Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս է որոշվում, թե որ պատերազմն է արժանի ուշադրության, որը՝ լռության». Անի Ասատրյան

Մարտ 29,2024 12:30

ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից» նախագիծը։

Այն իրականացնող կոնսորցիումի գործընկերներն են «ԱՐԻ գրականության հիմնադրամը» Հայաստանից, «Վրաստանի գրական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը Վրաստանից եւ «Կոմորա» հրատարակչությունը Ուկրաինայից։

Նախագծի շրջանակներում, որն արդեն իրականացման փուլում է, տեղի են ունենում վեբինարներ եւ վերապատրաստման դասընթացներ նկարազարդողների, գրողների համար՝ կոմիքսների եւ գրաֆիկական պատմությունների ստեղծման, առաջխաղացման, մարքեթինգի եւ այլ հարակից թեմաների շուրջ:

Նախագծի վերջնական արդյունքը կլինի կոմիքսների գիրք, որում տեղ կգտնեն կին հեղինակների գրաֆիկական պատմություններ ծրագրի մասնակից երկրներից։ Պատմությունները կներկայացնեն կանացի հայացք պատերազմին՝ նրանց դերը ու պատերազմների ազդեցությունն իրենց կյանքի վրա:

Անի Ասատրյանն ու իր պատմվածքի նկարազարդող Աստղիկ Հարույթունյանը

Մենք ներկայացրել էինք վրացի եւ ուկրաինուհի գրողների՝ պատերազմի եւ խաղաղության մեջ ապրող, արարող ու պայքարող կնոջ մասին իրենց պատկերացումները։ Ներկայացնենք նաեւ մեր հայրենակցուհու հայացքը՝ առանց միջամտության։

«Պատերազմը բացառապես բոլորական երեւույթ է: Բոլորական երեւույթի հանդեպ հնարավոր չէ ունենալ մասնավոր դիտակետ: Տարօրինակ ժամանակներում ենք ապրում: Ըստ բնույթի՝ մասնատ ժամանակներում: Ի՞նչ է տեղի ունենում բոլորականության հետ, երբ միեւնույն երեւույթին, միեւնույն իրադարձությանը հնարավոր է փաթաթել նույնքան տեսակետ, որքան խոսող բերաններ գոյություն ունեն: Այսօր, երբ որեւէ մեկ եզակի իրադարձության, ներառյալ ողբերգական իրադարձությունները, իրականությունը շրջափակվում է դրա շուրջ մառախուղի պես գոյացող մեկին միլիոն մեկնաբանությունների, տեսակետների ու դիտանկյունների քուլաներով, առավելապես բարդ է, եթե ոչ՝ անհնար, այդ քառսուն գոմշի կաշվի ներքո առերեսվել երեւույթի բնությանը:

Հենց այս մոտեցումն է այն հիմքը, որի շուրջ կառուցվել է ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում իրականացվող «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից» նախագծի շրջանակներում հայկական պատմության ստեղծագործական ռազմավարությունը, ձեւն ու բովանդակությունը: Այս մոտեցման մշակման հիմքում այն խորքային գիտակցումն է, որ չնայած այսօր մեծապես խրախուսելի է երեւույթներն ու իրադարձությունները դիտարկելը մասնավոր եւ անձնական տեսանկյան զտապակիների միջով, նման մոտեցումները հղի են, ի շահ պատումի եւ անձնական վաստակի, ինքնին իրողությունների աղճատման վտանգով:

Երբ դեռեւս 20-րդ դարում մեծ արագությամբ իրականացվում էր  զանգվածայինացման հնարքով դասական արվեստային միջոցների գործիքայինացման քաղտնտեսական նախագիծը, արվեստի որոշ ճյուղեր՝ որոշ ավանդույթների շրջանակներում, փոխակերպման փորձեր արեցին: Երբ գեղանկարչության միջոցները սկսեցին զանգվածային կերպով քարոզչական նպատակներին ծառայեցվել, գեղանկարիչները ստիպված էին փոխակերպել սեփական արտահայտչամիջոցները: Նույնպիսի ընթացքներն ու լուծման եղանակները չշրջանցեցին նաեւ պատումային արվեստները: Այսօր, երբ նշյալ իրավիճակն այլեւս փաստ էր, եւ թվում էր, թե հարաբերական հաստատուն հետվիճակային ժամանակներում ենք տեղակայվել,  բնական լեզվի մշակման ոլորտի տեխնոլոգիական զարգացումներին հետեւեց գերզանգվածայինացման եւ շուկայականացման խողովակներով արվեստային միջոցների իսպառ գործիքայինացման մի նոր ալիք, որն իր մասշտաբներով եւ շոշափուկների քանակով անհամեմատելի է նախորդ՝ արդիության եւ հետարդիության շրջանների ալիքներին: Այսօր՝ ստեղծված իրավիճակում, երբ պատմող են բացառապես բոլորը, երբ պատմությունները ստեղծվում են բացառապես հայտնի ալգորիթմերի հիմքով, ըստ նպատակի, եւ միաժամանակ կարող են արտադրվել միեւնույն իրողության այն քանակի պատումներ, որ քանակի պատմողներ կարող են միաժամանակ գոյություն ունենալ, հարց է առաջանում, թե ի՞նչ է փոխվում, երբ այնպիսի երեւույթներն ու իրողությունները, որ ի բնե բոլորական են, որոնցից է պատերազմը, մասնատվում են այս հազարավոր անձնական տեսակետների բազմապատիկ զտապակիների բյուրապատիկ բեկորակների միջեւ: Տվյալ իրավիճակում բարդ է, եթե ոչ գրեթե անհնար, երբ ստեղծագործելու փորձ ես անում ոչ միայն այնպիսի մի ոլորտում, որտեղ գործ ունես միաժամանակ լեզվի, պատումի եւ պատկերի հետ, այլեւ աշխատանքի նյութն այնպիսի մի բոլորական իրողություն է, ինչպիսին է պատերազմը, եւ զուգահեռաբար կա արվեստը գաղափարախոսական զտապակիներին չենթարկելու հստակ ներքին որոշում:

Ինչո՞վ են տարբերվում պատերազմները: Ինչպե՞ս է որոշվում, թե որ պատերազմն է արժանի ուշադրության, որը՝ լռության: Որտե՞ղ է գտնվում ուշադրության տնտեսության կարգավորման կենտրոնը: Արդյո՞ք կախված բնակության տեղանքից իջնում կամ բարձրանում է ռումբերի տակ ապրող երեխաների կյանքի արժեքը: Արդյո՞ք ռումբերի ներքո ապրողների արժեքը որոշարկվում է նրանց ոտքերի տակ բաշխված հողի ընդերքում առկա կամ բացակա հումքանյութի պաշարների ծավալով: Ի՞նչն է պատերազմական պատմություններով մեր այսչափ տարվածության պատճառը: Այն կանխելու անկարողությո՞ւնը, անտանելի իրականությունից փախուստի ցանկությո՞ւնը, ապրումակցման պատրանք ստեղծելու մղո՞ւմը, թե՞ զգացմունքային սովը: Արդյո՞ք այս ամենը եւս պատերազմի մի երեսակ է: Արդյո՞ք որեւէ մեկի անձնական պատմությունն առավել արժանի է ուշադրության, քան մեկ ուրիշինը: Ի՞նչ կփոխվի, եթե մենք պատերազմի բոլոր քառասուն երանգների մասին պատմող պատմություններ գրենք բոլոր հավանական դիտանկյուններից՝ բոլոր հավանական լեզուներով եւ բոլոր հավանական արվեստային միջոցներով: Այս հարցերն են բարձրացնում Հայաստանը ներկայացնող պատմության հերոսները՝ կողմ դնելով պատմություն պատմելու հնարքների միջոցով զգացմունք քամելու գայթակղությունը՝ փորձելով անդրադառնալ պատերազմի բոլորական էությանը՝ խուսափելու համար մաս կազմելուց մասնատ մասնապատումների մասնահանդեսին»:

Տեղեկացնենք, որ Անի Ասատրյանն անկախության սերնդի գրող է եւ «տեքստ արտիստ»։ 2014թ.-ին լույս է տեսել հեղինակի առաջին անվերնագիր՝ «    » պատմվածքների եւ էսսեների կոնցեպտուալ- դադաիստական ժողովածուն: Ավանգարդ գրականության ժողովածուն, որտեղ ամփոփված են հեղինակի 19-21 տարիքային շրջանի սյուրռեալիստական ժանրի կարճ պատմվածքներն ու էսսեները, լույս է տեսել ամբողջությամբ ջնջված: Այդուհանդերձ, ջնջված գրքի ողջ տպաքանակը սպառվել է շնորհանդեսի օրը, իսկ մեդիա տիրույթում այն հայտնի է դարձել «չկարդալու գիրք» ձեւակերպմամբ: Անին ստացել է Երեւանի պետական համալսարանի մշակութային մարդաբանության բակալավրի աստիճան եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի մագիստրոսի կոչում: Ունի մագիստրոսի կոչում դիմանկարների եւ լանդշաֆտային լուսանկարչության, բանաստեղծական վավերագրական ֆիլմերի ստեղծման եւ թվային մեդիա պատմությունների բնագավառում Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանից: Անին ստեղծագրություն է դասավանդում ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոնում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031