Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական ծախսերի բաշխման հարցին կանդրադառնան գործի նոր քննության ընթացքում

Մարտ 29,2024 14:00

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախադեպային դիրքորոշումը

Փաստաբանները իրավաբանական ծառայություն մատուցելու պայմանագրի պայմաններում անգամ, երբեմն ստիպված են լինում առանձին հայց ներկայացնել իրենց վստահորդների դեմ, քանի որ ներգրավված լինելով դատական գործընթացներում, դատարանները մերժում են նրանց խելամիտ վարձատրության գումարի պահանջը բավարարել: Այդպիսի մի գործ օրերս լսվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում:

Վճռաբեկ դատարանը մարտի 12-ին թիվ ԵԴ/17007/02/20 քաղաքացիական գործով բողոքը բավարարեց մասնակիորեն, բեկանեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը եւ գործն ուղարկեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։ Երեկ տեղեկացանք, որ եռահատոր գործը մարտի 18-ին է մակագրվել Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին:

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով գործի վարույթը կարճելու դեպքում գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի հարցին, որպես դատական ծախս բաշխելու հարցը լուծված չլինելու պայմաններում այդ հարցը լրացուցիչ վճռով (որոշմամբ) լուծելու իրավական հնարավորությանը, իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելիս, պետք է նաեւ լուծվի դատավարության մասնակիցների միջեւ դատական ծախսերի բաշխման հարցը, եւ բոլոր այն դեպքերում, երբ դատարաններն այդ հարցը չեն լուծում կամ թերի են լուծում, դատարանն ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ կողմի միջնորդությամբ ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լրացուցիչ որոշում կայացնելու իրավունք։

Գործի նախապատմությունը հետեւյալն է. Եսթեր Ալեքսանյանը հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ պատասխանող Ս. Կ-ի, հայցելով՝ պարտավորեցնել պատասխանողին վերացնել Երեւանի Վարդանանց փողոցի իքս -հասցեում գտնվող շենքի դիմացից ապօրինի մուտքի բացման, նկուղի քանդման, ձեւափոխման խախտումները՝ հողամասը եւ շենք-շինությունները բերելով նախկին տեսքի: Հայցադիմումը դատարան էր մուտքագրվել դեռեւս 2020թ. հունիսի 11-ին: Դիմելով դատարան` կողմը պահանջել է կայացնել լրացուցիչ դատական ակտ` լուծելով դատական ծախսերի հարցը, այն է՝ Ե. Ալեքսանյանից հօգուտ իրեն բռնագանձել 500.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Դատարանի որոշմամբ լրացուցիչ դատական ակտ կայացնելու մասին փաստաբանի միջնորդությունը մերժվել էր: Այն մերժվել էր նաեւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ, իսկ դատարանի 2021 թվականի հունիսի 28-ի «Լրացուցիչ դատական ակտ կայացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ: Այս գործով Վահագն Ատոմյանը վճռաբեկ բողոք է ներկայացնում: Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվում…

Ըստ բողոքաբեր փաստաբանի, Վերաքննիչ դատարանը խախտել էր Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 64-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ ու 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:

Ատոմյանը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանին ժամանակին ներկայացրել է այլ փաստաթղթերի հետ իր «իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը», նշելով, որ անկախ արդյունքից, հայցապահանջը եթե անգամ մերժվի, կամ բավարարվի, դատարանը պարտավոր է անդրադառնալ փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին։

Բողոքաբերը գրել էր. «Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվել է միայն դատարանին, որի օրինակն իրեն եւ կողմին կամ իրենց ներկայացուցիչներին մինչեւ դատական նիստը չի ուղարկվել։ Հետեւաբար ոչ իրենք եւ ոչ էլ իրենց ներկայացուցիչները մինչեւ դատական նիստը տեղեկացված չեն եղել այդ դիմումի մասին, որպիսի իրավիճակում հնարավոր չի եղել կանխատեսել, որ հայցվորը հայցից հրաժարվելու մտադրություն է ունեցել ու, որ սույն քաղաքացիական գործի վարույթն այդ հիմքով պետք է կարճվի»:

Դատարանը, որոշում կայացնելով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին՝ դատական ծախսերի հարցը, ըստ էության, համարել է լուծված այդ պատճառաբանությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Տվյալ դեպքում թեկուզեւ դատարանը հրավիրել է դատական նիստ, եւ իր կողմից կայացված դատական ակտի եզրափակիչ մասում դատական ծախսերի հարցը համարել է լուծված վերը նշված պատճառաբանությամբ, սակայն ինչպես դատական ակտի պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասում համապատասխան ապացույցի առկայության պայմաններում ըստ էության չի անդրադարձել դատավարության մասնակիցների միջեւ Վ. Ատոմյանի պահանջած դատական ծախսի բաշխման եւ այն լուծելու հարցերին»:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաեւ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, համաձայն որի, դատարանը կայացնելով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշում, դատական ծախսերի հարցը որոշման եզրափակիչ մասում համարել է լուծված, ուստի լուծված է համարվել նաեւ փաստաբանի վարձատրության բաշխման հարցը՝ «թերի լուծված կամ չլուծված դատական ծախս չի մնացել, որի պայմաններում բացակայում է լրացուցիչ որոշում կայացնելու հիմքը»: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ սույն գործով անհրաժեշտ է գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի հարցը լուծելու նպատակով լրացուցիչ որոշում կայացնելու համար գործը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031