Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ խնդիրներ են առաջացնում բոտուլոտոքսինի սխալ ներարկումներն ու ինչպես խուսափել դրանցից․ պլաստիկ վիրաբույժը՝ անվտանգ գեղեցկության կարևոր կանոնների մասին

Մարտ 29,2024 09:30

Հայաստանում այսօր «գեղեցկության ներարկումները» հասանելի են գրեթե յուրաքանչյուրին, և շատերն են օգտվում էսթետիկ բժշկության ընձեռած հնարավորություններից, որոնք թույլ են տալիս, օրինակ, բոտուլոտոքսինի մեկ-երկու ներարկումների միջոցով վերացնել տարիքային անխուսափելի փոփոխություններն ու դեմքին վերադարձնել այնքան բաղձալի երիտասարդությունը։ Սակայն ամբողջ աշխարհում, այդ թվում և մեր երկրում գնալով շատանում են դեպքերը, երբ ցանկալի արդյունքի փոխարեն բուժառուները բախվում են անսպասելի բարդությունների՝ նյարդաբանական խնդիրներից մինչև վատագույն ելք։ Կարևորելով խնդիրը՝ զրուցել ենք Առողջապահության ազգային ինստիտուտի Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանի հետ, որի նախաձեռնությամբ վերջերս հրապարակվել է «Բոտուլոտոքսինի կիրառումն էսթետիկ բժշկության մեջ» ձեռնարկը։

Կարեն Արամի, այսօր բազմաթիվ են մարդիկ, որոնք ցանկանում են  քողարկել իրենց դեմքի վրա դրսևորվող տարիքային կամ այլ փոփոխությունները, և նրանց մեծ մասին հասանելի են, օրինակ, բոտուլոտոքսինի ներարկումները։ Սակայն ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում բոտուլոտոքսինի բումն ավելի ու ավելի շատ բարդություններ է առաջացնում։ Այս ոլորտում ո՞ր խնդիրներն են առավել արդիական մեր երկրի համար։ 

-Հայաստանում այսօր մոտավորապես 1500 մարդ է զբաղվում բոտուլոտոքսինի ներարկումներով։ Այդ մարդկանց թվում կան մասնագետներ՝ բժիշկներ, բայց մեծ մասը չունի բժշկական կրթություն, և շատերն, անցնելով մի քանի շաբաթվա վերապատրաստում, ներարկումներ են կատարում։

Այս խնդիրը մեզ մոտ օրենքով չի կարգավորվում։ Մենք բազմիցս դիմել ենք նախարարությանը, քաղաքի բուժվարչությանը՝ խնդրելով այդ վերահսկողությունը մեզ փոխանցել, քանի որ մենք, ծավալելով ինչպես մասնագիտական, այնպես էլ գիտական գործունեություն, այդ հարցերը կկարողանանք լուծել՝ հնարավորինս զերծ պահելով մարդկանց անգրագետ միջամտություններից ու բուժումներից, սակայն դեռևս պատասխան չենք ստացել, բայց բազմիցս բախվել ենք անգրագետ, ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով առաջացած խնդիրների։

Ինչպես գիտենք, բոտուլոտոքսինը թույն է, որի գերդոզավորումը բուժառուին կարող է հանգեցնել մահվան։ Հայաստանում էսթետիկ նկատառումներով բոտուլոտոքսինի ներարկման հետևանքով մահվան դեպքեր դեռևս չեն գրանցվել, բայց աշխարհում արդեն նկարագրվում են նման դեպքեր, երբ տոքսինի գերդոզավորման հետևանքով մկանային կանգ ու մահ է առաջացել ներարկումից հետո։ Այսօր մենք շատ ենք հանդիպում բարդացած դեպքերի, սխալ իրականացված ներարկումների, գերդոզավորման հետևանքով առաջացած խնդիրների, որոնք կարողանում ենք լուծել տեղային ուժերով, ինչպես նաև բարդությունները հաճախ շատ մեծ արձագանք չեն գտնում, քանի որ բոտուլոտոքսինի ազդեցությունը ժամանակավոր է։

-Իսկ ի՞նչ դրսևորումներ են ունենում այդ խնդիրները։ 

-Հիմնական խնդիրներից մեկն անհամաչափությունն է, որը տարբեր դրսևորումներ է ունենում և առաջանում է սխալ ներարկումների հետևանքով։ Բոտուլոտոքսինը պետք է սրսկել մկանների մեջ, որ ազդի, սակայն հաճախ ներարկում են ենթամաշկի տակ կամ հասնում են մինչև ոսկորը։ Ասիմետրիայից զատ՝ մեզ դիմում են  հեմատոմաներով, պարեզներով և այլն։ Սխալ ներարկումների հետևանքով առաջանում է մկանի ֆունկցիայի ժամանակավոր խանգարում, և երբ մի կողմը չի աշխատում, մյուս կողմը փորձում է ֆունկցիան իր վրա վերցնել՝ դառնալով հիպերակտիվ։ Ինչպես նշեցի, հաճախ իրավիճակը փրկում է այն, որ բոտուլոտոքսինի ազդեցությունը ժամանակավոր է: Ինչպես նաև գոյություն ունեն տարբեր մեթոդներ՝ ֆիզիոթերապիա, վիտամինոթերապիա, բոտուլոտոքսինի անտիդոտ, որոնց միջոցով այդ բացասական ազդեցությունները հասցվում են նվազագույնի։

Լուսանկարը՝ համացանցից

-Բարդություններից, հիշյալ խնդիրներից խուսափելու համար մարդն ի՞նչը պետք է հաշվի առնի՝ բոտուլոտոքսինի ներարկումներ ստանալուց առաջ։

-Առաջին պայմանը մասնագետի ընտրությունն է։ Ներարկումը պետք է անի մասնագետը, որն ունի բժշկական կրթություն ու փորձ։ Երկրորդ կարևոր պայմանը հենց բուն պատրաստուկի ընտրությունն է։ Պետք է համոզվել, որ ներարկվող նյութը հավաստագրված է, ճիշտ պահպանման եղանակով է հասել բուժառուին, ճիշտ է նախապատրաստվում և օգտագործվում։ Ինչո՞ւ եմ սա կարևորում, քանի որ հիմա շատ կան անհայտ ծագման պատրաստուկներ, որոնք չգիտես, թե ինչ եղանակով են հասնում մեզ մոտ։

Եվ երրորդ կարևոր պայման եմ համարում ցուցումը․ բոտուլոտոքսինի ներարկումը նպատակահարմար է, եթե կան ճակատային մկանի, միջհոնքային հատվածի հիպերակտիվություն, տարիքային փոփոխություններ և այլն։

Իհարկե, չմոռանանք, որ թեև բոլորս էլ ունենում ենք տարիքային փոփոխություններ, և այդ ներարկումները հենց դրանք քողարկելու համար են, սակայն չի նշանակում, որ դրանք անհրաժեշտ են 20-25 տարեկան աղջիկներին, որոնք հաճախ հենց դրա համար էլ մեզ դիմում են, և երբ հրաժարվում ենք կատարել միջամտություն՝ հաճախ գնում ու ներարկվում են որևէ մի կենտրոնում՝ ոչ մասնագետի մոտ՝ վտանգի ենթարկելով իրենց առողջությունը։

Ինքս խորհուրդ եմ տալիս բոտուլոտոքսինի ներարկումները սկսել 35 տարեկանից, քանի որ մենք նաև պետք է հաշվի առնենք, որ տարիների ընթացքում կամաց-կամաց այդ դեղն ավելի քիչ է ազդելու մկանների վրա, և նպատակահարմար չէ այդքան վաղ տարիքից սկսել այդ նյութի ներարկումները, որոնց ազդեցությունը ժամանակի ընթացքում նվազելու է։

Ակնաբույժ և շլաբան Ալան Բ․ Սքոթն առաջինն է օգտագործել բոտուլոտոքսինը բժշկական նպատակներով և ուշադրություն դարձրել դրա հետագա պոտենցիալ հնարավորությունների վրա։

-Պատմությունը ցույց է տալիս, որ կանայք հանուն իրենց գեղեցկության երբեք էլ չեն խորշել թունավոր նյութերից, որոնք, սակայն, լրջորեն խաթարել են նրանց առողջությունը՝ երբեմն անգամ մահվան պատճառ դառնալով։ Արդյո՞ք բոտուլոտքսինն էլ երկարաժամկետ հեռանկարում չի խաթարի մարդկանց առողջությունը։ 

-Թերապևտիկ չափաբաժիններով կիրառվելու դեպքում՝ ոչ։

Մարդկությունը երկար դարերի փորձ ունի՝ հիմնված նաև սխալների վրա։ Ժամանակին կրծքագեղձի մեջ պարաֆին էին ներարկում, ու կանայք դրանից մահանում էին․․․ Բայց հիմա եկել է մի դարաշրջան, որտեղ նյութերն ավելի անվտանգ են, սակայն ամեն ինչ չափի մեջ է պետք անել, և հիմա էլ եթե այդ սահմանը խախտվի, կառաջանան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած նյարդամկանային իմպուլսի ժամանակավոր արգելափակումից, պարալիզից, ֆիլլերների միգրացիայից, բորբոքումից մինչև մահ։ Մենք չպետք է մոռանանք, որ բոտուլոտոքսինը կենսաբանական զենք է, և ի սկզբանե հենց այդպես էլ օգտագործվել է․․․

Ահա թե ինչու է կարևոր խնդրին լրջորեն մոտենալը։

Կ․ Ա․ Պետրոսյան, «Բոտուլոտոքսինի կիրառումն էսթետիկ բժշկության մեջ» (համահեղինակներ՝ Դավիթ Աբրահամյան, Մարգարիտ Ջզմաչյան, Էմիլ Հակոբյան)։

-Կարծում եմ, հենց այդ մոտեցումն էիք կարևորում՝ նախաձեռնելով «Բոտուլոտոքսինի կիրառումն էսթետիկ բժշկության մեջ» ձեռնարկի ստեղծումը։

-Այո, քանի որ էսթետիկ բժշկությունն ու վիրաբուժությունը շատ մեծ թափով են զարգանում՝ դառնալով հասանելի սոցիալական գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչներին, մեր ամբիոնի դոցենտի, բժիշկների հետ միասին որոշեցինք ստեղծել ձեռնարկը, որն ամփոփում է մեր ավելի քան 20 տարվա փորձը։  Մեզ հանդիպած բարդությունները, սխալներն ու թերությունները վերլուծելով՝ գրքում մենք ներկայացնում ենք ստանդարտիզացված այնպիսի մեթոդներ, որոնք նկարագրում են, թե ինչպես ճիշտ կիրառել բոտուլոտոքսինը, և ինչ չանել՝ ինչպես բժիշկների, այնպես էլ բուժառուների համար գոհացուցիչ արդյունք ստանալու համար։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031