Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուզաննա Տուդոյանը:
Նրա պաշտպանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով մասնակի բեկանել դատավճիռը: Երեկ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացանք, որ հայտնի է դատարանի կազմը՝ Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան, Լուսինե Ալավերդյան: Ապրիլի 18-ին բողոքի քննությունն է:
Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը, այն, որ Ռ. Տուդոյանը մեկ տարի առաջ նույն այս օրը Վարդենիսի Լեռնագործների փողոց 1/2 հինգհարկանի շենքի տներից մեկն է մտել զուգագուլպայով՝ գլխին սեւ գույնի, աջ ձեռքին դանակ, ձախ ձեռքին դեզադոր, որը փչել է տուժողի աչքերի մեջ, նրան հրել՝ գցել է գետնին, քաշել պոկել է պարանոցի ոսկյա շղթան խաչով, ոսկյա ականջօղերը: Տուժողը դիմադրել է, հանել է «ահաբեկչի» զուգագուլպան՝ կարմիր մազեր ուներ:
Նա պահանջել է տան ամբողջ ոսկեղենն ու գումարը, ահաբեկված՝ տուժողը նրան նաեւ տվել է խոհանոցի պահարանում դրված՝ իրենց ունեցած 70.000 դրամ գումարը: Ոսկեղենի մոտավոր արժեքը 300.000 դրամ է:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.03.2024