Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Իսկական «ընկերներն» ու «թշնամիները» դժբախտության մեջ են երեւում

Մարտ 29,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Ռուսաստանում նոր մարտահրավերներ կարող են ստեղծվել հենց թուրքական շահի սպասարկման ու ապահովման համատեքստում

Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը նույնիսկ ՌԴ իշխանություններն օգտագործում են երկրորդ երկրների հետ հարաբերություններում առկա խնդիրները վերհանելու, նոր պահանջներ ներկայացնելու համատեքստում:

Ահա, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը aif.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ Երեւանում կգերիշխի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: «Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է…»։

Պեսկովը նաեւ հիշեցրել է, որ կովկասյան տարածաշրջանն այժմ իր վրա է գրավում տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը, ինչն ազդում է Ռուսաստանի հետ այդ տարածաշրջանի պետությունների հարաբերությունների վրա: «Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն եւ բարգավաճում բերել»,– ասել է նա։

Հայաստանի նկատմամբ «կայուն» եւ հետեւողական քննադատությունների, դժգոհությունների ֆոնին Կրեմլի խոսնակը մի կողմից հիշեցնում է, թե Հայաստանը Ռուսաստանի համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր լինելը, թեեւ երկու երկրներն էլ այժմ ապրում են հարաբերությունների բավականին բարդ շրջան», սակայն մյուս կողմից, արդեն որերորդ անգամ ռուսական բարձրագույն իշխանությունը Հայաստանին, փաստացի, սպառնում է: «Այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Այս հայերի տնտեսական ակտիվությունը դեռ ապահովում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը՝ տարեկան մինչեւ մի քանի միլիարդ դոլար», – ասել է Պեսկովը՝ շարունակելով. «Հուսով ենք՝ Երեւանը քաղաքական կամք կդրսեւորի՝ շարունակելու հարաբերությունների զարգացումը, եւ մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»։

Այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը Ռուսաստանի ուղղությամբ է, եւ հատկապես հայաստանցիներին կհետաքրքրեին հրապարակված մի շարք տեղեկությունների վերաբերյալ Մոսկվայի արձագանքը: Մասնավորապես, ռուսաստանյան իշխանամերձ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Crocus City Hall համերգասրահի վրա հարձակում գործած խմբի ղեկավարը, ինչպես պարզել էին քննիչները, Շամսիդին Ֆարիդունին է, իսկ համակարգողները կապ են հաստատել նրա հետ, երբ նա եղել էր Թուրքիայում։ Այսինքն, հենց նա է կապ պաշտպանել պատվիրատուի հետ: Շամսիդինը նրանց է տրամադրել պատվիրատուի վերջնական պլանը՝ բաժանված դերերով։ Մեղադրյալը Մոսկվա է ժամանել մարտի 4-ին, որի մասին ասել է հարցաքննության ժամանակ, իսկ մարտի 7-ին նրան ֆիքսել էր Crocus-ը նկարահանող լուսանկարիչը։ Դատելով տեսախցիկներից` ընդհանուր առմամբ, նա Ֆայզովի հետ ահաբեկչությունից առաջ համերգասրահ են այցելել առնվազն 5 անգամ:

WarGonzo տելեգրամյան ալիքը հայտնեց, որ ահաբեկիչները երկու ամիս մարզվել են Ստամբուլում։ Ավելին, նույն աղբյուրը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում Ստամբուլի տարածքում վերացվել են ահաբեկիչներ նախապատրաստող ճամբարները։

Այդ օրերին փոխանցեցին Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե` «չեն հանդուրժի երկրում ոչ մի ահաբեկչի»։ Հաղորդվում էր նաեւ, որ խմբավորումների ցանցի ու նրանց ուսումնական վայրերի մասին տեղեկությունը թուրքական կողմը փոխանցել է Մոսկվային։

Այսինքն, պաշտոնական Անկարան Մոսկվային է փոխանցել երկու ահաբեկիչների մասին տվյալներ, այս տեղեկությունը հայտնեց նաեւ թուրքական HՖrriyet թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նաեւ հավելում էին, թե ահաբեկիչները Մոսկվայից մեկնել էին Թուրքիա, իսկ հետո կրկին վերադարձել ՌԴ մայրաքաղաք։ Նշվում էր. «Ընդ որում, նրանք Թուրքիայի տարածքում գտնվելու որեւէ գրանցում կամ օրինական հիմնավորում չունեն, նշում է պարբերականը։ Մոսկվայի կողմից այդ անձանց վերաբերյալ նախապես որեւէ նախազգուշացում չի եղել»։

Ռուսական փորձագիտական, իշխանական վերնախավում, ինչպես երեւում է, այս թեմաների շուրջ ծավալվելու, վերլուծելու հարցում լուրջ ու անհասկանալի զսպվածություն, ավելի ճիշտ` կաշկանդվածություն կա: Crocus City Hall-ի սեփականատերը Արազ Ագալարովն է, որն իր որդու՝ Էմինի, Իլհամ Ալիեւի նախկին փեսայի հետ, ահաբեկչությունից անմիջապես հետո շտապեց դեպքի վայր ու անհասկանալի մեկնաբանություններով էր հանդես գալիս, որպեսզի մեղմի ռուսական հասարակությունում դժգոհությունը` համերգասրահի պատշաճ անվտանգային համակարգի աշխատանքի վերաբերյալ եւ դրանց գործունեությունն ապահովողների նկատմամբ: Այս դժգոհությունները, պահանջները ռուս հասարակությունը կարողանում է արտահայտել բացառապես համացանցում` սոցիալական կայքերի միջոցով:

Իսկ ռուսական քաղաքական, փորձագիտական, լրագրողական դաշտի համար քննարկումների, հրապարակային բանավեճի համար «քարերը» նետված են բացառապես Արեւմուտքի ուղղությամբ: Նրանց հանձնարարված է «մտորել» Ուկրաինայի ու Արեւմուտքի ուղղությամբ, միայն այս գծում «անհանգստություններ», «մտահոգություններ» արտահայտել:

Կգտնվի՞ ռուսաստանցի որեւէ մեկնաբան, փորձագետ (իշխանության ներկայացուցիչ, բնականաբար, բացառվում է), որն օրինակ՝ կարծիք կհայտնի, որ այսօր, ըստ էության, գոյություն ունի միայն մեկ պետություն, որը կարող է մարտահրավեր նետել Ռուսաստանին Հարավային Կովկասում, եթե շատ ցանկանա: Եվ ի դեպ, այդ մարտահրավերը Թուրքիան 2020-ին արդեն նետել է, տարածաշրջան տեղափոխելով իսլամական ահաբեկչական զինված տարբեր խմբավորումներ, որոնք էլ պատերազմ էին մղում ընդդեմ Արցախի:

Պուտին-Էրդողան ջերմ ու եղբայրական հարաբերությունները, գոնե հրապարակային, բարձր մակարդակի վրա են: Բայց դա չի խանգարում Էրդողանին, որպեսզի նա ռազմական աջակցություն ցուցաբերի Կիեւին։ Սակայն Ռուսաստանում միայն դժգոհում են Ուկրաինային ցուցաբերած Արեւմուտքի աջակցությունից: Մոսկվան անընդհատ սպառնում է ՆԱՏՕ-ին` փորձելով հակազդել նրա ակտիվությանը, սակայն Ռուսաստանում լռեցին Ադրբեջանի` ՆԱՏՕ-ական մակարդակի բանակի արդիականացման եւ արցախյան պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակի ներգրավվածության առիթներով:

Եվ ի վերջո, Թուրքիային տարածաշրջան վերադարձրել է անձամբ Պուտինը եւ այսօր էլ Մոսկվան է Անկարայի դիրքերն ամրապնդում Հարավային Կովկասում, դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով: Սա ռուս-թուրքական համաձայնություն է, ոչ թե մրցակցություն, եւ եթե նույնիսկ առկա է թաքնված որոշակի մրցակցություն, շահերի որոշակի բախում Մոսկվայի ու Անկարայի միջեւ, Թուրքիայի նվաճումներն ակնհայտ են, եւ դրանցում մեծ դերակատարում է ունեցել հենց Մոսկվան` ներելով ընդդեմ ռուսական պետության Անկարայի կողմից մի շարք գործողություններ, որոնք երբեք չէին ների, եթե դրանք իրականացվեր Արեւմուտքի կողմից։

Իսկ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Ռուսաստանում նոր մարտահրավերներ կարող են ստեղծվել հենց թուրքական շահի սպասարկման ու ապահովման համատեքստում: Պարզապես հիմա դրա մասին Ռուսաստանում ոչ ոք չի բարձրաձայնում:

Փոխարենը, այժմ «ամենահարմար» պահն է, օրինակ, հայտնելու, որ Ռուսաստանը Թուրքիայում եւս մեկ ատոմակայան կկառուցի… Օրերս Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարն է այդ տեղեկությունը հայտնել: «Չի բացառվում, որ Ռուսաստանը Թուրքիայում եւս մեկ ատոմակայան կառուցի», – ասել է նա, հավելելով, որ առաջիկայում Անկարան «վերջնական ըմբռնման կգա, թե Սինոպում եւ Թուրքիայում նախագծված ատոմակայանները որ երկրների ընկերություններն են կառուցելու»։ «Սինոպի ԱԷԿ-ի նախագծման հարցում Թուրքիան լուրջ առաջընթաց է արձանագրել եւ այժմ երկխոսություն է ընթանում «Ռոսատոմ» ընկերության, մի շարք այլ շահագրգիռ կողմերի հետ», – նշել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը` նշելով, որ Մոսկվայի հետ շփումներում ներգրավվել են նաեւ «Ակկույու» ատոմակայանի շինարարությամբ զբաղվող աշխատանքային խմբերը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահին, ապա ուշագրավ էին Crocus City Hall համերգասրահում ահաբեկչությունից հետո Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում նրա որոշ ուղերձները: Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ զրույցի ընթացքում «Էրդողանն ասել է, որ հարձակումը ցույց է տվել տարածաշրջանում ճգնաժամերը հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով վերջ տալու անհրաժեշտությունը»։ «Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում՝ հասկանալով դրա բոլոր տեսակներին եւ դրսեւորումներին առանց բացառության հակազդելու անհրաժեշտությունը»,- ասվում էր հայտարարության մեջ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031