Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստ է, որ նորից սկսվում է նույն հղփացման գործընթացը». Զարուհի Հովհաննիսյան

Մարտ 28,2024 23:30

«Ինչ ասեմ, ինքը մի քանի հազարից մեկն է: Սարսափելի բան չկա, թող փող աշխատի, գա էստեղ բիզնես դնի, հո մենակ ինքը չի արտագաղթել» ,- Armlur.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում կարտոֆիլի վաճառքով զբաղվող Արթուր Հակոբյանի արտագաղթին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 3-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ կարտոֆիլի վաճառքով զբաղվող Արթուր Հակոբյանի միջեւ միջադեպ էր գրանցվել: Պատգամավորը ոտքով հարվածել էր առեւտրականի պարկով կարտոֆիլներին եւ երկու պարկ կարտոֆիլ  թափվել էր փողոցում:

Հիշեցնենք, նաեւ որ միջադեպով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է, որ նախորդ իշխանությունների ժամանակ էլ նույնն էր, ոչինչ չի փոխվել: «Երբ իշխանության ներկայացուցիչների արարքներից, վարքագծից  մարդիկ տուժում էին եւ որեւէ կերպ իրավական համակարգում չստանալով արդարության վերականգնում՝  լքում էին երկիրը: Սա նոր երեւույթ  չէ, ամենացավալին այն է, որ այդ վարքագիծը քննադատող քաղաքական ուժը աստիճանաբար բուծում է նման իշխանական պատգամավորների, որոնք շատ հանգիստ կարող են ՀՀ քաղաքացուն ոչ միայն վիրավորել, ոչ միայն վնասել, այլեւ ստիպել կամ այնպիսի պայմաններ ստեղծել, որ երկրից դուրս գան… Փաստ է, որ նորից սկսվում է այդ նույն հղփացման գործընթացը, որ երկրում միայն պիտի նրանք իրենց լավ զգան, որոնք իշխանության կրողներն են կամ այդ կլանի ներկայացուցիչները»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

Մեր զրուցակցի խոսքով, ի սկզբանե, արդարություն հաստատելու մասին միայն կարգախոսները բավարար չէին, իշխանությունը ամենամեծ փորձությունն  է յուրաքանչյուր մարդու համար. «Այսինքն՝ մի համակարգի մեջ ես մտնում, երբ համակարգը առաջարկում է  բազմաթիվ արտոնություններ. արժեհամակարգային մոտեցման խնդիր է, թե ինչպես կվարվես այդ համակարգի հետ՝ կվայելե՞ս այդ արտոնությունները, թե՞ իշխանությունը կօգտագործես հօգուտ ժողովրդի ու կյանքի բարելավման: Մենք տեսանք, որ իշխանության կրողներն այն արժեհամակարգի կրողները չէին, ինչի մասին  բարձրաձայնում էին: Մտնելով համակարգի մեջ՝ հեշտորեն կարողացան ադապտացվել հենց այդ համակարգի արտոնությունների առաջարկած հնարավորություններին եւ մոռացան ցանկացած տիպի կարգախոսներ: Հաշվի առնելով , որ նախկինները երբեք չէին ծածանում արդարություն կարգախոս, կարծում եմ՝  այս իշխանությունները գերազանցեցին նախորդներին իրենց գործողություններով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031