Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանից արտագաղթել է շուրջ 11 հազար, որոշ տվյալներով՝ մինչեւ 15 հազար բռնի տեղահանված արցախցի»․ Գեղամ Ստեփանյան

Մարտ 29,2024 14:19

«Պաշտոնական մակարդակով խոսվում է, որ Հայաստանի Հանրապետություն են ժամանել 102 հազար բռնի տեղահանված անձ։ Ես կուզենայի, որ շեշտադրումը ճիշտ կատարվի, որ սեպտեմբերի 25-ից հետո է, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել շուրջ 102 հազար բռնի տեղահանված անձ, բայց, ըստ էության, Արցախն ամբողջությամբ դատարկված է։ Իսկ Արցախը մինչև 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան ունեցել է 145-150 հազար բնակչություն։ Այսինքն՝ եթե խոսում ենք Արցախից փախստական, բռնի տեղահանված դարձած անձանց մասին, պետք է ֆիքսենք հենց 145-150 հազար մարդու հանգամանքը։ Կարծես թե անտեսվում են 2020 թվականին Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից, Շահումյանից բռնի տեղահանված մարդկանց կամ շրջափակման օրերին Արցախից դուրս եկած անձանց իրավունքները»,- «Արցախի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում եւ Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ այսօր Արցախում ապրում է ընդամենը 20 հայ։ «Եվ մենք տեղեկություններ ունենք, թե ինչպիսի կարգավիճակում են նրանք ապրում՝ սահմանափակված իրավունքներով։ Մեզ հասնող տեղեկությունների համաձայն՝ անգամ Ստեփանակերտում մի տեղից այլ տեղ գնալու համար պարտադիր ադրբեջանական թույլտվություն է անհրաժեշտ։ Եվ հիմնական մասն ապրում է կենտրոնացված հյուրանոցում, մի քանիսը՝ իրենց տներում։ Եվ ըստ առկա տեղեկատվության՝ տների բոլորի մերձակայքում տեղակայված են ադրբեջանական ոստիկանական ուժեր, որոնք հետեւում են, թե ինչով են զբաղվում այդ մարդիկ։ Ահա սա է այն հեռանկարը, որն սպասվում էր արցախահայությանը Արցախում մնալու դեպքում»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ արցախահայությունը լքեց Արցախը, որովհետեւ արժանապատիվ կյանքի հնարավորություն չունեին։

«Բռնի տեղահանված անձանց իրավունքների տեսանկյունից առաջին հարցը իրավական կարգավիճակի հարցն է՝ փախստական, թե՞ քաղաքացի։ Սա հարց է, որը բոլորին է հուզում, որովհետեւ ըստ էության՝ 30 տարիների ընթացքում Արցախի ամբողջ բնակչությունը կրում էր Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ բացի ընտրական իրավունքից, ՀՀ-ում օգտվում էր նույն իրավունքներից։ Արդյոք սա ՀՀ քաղաքացիությունը փաստող փաստաթուղթ էր, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ ըստ էության այո, բայց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվում էր որպես ճամփորդական փաստաթուղթ։ Իմ անձնական կարծիքն այս հարցի վերաբերյալ այն է, որ փախստականի կարգավիճակ շնորհելով եւ առնվազն միջազգային կառույցներում միջազգային հանրությանը ցույց տալով, որ այսքան մարդ է ժամանել Հայաստան՝ որպես փախստական, ճիշտ մոտեցում էր։ Բայց միեւնույն ժամանակ՝ կոնկրետ ներքին դաշտում դրանով պայմանավորված խտրականություն դրսեւորելը ճիշտ չէ, որովհետեւ այդ որոշման հետեւանքով իրավական գործարքներ անելու հնարավորությունից այսօր արցախցիները զրկված են։ Մինչեւ չեն հաշվառվում, այդ գործարքները չեն կարողանում իրականացնել»,- նշեց Ստեփանյանը։

Ըստ նրա՝ փախստականի վկայականն այսօր պահանջվում է արցախցիների համար նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու եւ վերադառնալու համար, ինչը եւս որեւէ հիմնավորում չունի։ «Ուղղակի երեւի որոշակի բյուրոկրատական հավելյալ քաշքշուկ են ավելացնում, որովհետեւ տարբեր երկրներում ՀՀ նույն 070 կոդով անձնագրով շատ հանգիստ կարող ենք եւ հիմա էլ կարողանում ենք իրացնել մեր ազատ տեղաշարժի իրավունքը։ Որքան կպահպանվի փախստականի կարգավիճակը, դեռեւս անորոշ է, բայց տեսնում ենք, որ բազմաթիվ խնդիրներով պայմանավորված՝ բռնի տեղահանված անձանց շրջանում այնքան էլ հակվածություն չկա ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Այսինքն՝ մի մասն ասում է՝ ես այսպես թե այնպես քաղաքացի եմ, ինչի՞ համար նորից դիմեմ ու ստանամ, մի մասն էլ մտավախություն ունի, որ եթե 070 կոդով անձնագիրը փոխի եւ Հայաստանի տարբեր անձնագրային բաժիններից անձնագիր ստանա, ապա դա կզրկի իրեն հետագայում վերադարձի հնարավորությունից կամ իր կապն Արցախի հետ փաստող ապացույցներից»,- ասաց նա։

Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով արցախցիների համար ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերին, ասաց, որ բնակապահովման առաջարկվող ծրագիրը դեռեւս գտնվում է քննարկման փուլում․ «Բայց պետք է արձանագրենք նաեւ, որ Արցախից բռնի տեղահանված անձանց կողմից այն ընդունվել է մեծ դժգոհություններով, որովհետեւ տպավորություն է, որ ծրագիր է ուղղակի հայտարարության համար, եւ այն լիարժեք ու արդյունավետ կերպով չի հասցեագրելու կացարանով ապահովելու ՀՀ պարտավորությունը։ Բնակարանի հարցի հասցեագրումն այն կարեւոր հանգամանքներից մեկն է, որը կանխարգելող ազդեցություն կունենա ՀՀ-ից բռնի տեղահանված անձանց արտագաղթի տեսանկյունից»։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այսօր Հայաստանից արտագաղթել է շուրջ 11 հազար բռնի տեղահանված արցախցի։ Այլ գնահատականներով՝ այդ թիվը հասնում է մինչեւ 15 հազարի, եւ հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններ են։ Հայաստանում ընդամենը 10 800 արցախցի է ապահովվել աշխատանքով։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ ամենացավալին այն է, որ այս թվերի մեջ քիչ տոկոս են կազմում հատկապես կրթության բնագավառի աշխատողները։ Ընդամենը արցախցի 220 ուսուցիչ է այսօր աշխատում ՀՀ կրթական հաստատություններում, այնինչ, Արցախում 4000 ուսուցիչ է եղել։ «Սա խոսում է այն մասին, որ որակավորում եւ գիտելիքներ ունեցող անձինք չեն կարողանում գտնել իրենց համապատասխան աշխատանքը։ Սա եւս նպաստելու է բռնի տեղահանվածների արտահոսքին ՀՀ-ից»,- հավելեց նա։

Ըստ Ստեփանյանի՝ եթե Հայաստանի կառավարության ռեսուրսները չեն բավարարում այս խնդիրները լուծելու համար, հարց է ծագում՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները այս հարցերով առավել ակտիվություն չի ցուցաբերում՝ միջազգային օգնություն գեներացնելու համար։

Անդրադառնալով ինքնության պահպանության հարցին՝ Ստեփանյանն ասաց․ «Այո, մենք չենք ուզում կորցնել արցախյան ինքնությունը։ Ինտեգրացիա բառն էլ երբեմն բռնի տեղահանվածների կողմից ոչ միանշանակ է ընդունվում, ասում են՝ ուր գնում ենք, մեզ ինտեգրացիա են առաջարկում՝ Ադրբեջանում ինտեգրացիա, Հայաստանում ինտեգրացիա։ Իհարկե, ինտեգրացիան լավ բան է, բայց դա չպետք է կատարվի անձանց ինքնությունը խաթարելու ճանապարհով։ Եվ այդ ինքնության պահպանման համար մեզ համար խիստ կարեւոր է այդ ինքնությունը կազմող բաղադրիչների պահպանության ուղղությամբ աշխատանքները։ Պետական համակարգված աշխատանք այս ուղղությամբ չկա, բայց կան նախաձեռնություններ հենց արցախցիների կողմից, կոնկրետ, մշակութային օջախների պահպանություն եւ այլն։ Թե որքան կկարողանանք մենք սա պահպանել, ժամանակի հարց է, բայց այն, որ վճռականություն կա՝ պահպանելու ինքնությունը, դա միանշանակ է»,- հավելեց նա։

Նա նշեց, որ Արցախում այսօր բացակայում է միջազգային մոնիտորինգային որեւէ հնարավորություն՝ պատմամշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու համար։ Արցախում քրիստոնեական արժեքների թիվն 5000 է, որոնցից 450-ը վանքեր ու եկեղեցիներ են։ Առաջնահերթ ոչնչացման տակ են գտնվում հայկական եւ քրիստոնեական ինքնության հետ ասոցացվող հուշարձանները, եւ հենց դրանք պետք է լինեն միջազգային մոնիտորինգի տակ, ասաց Գեղամ Ստեփանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031