերցեց Սամսոնյանի նամակ-հարցումը։ Դավիթ Ֆիդանյանը հայտարարեց, որ վստահ են՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի հետ, ինչո՞ւ են նրանց ձերբակալել եւ կալանավորել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031