Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվյալներից անդին»՝ արվեստագետները կենդանացրել են չոր տվյալները

Մարտ 29,2024 14:30

«Կատապուլտի» շրջանակներում իրականացվող ցուցահանդեսը բաց է մինչեւ ապրիլի 28-ը

ՀԲԸՄ-ն իր ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում հսկայական միջոցներ է ծախսել հայկական ստեղծագործության եւ մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի վրա՝ սկսած Մատենադարանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ Արցախի կամերային նվագախմբերին աջակցելուց մինչեւ անհատ արվեստագետներին կրթաթոշակների տրամադրում, կատարողական հնարավորություններ եւ Creative Armenia -AGBU կրթաթոշակային ծրագիրը:

Իսկ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի կողմից՝ Creative Armenia-ի հետ համագործակցությամբ, միտված է Հայաստանի ստեղծարար արդյունաբերությունը խթանելուն:

ՆՓԱԿ-ի հարկի ներքո «Տվյալներից անդին» խորագրով նախաձեռնությունն իր մեջ ամփոփում է  ցուցահանդես, զրուցարաններ եւ աշխատաժողովներ՝ Հայաստանի ստեղծարար արդյունաբերության վերաբերյալ: «Տվյալներից անդին» ցուցահանդեսը, որի համադրողներն են Տատյանա Վահանը եւ Աննա Գարգարյանը, հրավիրել է 8 արվեստագետների եւ արվեստագետների խմբերի (Նազիկ Արմենակյան եւ Փիրուզա Խալափյան, Մայդա Շավակ եւ Արմինե Շահբազյան, Անուշ Ղուկասյան, Դի ստուդիո, Սամվել Սաղաթելյան, Գոհար Սարգսյան, Տատյանա Վահան, Ալեքսեյ Մանուկյան)՝ քննարկելու «Կատապուլտի» շրջանակներում վերջերս լույս տեսած՝ Հայաստանի ստեղծարար արդյունաբերության վերաբերյալ հետազոտությունը։

Ցուցադրվող արվեստի գործերում անդրադարձ է կատարված արվեստի տնտեսական զարգացմանը խոչընդոտող այնպիսի հիմնական խնդիրների, ինչպիսիք են արվեստագետների աշխատանքային պայմանները, գործնականում չաշխատող  մշակութային քաղաքականությունը եւ տեղական փոքր շուկան։ Արվեստը որպես միջոց կիրառելով՝ ցուցահանդեսը ձգտում է ընդլայնել տվյալների հետազոտության ավանդական սահմանները, որպեսզի անդրադարձ արվի նաեւ տարբերություններին, նրբերանգներին, հակասություններին եւ այն իրականությանը, որը փորձում է նկարագրել հետազոտությունը։

Գոհար Սարգսյանը

Գոհար Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով իր «Արարում» նախագիծը, նշեց, որ իր ստեղծագործական գործընթացը սկսվում է հարցադրումներից, որոնք մշտապես պտտվում են մարդկայնության գաղափարի շուրջ, այնուհետեւ ընդլայնելով դրանց սահմանները՝ հարցերը վերափոխվում են տեսողական պատկերների կամ անիմացիաների, որոնք հնարավորություն են ստեղծում դիտողին ներգրավել երեւակայական երկխոսության մեջ:

«Արարում» նախագիծը մուլտիմեդիա ինստալացիա է, որի հիմքում «փաստաթղթերի» հիմնավորման գաղափարն է: Մենք բոլորս ապրում ենք մի աշխարհում, որտեղ առնչվում ենք տարբեր «փաստաթղթերի» հետ, եւ որոնք կարող են մեզ համար գոյութենական նշանակություն ունենալ՝ կախված բովանդակությունից եւ կնիքի «որակից»: Այս նախագծում հիմք ընդունելով «Տվյալներից անդին» հետազոտական գիրքը՝ ինձ հետաքրքրեց, թե ով է արվեստագետը, ինչով է կարեւոր նրա դերը հասարակության մեջ: Այս հարցերին պատասխանելու համար ես հրավիրեցի երկու տարբեր փիլիսոփաների, որոնցից մեկը հիմք ընդունելով հետազոտական գիրքը՝ ստեղծեց փիլիսոփայական փաստաթղթերի հիմնավորման տրակտատ՝ «Գովք Արարչագործության» վերնագրով, իսկ մյուսը գրեց «Արարչագործություն» բառի փիլիսոփայական բացատրությունը: Այս երկու «փաստաթղթերի» շուրջ է կառուցված ինստալացիան, որը դիտորդին ներգրավում է գործընթացի մեջ՝ հնարավորություն տալով անցնել «Արարչագործության» փուլերով»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նազիկ Արմենակյանն ու Փիրուզա Խալափյանը

Մասնակիցներից Նազիկ Արմենակյանն ու Փիրուզա Խալափյանը ներկայացնում են «4 Պլյուս»  վավերագրական լուսանկարչության կենտրոնը: «Սա ՀԲԸՄ «Կատապուլտ» ծրագրի մեծ հետազոտությանը նվիրված ցուցադրություն է, այլ արվեստագետների հետ  նաեւ մեզ դիմեցին եւ առաջարկեցին, որ մենք էլ հետազոտության մեջ վիզուալ ինչ-որ բան ցույց տանք: Մտածեցինք, որ լավ կլինի, եթե խոսենք սկսնակ կամ դեռեւս կայացող արվեստագետների հետ ու հասկանանք, թե իրենք ինչ ձեւով են ապրում ու ստեղծագործում, ինչ է անհրաժեշտ, որպեսզի շարունակեն Հայաստանում զբաղվել արվեստով: Նրանք ֆրիլանսերներ են, մարդիկ են, որ այլ աշխատանք են անում, հետո դրա գումարով արվեստանոց են վարձում, մի խոսքով՝ տարբեր տեղերից եկող արվեստագետներ են՝ երաժշտություն, թատրոն, քանդակ, կերամիկա, թվային արվեստ եւ ուղղությունների ներկայացուցիչներ»,-նշեց Նազիկ Արմենակյանը:

Փիրուզա Խալափյանը հավելեց, որ ընտրել են 10 երիտասարդ արվեստագետների ու այցելել բոլորին, որպեսզի հասկանան, թե որտեղ եւ ինչպես են նրանք ստեղծագործում, արդյոք ունե՞ն իրենց տարածքը. «Շատ տարբեր միջավայրերում գտանք իրենց` մեկը հիվանդանոցի շենքում էր տարածք վարձել, մյուսը՝ Ֆիրդուսում, երրորդը՝ Ոսկու շուկայում, չորրորդը՝ ժամացույցի գործարանում, ինչ-որ մեկը՝ տանը… Արդյունքում մենք էլ մեր փոքրիկ հետազոտությունն արեցինք, եւ կարծես ստացվեց հետազոտության մեջ՝ հետազոտություն: Երիտասարդներն, իհարկե, կարիք ունեն  տարածքի, բայց քանի որ շատ լավ են ստեղծագործում, գտնում են տարածք եւ հորինում են տարածք»: Նազիկ Արմենակյանը հավելեց, որ լուսանկարելով  հայաստանցի, արցախցի եւ ռուս արվեստագետների, որոնք գտնվում են տարիքային եւ ժամանակային փորձարարական փուլում՝ փորձել են ստեղծել պատկերների շարք, որոնցում տեսանելի են եւ իրենք, եւ իրենց ստեղծագործելու տարածքները եւ դրանց բացակայությունը:

Սամվել Սաղաթելյանը

Սամվել Սաղաթելյանի ձեւակերպմամբ՝ այս նախագիծը յուրահատուկ է այն առումով, որ չոր հետազոտական նյութը արվեստագետների շնորհիվ վերածվում է արվեստի պրոդուկտի: «Իմ շարքը, որ վաղուց էի արել, կոչվում է Personal and Political Protest Signs, հիմքում դրել եմ արվեստ բառը……Առանց արվեստ չկա մշակույթ, հատկապես ժամանակակից արվեստը քաղաքական է, սոցիալական է, ստրատեգիական է եւ իր մեջ շատ բան է կրում: Ես արվեստ բառով խաղում եմ, բառախաղ եմ անում»:

Շողակաթ Մլքե-Գալստյանը

«Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի հաղորդակցման եւ միջոցառումների պատասխանատու Շողակաթ Մլքե-Գալստյանը նշեց, որ երբ հետազոտությունն ավարտել են, տեսել են, որ այն դառնում է մի մեծ աշխատություն:  Ու որպեսզի հետազոտությունը հասկանալի լինի արվեստագետների ու հանրության համար, որոշել են մեկական գլուխ տալ  արվեստագետներից յուրաքանչյուրին՝ ազատ մեկնաբանելու: Նրա խոսքով. «Մենք սովոր ենք ցուցահանդեսներ տեսնել, որտեղ չկան տվյալներ, իսկ հիմա խոսում ենք տվյալների մասին, որոնց կյանք ենք տվել»:

Հավելենք, որ ցուցահանդեսի փակ նախադիտմանը եւ տաղավարի բացման մեկնարկին ի թիվս այլոց ներկա էին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը,   «Կատապուլտի»  շահերի պաշտպանության ղեկավար Նարեկ Թովմասյանը, ցուցահանդեսը հյուրընկալող ՆՓԱԿ-ի գործադիր տնօրեն Սիլվա Չոբանյանը եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԵՄ դեսպանն ասաց, որ պատիվ ունեն աջակցելու «Կատապուլտին», որն  առաջատար նախագիծ է, ու ԵՄ-ն շարունակելու է նպաստել ստեղծարար արդյունաբերության զարգացմանը Հայաստանում: Աննա Գարգարյանի խոսքով, 2 տարվա բարդ ճանապարհ են անցել՝ նման ծավալուն հետազոտություն ունենալու եւ ոլորտը ճիշտ ներկայացնելու համար: Նրա ձեւակերպմամբ արվեստագետներն էլ իրենց հերթին են մեծ աշխատանք կատարել՝ հետազոտության տվյալները յուրովի մեկնաբանելով: «Տվյալներից անդին» ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում հնարավոր է վայելել մինչեւ  ապրիլի 28-ը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
29.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031