Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություններ են իրականացնում Ազգային – Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: Այս մասին տեղեկացնում է ԱԺԲ-ն՝ մանրամասնելով, որ խուզարկություն է իրականացվել Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Արա Պապյանի բնակարաններում:
Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տան խուզարկության մասին հայտնում է․ «Վերցրեցին բջջային հեռախոսս և գազային ատրճանակս, որի համար կա ոստիկանության թույլտվությունը»:
Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը` խուզարկությունների մասին
Կարդացեք նաև
Խուզարկել են նաեւ հրամանատար Վոլոդյա Ավետիսյանի տունը:
Ըստ ԱԺԲ-ի՝ խուզարկությունները կրում են համատարած բնույթ. «Մարզերում ևս խուզարկում են Բևեռի աջակիցների տները և Բևեռի գրասենյակները»:
Ըստ Քննչական կոմիտեի՝ «Ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված առերևույթ ահաբեկչության գործով միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում շուրջ 4 տասնյակ հասցեներում, իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ»:
Հիշեցնենք, որ մարտի 24-ի երեկոյան ԱԺԲ 3 աջակիցներ փորձել են ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։ Ներխուժած անձանցից երկուսը ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։ 3 անձանց ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, Ստեփան Հովակիմյանը և Վարդգես Գևորգյանը կալանավորվել են, իսկ Արթուր Մովսիսյանն այդ օրը վնասվածք ստանալու պատճառով դեռ գտնվում է բուժհաստատությունում։