«Հետք». Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Նա խոսել էր, մասնավորապես, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից:
ՀՀ դիվանագիտական կորպուսի ղեկավարն անդրադարձել էր Ալմա–Աթայի հռչակագրին՝ նշելով. «Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա–Աթայի հռչակագիրն է։ Առանց շատ մանրամասների՝ նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ նախ` ԽՍՀՄ–ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին»:
Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են անում Ալմա-Աթայի հռչակագրի և ԱՊՀ ստեղծմանն առնչվող մյուս փաստաթղթերի վերաբերյալ, բայց, թերևս, առաջին դեպքն է, երբ նման անհիմն պնդում է անում ՀՀ թիվ մեկ դիվանագետը:
ԱՊՀ ստեղծմանը վերաբերող 3 առանցքային փատաթուղթ գոյություն ունի: Առաջինը Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին համաձայնագիրն է, որը հայտնի է նաև Բելովեժյան համաձայնագիր անունով: Այն ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 8-ին Բելառուսի Բելովեժյան թավուտում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների կողմից: 14 հոդվածից բաղկացած համաձայնագիրը դեկտեմբերին վավերացրել են այս երեք երկրների խորհրդարանները: Դրանում նշվում էր, որ «ԽՍՀ Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցնում է իր գոյությունը… Բարձր պայմանավորվող կողմերը ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցություն»:
Կարդացեք նաև
Կարճ ժամանակ անց այս համաձայնագրին միանալու ցանկություն են հայտնել ԽՍՀՄ ևս 8 հանրապետություն՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոլդովան: Բայց քանի որ Բելովեժյան համաձայնագիրն արդեն ստորագրված ու վավերացված էր առաջին երեք հանրապետությունների կողմից, դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում բոլոր 11 երկրների ղեկավարները ստորագրել են դեկտեմբերի 8-ի համաձայնագրին կից արձանագրություն, որով ևս մեկ անգամ ամրագրվել է ԽՍՀՄ գոյության դադարեցումն ու նոր կառույցի՝ ԱՊՀ-ի ստեղծումը:
Արձանագրության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից այն վավերացնելու պահից: Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի հիման վրա և դրա վավերացման ժամանակ կատարված վերապահումները հաշվի առնելով` կմշակվեն Համագործակցության շրջանակներում համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթեր»:
Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի կողմից՝ նախագահ Այազ Մութալիբովը:
Նույն օրը՝ դեկտեմբերի 21-ին, 11 երկրների ղեկավարները ստորագրել են Ալմա-Աթայի հռչակագիրը, որը դեկլարատիվ բնույթի հայտարարություն էր ԱՊՀ ստեղծման սկզբունքների և նպատակների մասին: Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացման ենթակա չի եղել և երբեք չի վավերացվել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների կողմից։ Այսինքն՝ Հայաստանի գլխավոր դիվանագետ Արարատ Միրզոյանը թուրքական հեռուստաալիքին հայտարարել է մի բան (հռչակագիրը վավերացնելու մասին), որը գոյություն չունի:
Հայաստանի խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, 1992 թ. փետրվարի 18-ին վավերացրել է ոչ թե դեկտեմբերի 21-ի արձանագրությունը, որը ստորագրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ դեկտեմբերի 8-ի բուն համաձայնագիրը: Սակայն ՀՀ խորհրդարանը կատարել է մի շարք վերապահումներ, ինչի իրավունքն ուներ, և այդ մասին ասվում էր նաև դեկտեմբերի 21-ի արձանագրության մեջ:
Արմեն Ղազարյան, Լենա Սահակյան
Հետք Մեդիա Գործարան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: