Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքականության «գործակալական» դիսկուրսը

Մարտ 29,2024 10:00

1990 թվականից առ այսօր, այսինքն՝ արդեն 34 տարի, քաղաքական շրջանակներից ես լսում եմ «գործակալ» բառը։ «Գործակալ» («ագենտ») ասելով՝ այդ շրջանակները նկատի ունեն մարդկանց, որոնք մեր երկրում ինչ-որ գործունեություն են ծավալում, որը հակասում է ՀՀ պետական շահերին։

Եթե հանենք զուտ քաղաքական բաղադրիչը, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կան տարբեր երկրների գործակալներ, ինչպես որ, հուսով եմ, այլ պետություններում աշխատում են մեր գործակալները։ Ապացուցել, որ այսինչ անձնավորությունը գործակալ է՝ զուտ քաղաքական կամ լրագրողական մակարդակով հնարավոր չէ։ Եվ հակառակը՝ եթե ձեր երեսին շպրտում են, որ դուք, ենթադրենք, «ФСБ-ի ագենտ եք», դուք չեք կարող գնալ Լուբյանկա եւ տեղեկանք վերցնել, որ «այդպիսին չեք»։

Հայաստանում գործում են մի շարք հ/կ-ներ, որոնք մինչեւ 2018 թվականը խիստ ընդդիմադիր էին, իսկ հիմա՝ իշխանությանը բավականին լոյալ։ 2013-2018 թվականներին մեր երկրում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ըստ էության, պնդում էր, որ այդ հ/կ-ները արեւմտյան գործակալներ են եւ կոչ էր անում ՀՀ իշխանություններին’ միջոցներ ձեռնարկել։

Ես իմ պատկերացումներն ունեմ քաղաքացիական հասարակության մասին, բայց կարելի է վստահաբար ասել, որ Վոլինկինի պնդումները մաքուր լկտիություն էին եւ չէին համապատասխանում դիվանագետի կարգավիճակին:

Ժամանակները փոխվել են, եւ այսօր իշխանությունների ներկայացուցիչներն ու քարոզիչներն են աջուձախ «Ռուսաստանի գործակալի» պիտակ կպցնում իրենց բոլոր ընդդիմախոսներին: Կամ՝ նույնիսկ նրանց, ովքեր ձայն չեն հանում, բայց, իշխանավորների կարծիքով, իրենց համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Օրինակ, իրենց իսկ մեղքով Արցախից բռնահանվածները:

Երբեմն դա արվում է «թշնամի երկիրը» ուղիղ նշելով, երբեմն էլ՝ կիրառվում են մշուշոտ ձեւակերպումներ՝ ասենք, «արտաքին որոշ խաղացողներ»: Հաստատ խոսքը Ֆրանսիայի մասին չէ:

Այդ «գործակալական» դիսկուրսը զգալիորեն իջեցնում է քաղաքական բանավեճի մակարդակը եւ հասարակությանը մղում է զուտ էմոցիոնալ դաշտ: Ավելի ճիշտ կլինի ասել՝ պարանոյայի ճահիճ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031