Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետեւանքով դեռեւս անհայտ է մնում 21, իսկ պայթյունի հետեւանքով՝ 20 անձանց ճակատագիր»․ Գեղամ Ստեփանյան

Մարտ 29,2024 13:21

«Որեւէ կասկած չունեմ, որ այն քաղաքականությունը, ռազմավարությունը, որն Ադրբեջանն իրականացրել է Արցախի նկատմամբ, նույնն այսօր շարունակում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- այս մասին «Արցախի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում եւ Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այն, որ Արցախի նկատմամբ իրականացվածն Ադրբեջանի հետեւողական քաղաքականության հետեւանքն է, դրանում որեւէ կասկած չկա։ «Հետահայաց հարց կարող ենք տալ ինքներս մեզ՝ արդյոք հնարավո՞ր էր կանխել Ադրբեջանի կողմից այս գործողությունները, ես գալիս եմ այն եզրահանգման, որ ոչ։ Ադրբեջանական պահանջներն ընդունելու եւ այդ ճանապարհով խնդրին լուծում տալու առումով, հասկանում եմ, որ ոչ։ 2022 թվականի դեկտեմբերին, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, ադրբեջանական կողմն առաջ քաշեց բնապահպանական պահանջը, իսկ արդեն 2023 թվականի մարտից սկսած քննարկումներում որեւէ բնապահպանական պահանջ առաջ քաշված չէր։ Այսինքն՝ երբ առաջին հանդիպումը եղավ ադրբեջանական կողմի հետ, որին ես անձամբ մասնակցել եմ, 2023 թվականի մարտին, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը բնապահպանական որեւէ հարց չէր էլ բարձրացնում, այլ խոսում էր բացառապես Արցախի ժողովրդի ինտեգրացիայի կամ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության մասին։

Հետո հաջորդ հարցն եմ տալիս՝ արդյոք եթե Ստեփանակերտ-Ակնա ճանապարհը ժամանակին բացվեր, հնարավո՞ր էր որեւէ բան փոխել։ Նորից գալիս եմ այն եզրահանգմանը, որ ոչ, որովհետեւ սեպտեմբերի 19-ի հարձակումից ընդամենը մեկ օր առաջ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացվել էր։  Տրամաբանությունը հուշում է, որ այդ պահանջն ընդունված էր, չպետք է լիներ ադրբեջանական հարձակումը, բայց տեսանք, որ այդ ռազմական հարձակումը եղավ։ Ես իմ խոսքը սրանով եմ սկսում՝ ցույց տալու համար, որ համակարգային ցեղասպանական քաղաքականություն է իրականացվում հայ ժողովրդի նկատմամբ, որին հակադրել զիջողական եւ պարտվողական օրակարգը, իմ կարծիքով, մեզ բերելու է նոր ողբերգությունների»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա հավելեց․ «Սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով, մեր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքի արդյունքում, արձանագրվել է 223 անձանց սպանություն Ադրբեջանի կողմից, որից 21-ը քաղաքացիական անձինք են, եւ որոնցից 6-ը՝ երեխաներ»։ Եվս 238 անձ զոհվել է սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ այդ դեպքը, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի կերպով եւս կապակցված է Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով ստեղծված քաոսային իրավիճակի հետ եւ հետեւանք է ագրեսիայի։

«Այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետեւանքով դեռեւս անհայտ է մնում 21 անձի ճակատագիր։ Իսկ պայթյունի հետեւանքով անհայտ է մնում եւս 20 անձանց ճակատագիր։ Այս ուղղությամբ մի քանի փորձ կատարվել է մեր կողմից կոնկրետ պայթյունի տարածքում նոր որոնողական աշխատանքներ իրականացնելու առումով, սակայն ադրբեջանական կողմը որեւէ ձեւով պատրաստակամություն չի ցուցաբերում։ Կարծես թե ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք անընդհատ խախտվում են եւ արդյունք չեն ունենում։ Ցավոք սրտի, այս հարցերը ՀՀ կողմից բանակցային գործընթացում չեն բարձրաձայնվում, ինչպես նաեւ չեն բարձրաձայնվում պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը վերաբերող հարցերը։ Ինձ համար ՝ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան, օրակարգում չորս հիմնական թեմաներ են։ Առաջինը՝ Արցախի բռնի տեղահանված անձանց սոցիալ-հումանիտար խնդիրները եւ միջազգային աջակցությունն այս հարցում։ Երկրորդը՝ վերադարձի իրավունքի ուղղությամբ աշխատանքները, երրորդը՝ Արցախից գերեվարված եւ պատանդառված անձանց ճակատագիրը, նրանց վերադարձի եւ իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքները, եւ չորրորդը՝ Արցախում պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ աշխատանքները»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031